Մանուկ Բեյ. հռչակավոր մեծահարուստն ու դիվանագետը
Հունիսի 20-ին լրացավ ժամանակին Բալկանների տնտեսական եւ քաղաքական-դիվանագիտական կյանքում մեծ դեր խաղացած հռչակավոր Մանուկ Բեյի/Էմանուել Միրզայանի մահվան 200-ամյակը: Ռումինական «Ադեվարուլ» թերթն իր adevarul.ro կայքում հուլիսի 17-ին անդրադարձել է այդ առեղծվածային հայի փոթորկուն կյանքի էջերին:
Ո՞վ էր Մանուկ Բեյը՝ 1812 թ. Բուխարեստի Խաղաղության պայմանագրի առանցքային դեմքը. Մայրաքաղաքի հայտնի իջևանատուն-պանդոկը կրում է նրա անունը
Բուխարեստի նշանավոր «Մանուկի իջևանատան»/Hanul Manuc կամ Hanul lui Manuc հիմնադիրը ծագումով հայ է։ Մանուկ Բեյը ծնվել է 1769թ. Ռուսե քաղաքում, առևտրականի ընտանիքում։
Նա ծառայության է եղել Մուստաֆա Բայրակտար փաշայի մոտ։ Սուլթան Մուստաֆա IV-ը նրան հռչակել է Բարձր Դռան թարգման` դրագոման՝ շնորհելով նրան բեյի կոչում։
Մեծ վեզիր Մուստաֆա փաշան 1807թ․ նշանակվեց թուրքական զորքերի հրամանատար ռուս-թուրքական պատերազմում, որը հասել էր նաև մինչև Ռումինիա։ Նա սպանվեց ենիչերիների ապստամբության արդյունքում, որոնք չէին ստացել աշխատավարձը, իսկ Մանուկը, որը փաշայի քարտուղարն էր և գանձապահը, սկզբում փախավ Ռուսչուկ (Ռուսե), իսկ հետո՝ Ցարիգրադ։ Հաստատվելով Բուխարեստում՝ Մանուկն սկսեց զբաղվել Օսմանյան կայսրության և Ռուսաստանի միջև միջնորդությամբ:
«1811թ․ Բարձր Դուռն անմիջապես հենց Մանուկ Բեյին հանձնարարեց զբաղվել խաղաղության հաստատմամբ՝ պայմանով, որ ոչ մի դեպքում տարածք չհանձնի: Սա ապացուցում է, որ Մանուկը չէր խզել իր կապերը թուրքերի հետ և հասկացնում էր, որ ինքը շարունակում է աշխատել նրանց հետ՝ վայելելով վերջիններիս լիարժեք վստահությունը: Մանուկն, այսպիսով, թուրքերի քողարկված գործակալն էր, որը ձևականորեն փախել էր, որպեսզի տպավորություն ստեղծի, թե նրանց կողմից հալածվում է։ 1812թ․ մայիսի 16/28-ին Բուխարեստում կնքված Խաղաղության պայմանագիրը նախատեսում էր հենց տարածքային զիջումներ, ինչը մեծ վրդովմունք առաջացրեց Ստամբուլում: Այն ճարպիկ կերպով օգտագործվեց Ֆրանսիայի կայսր Նապոլեոն I-ի գործակալների կողմից, որը պատրաստվում էր Ռուսաստանի դեմ պատերազմի», նշում է պատմաբան Պաուլ Շտեֆանեսկուն «Ռումինական պատմության հանելուկներ» աշխատության մեջ։
Մանուկը խույս տվեց Օսմանյան կայսրության վրեժից
1813թ. գարնանը Մանուկը որոշեց հեռանալ երկրից և հանձնարարեց Ասատուր Ավետյանցին զբաղվել իր գործերով և վաճառել գեղեցիկ իջևանատունը, որը շատ հայտնի էր այն ժամանակ: Ոչ մի գնորդ չգտնվեց, թեև դրա գնման հարցում հետաքրքրված էր նույնիսկ իշխան Իոան Կարաջեան/Ioan Caragea։ Վարձակալները նույնիսկ վարձի մի մասը չվճարեցին։ Մանուկը փախավ Ռումինիայից, քանի որ թուրքերն սկսել էին վրեժխնդիր լինել Բուխարեստի Խաղաղության պայմանագրի պատասխանատուներից։ Դումիտրակե Մորուզին, նրա եղբայր Պանայոտը և Կապուդան փաշա Ռամիզը մահապատժի ենթարկվեցին: Մանուկը հասկացավ, որ նույն ճակատագիրը սպասվում է նաև իրեն, քանի որ կասկածվում էր ռուսների կողմն անցնելու մեջ, և որոշեց լքել երկիրը:
Մանուկին դավաճանեց Կարաջեա Վոդա իշխանը
Մսեր Մսերյանցը՝ Մանուկի երեխաների ուսուցիչը, կազմել է Մանուկի կենսագրությունը՝ հիմնված փաստաթղթերի և ժամանակակիցների վկայությունների վրա։ Այն ցույց է տալիս, որ Կարաջեա Վոդա իշխանը դավաճանել է Մանուկին․
«Ռումինական երկրի իշխան Կարաջեա Վոդան դավաճանեց Մանուկ Բեյին՝ լինելով նրա համար կեղծ ընկեր, չնայած որ նա Մանուկի վերաբերյալ հաճախակի նշում էր, թե նա իր մտերիմն ու փրկիչն է։ Եթե ոչ ավելի շուտ, ապա գոնե փաշայի ժամանման պահին նա պետք է տեղեկացներ Մանուկին այն վտանգի մասին, որը սպառնում էր նրան: Կարաջեան դրսեւորեց լրիվ այլ վարքագիծ: Կա այն վարկածը, որ նրան հետաքրքրում էր ոչ այնքան Ռամիզ փաշայի սպանությունը, որքան հատկապես Մանուկ Բեյինը»:
Ըստ կենսագրականի, Դելի-Բասան՝ Կապուդան Փաշա Ռամիզին սպանողը, հանդիպում է ունեցել Մանուկ Բեյի հետ և խոստովանել, որ Կարաջեան, ցույց տալով իրեն կայսերական հրամանը, պարտավորեցրել էր նույն կերպ վարվել նաև Մանուկի հետ։ Մանուկ Բեյին հաջողվեց փախչել Տրանսիլվանիա մի ավստրիացի սուրհանդակի օգնությամբ, որից հետո, ավելի ուշ, նա հավանաբար հասավ մինչև Ֆրանսիա և Ռուսաստան, բայց դրանք փաստաթղթերով չեն հաստատվել։
Մանուկ Բեյի մահը
Հայ արքեպիսկոպոս Գրիգոր Զաքարյանը 1817թ․ հունիսի 23-ի մի նամակում նկարագրում է Մանուկ Բեյի մահը։ Մանուկին ասել էին, որ իր բնակավայրի մոտակայքով անցնելու է բանակի հրամանատար իշխան Բենիգսենը․ «Ամսի 20-ին Մանուկը գնաց դիմավորելու իշխան Բենիգսենին, Ռուսևիչին և Բահմետովին և, պատշաճ պատիվ ցուցաբերելով, նրանց տարավ իր տուն։ Այս ու այն կողմ մի քանի փորձից հետո նա իջավ ձիուց և հանկարծ անզգայացած ընկավ աստիճանների վրա։
Գեներալներն անմիջապես Մանուկին ներս տարան, պառկեցրին բազմոցին և դեմքին ջուր ցանելով արթնացրին նրան։ Մանուկը ցանկացավ ջուր խմել և ասաց, որ իրենից արյուն վերցնեն, բայց այդ ժամանակ այնտեղ չէր ոչ իր, և ոչ էլ իշխանի բժիշկը, իսկ մինչև քաղաքից բժիշկ կժամաներ, երեկոյան ժամը ութին նա մահացավ իշխանների ներկայությամբ: Այսպես ավարտվեց Մանուկ Բեյի կյանքը», ասվում է հայ արքեպիսկոպոս Գրիգոր Զաքարյանի նամակում։