Ավելի քան 6 մլրդ դրամ՝ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության 2 տարվա գործունեության համար

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում երեկ տեղադրվել էր «Հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030թ. ռազմավարության» նախագիծը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի կողմից հեղինակած այս նախագծով, ինչպես նախագծի բնութագրման մեջ է նշված, փորձ է արվում «ձևակերպել երկրի պետական կառավարման համակարգի վերափոխման ու արդիականացման համապարփակ օրակարգը՝ նախանշելով ապագայի պետության կառուցման  ռազմավարական ուղեծիրը, առաջնահերթությունները և դրան հասնելու քաղաքականության փուլային օրակարգը»:

«Ռազմավարության մշակման համար առանցքային նշանակություն են ունեցել 2020 թվականին երկրին պատուհասած ճգնաժամերի՝ կորոնավիրուսի համավարակի և Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից սեպտեմբերի 27-ից սանձազերծած պատերազմի ընթացքում պետական կառավարման համակարգում դրսևորված լրջագույն մարտահրավերներն ու խորքային խնդիրների հետ առերեսումը»,- նշված է նախագծի բնութագրումներում:

Ըստ հեղինակների՝ այս ծրագրի մշակման անհրաժեշտությունը առաջացել է կառավարման ցածր արդյունավետությունից, ինստիտուցիոնալ ոչ բավարար կարողություններից, քաղաքականության մշակման և իրականացման համակարգի անարդյունավետությունից, հանրությանը պետության կողմից տրամադրվող ծառայությունների մատուցման անբավարար որակից ու արդյունավետությունից և հանրային ծառայության համակարգի անկատարությունից:

Որպես նախագծի մշակման անհրաժեշտություն՝ հիշատակված է նաև ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 4-րդ՝ «Ներքին բարեփոխումները» հոդվածը:

«Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության ընդունումը նաև ԵՄ «Աջակցություն Հայաստանի հանրային կառավարման բարեփոխումների իրականացմանը» ֆինանսական համաձայնագրի ընդհանուր պայմաններից է»,- նշված է  նախագծում:

Առաջին փուլով ներկայացված է Հանրային կառավարման բարեփոխումների (ՀԿԲ) ռազմավարության 2021-2023թթ. ճանապարհային քարտեզն ու արդյունքների շրջանակը: 5 տիրույթներով՝ քաղաքականություն, ծառայություններ, մարդիկ, ինստիտուտներ և ռազմավարության կառավարում, ներկայացված քայլերով նախագծի հեղինակները նպատակ ունեն հասնել գերազանց ծառայություններ մատուցող և առաջադեմ ժողովրդավարական գործելակերպով արդյունավետ հանրային կառավարման՝ ի նպաստ հանրային բարեկեցության աճի:

Մասնավորապես, ինչպես նշված է նախագծում, ակնկալվում է ունենալ՝

  • ռազմավարական պլանավորման և քաղաքականության իրականացման իրատեսական, արդյունավետ, կանխատեսելի և հաշվետու համակարգի կայացում
  • քաղաքացիակենտրոն, հասանելի, արդիական տեխնոլոգիական հենքով պետական և համայնքային ծառայությունների մատուցում
  • արհեստավարժ, հանրային շահի գիտակցմամբ, արժանապատիվ վարձատրությամբ՝ քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անկախ հանրային ծառայության կայացում
  • արդյունավետ պետական ինստիտուտների կայացում՝ «առավելագույն արժեք՝ փողի դիմաց» սկզբունքով
  • պետական համակարգում որակյալ մարդկային կապիտալի ձևավորման և պահպանման համար անհրաժեշտ կարողությունների զարգացման ինքնաբավ համակարգի կայացում
  • տեխնոլոգիատար և նորարար պետական կառավարման համակարգի կայացում
  • ռեսուրսարդյունավետ և կայուն հանրային կառավարում:

2021-2023թթ. ընթացքում նախատեսած ծրագրերը կյանքի կոչելու համար ընդհանուր առմամբ անհրաժեշտ է 6 մլրդ 190 մլն 500 հազար դրամ:

Այս գումարից 770 մլն-ը կամ անհրաժեշտ գումարի 12.4%-ը կհատկացվի պետական բյուջեից, իսկ մնացած 5 մլրդ 420 մլն 500 հազար դրամը կամ 87.6%-ը՝ օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

Այս գումարի 48%-ը կտրամադրվի ընթացիկ բնույթի ծախսերին, իսկ 52%-ը՝ կապիտալ բնույթի ծախսերին: Գումարը կօգտագործվի ՀԿԲ իրազեկման միջոցառումների իրականացման, ԿՀԲ ռազմավարության թարգմանության, պետական հատվածի շենքային ենթակառուցվածքների արդիականացման, կառավարության բրենդի և իմիջի կառուցման հայեցակարգի մշակման ու իրագործման, պետական հատվածում աշխատավարձի համակողմանի և խորքային վերլուծության, պետական հատվածում վարձատրության քաղաքականության մշակման, ծառայություններ մատուցող անձնակազմի ուսուցման և վերապատրաստման ծրագրի դասընթացների մշակման, սահմանափակ հասանելիություն և գաղտնիության ռեժիմ ունեցող փաստաթղթերի համակարգի արդիականացման, վարչական տվյալների և ռեգիստրների համակողմանի գնահատման զեկույցի մշակման և մի շարք այլ ուղղություններով։ 

Տեսանյութեր

Լրահոս