
Պաշտոնյաների թռիչքներին, մեկ անձից կատարվող գնումներին վերաբերող տեղեկությունները ևս կարգելափակվեն

Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը պետական պաշտոնյաների օտարերկրյա գործուղումների մասին տեղեկությունը արգելափակելուց զատ, նպատակ ունի նաև հանրության համար արգելափակել պետական աշխատակիցների թռիչքների վերաբերյալ հաշվետվությունը և մեկ անձից կատարվող գնումների հաշվետվությունների որոշ տվյալներ:
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հուլիսի 2-ին ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարության կողմից ներկայացվել է «ՀՀ կառավարության 2012թ. օգոստոսի 30-ի N 1104-Ն և ՀՀ կառավարության 2016թ. սեպտեմբերի 22-ի N 982-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով հայտնել է, թե ԲՏԱ նախարարությունը նախաձեռնել է վերհանել e-gov.am և govtravel.am կայքում առկա զգայուն և ռիսկային տեղեկատվությունը, իսկի վերհանումից և հստակեցումից հետո իրականացրել է փոփոխություն հիշյալ տեղեկատվությունն արգելափակելու համար:
Նախագծի հիմնավորումներում նշված է, թե ԲՏԱ նախարարությունը, համագործակցելով ԱԱԾ-ի հետ, ուսումնասիրել է e-gov.am և govtravel.am կայքում ներկայացված զգայուն և ռիսկային տեղեկատվությունը:
Նախագծով կայացվել է որոշում մեկ անձից իրականացված գնումների հաշվետվություններում գնման առարկան, կատարման հիմքը, գնման պահանջի ծագման հիմքը և ամբողջական պայմանագրի պատճենը հեռացնել e-gov.am կայքից, քանի որ ԲՏԱ իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում դրանք համարվել են ռիսկային տվյալներ:
Սրանից զատ, նախատեսվում է e-gov.am կայքից ամբողջապես հեռացնել արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը՝ «ելնելով դրա կառուցվածքում ներկայացվող զգայուն տեղեկատվությունից (օբյեկտների հասցեներ, կազմակերպա-իրավական ձև, համարակալում և այլն)»:
Այս նախագծով e-gov.am կայքից կհեռացվի նաև օգտակար հանածոների և ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանման ու երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների անվանման, գործունեության հասցեների, թույլտվության, պայմանագրի տրման համարները և մնացյալ ամբողջ տեղեկատվությունը: ԲՏԱ նախարարությունն այս տեղեկատվությունը ևս համարում է ռիսկային և զգայուն՝ «ի վնաս ՀՀ պետական շահի տարբեր տնտեսական և քաղաքական վերլուծություններ իրականացնելու տեսանկյունից»:
Այս նախագծով հանրությունը նաև չի կարողանա gov.travel.am կայքից տեղեկություն ստանալ պետական աշխատակիցների թռիչքների վերաբերյալ: Այդ թռիչքների վերաբերյալ հաշվետվությունը, ըստ հեղինակների, իր մեջ պարունակում է թռիչքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, համարվում է զգայուն տվյալ՝ պայմանավորված առկա կիբեռ ռիսկերով: gov.travel.am կայքից կհեռացվեն ավիափոխադրողների, չվերթերի, ամրագրման կոդերի, ուղևորների քանակի, ընդհանուր կարգից շեղվելու դեպքում պատվիրատուի նշված հիմնավորման, արժեքի, Ազգային անվտանգության խորհրդի անդամ հանդիսացող անձանց և ՀՀ Կառավարության առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից գնված ավիատոմսերի վերաբերյալ տեղեկատվությունը:
«Որոշումներում փոփոխությունները նպատակ ունեն կանխել վերջին պատերազմով պայմանավորված անձնական և պետական տվյալների արտահոսքի հետ կապված առաջացած նոր ռիսկերը, ինչպես նաև թույլ չտալ այդ տեղեկատվությունը օգտագործել տնտեսական և քաղաքական վերլուծություններում ի վնաս ՀՀ պետական շահի: Տեղեկատվությանը հնարավոր կլինի ապահովել հասանելիություն լրացուցիչ հարցման միջոցով՝ տրամադրման անհրաժեշտության և նպատակների վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ ներկայացնելու դեպքում»,- նշված է նախագծի բնութագրությունում: