«Գոնե մի տուն չունենա՞մ, որ ինձ մարդ զգամ. Պատերը կարուսել են դարձել, հատակը փտել է»
asparez.am. Մի քանի անգամ կողպեքի բանալին շրջում է տիկին Սվետլանան եւ հազիվ կարողանում բացել կիսաքանդ տնակի փայտյա, ճռճռացող դուռը:Կիսամութ սենյակը ցուրտ ու սառն է, փտած հատակից սառնություն է զգացվում, տիկին Սվետլանան շտապում է ապրելակերպը նկարագրել.
«Պատերը կարուսել են դարձել,հատակը փտել է, պահարանները շարժվում են փտած հատակի վրա: Սենյակում ամեն ինչ սառչում է, փայտ վառելու հնարավորություն չկա: Թոշակն ու նպաստը ամեն ամիս 63-64 հազար են, ես էստեղ կապրիմ աղջկաս ու 2 թոռներիս հետ` մեկը տղա է, մյուսը` աղջիկ, 13 ու 15 տարեկան, էս օրերին ամեն մեկս մի տեղ կերթանք, կմնանք, էստեղ չենք կարող ապրել, շատ ցուրտ է, էնքան ցուրտ է, որ հեռուստացույցը համարյա չի աշխատի…»:
Տիկին Սվետլանան, նրա դուստրն ու թոռներն այսօր բարեկամ-հարազատների տանն են ժամանակավորապես ապրում, ցրտի պատճառով չեն բնակվում տնակում, կինն ասում է` «մինչեւ գարուն այստեղ-այնտեղ ենք մնում, փեչկ չենք դնում, շատ ցուրտ է»:
Սենյակի դռան վարագույրից այն կողմ նույնքան կիսամութ մի սենյակ է նշմարվում` շորերն ու իրերն իրար վրա հավաքած: Սեւացած առաստաղի վրա պարզ երեւում են խոնավության հետքերը:
Տանտիրուհին մտնում է ներս, ցույց տալիս ճռճռացող պահարանը, մահճակալը եւ պատմում, որ 80-ամյա մոր մահվան պատճառը եղել են տնակային անտանելի պայմանները:
Մինչ երկրաշարժը տիկին Սվետլանայի ընտանիքն ապրել է վարձու սեփական տանը` Լենինականի կենտրոնում` Պուշկինի փողոցում: Կնոջ պատմելով` երկրաշարժի հետեւանքով փլվել է այդ տունը, այնուհետ ամուսնու եւ 3 դստեր հետ տիկին Սվետլանան տեղափոխվել է Երեւան, որտեղ եւ նա աշխատել է կոշիկի արտադրության հիմնարկում:
1989-ին կնոջ խնդրանքով կոշիկի արտադրության հիմնարկը նվիրում է 2սենյականոց տնակ, այն տեղափոխում են Գյումրու ծայրամաս եւ տեղադրում Մանուշյան փողոցում, Սավոյան փողոցի շատրվաններից 200 մետր հեռավորության վրա:
Մանուշյան 230/087 հասցեի այս տնակը տիկին Սվետլանայի ամուսինը տարիներ շարունակ վերանորոգել է, ամուսնու մահից հետո՝ արդեն 9 տարի, այստեղ վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել: «Էն ժամանակ, որ ամուսինս կար, խնդիր չկար, կհայթայթեր, կբերեր, մի բան կեներ»-ասում է կինը:
Ընտանիքն անօթեւան է, սակայն չունի անօթեւանի կարգավիճակ, ընդգրկված չէ անօթեւանների հերթացուցակում, հետեւաբար պետությունը բնակարան տրամադրելու պարտավորվածություն չունի:
Կինը պատմում է, որ տարբեր տարիների է քաղաքապետարանին դիմել՝ բնակարանային խնդիրներով, սակայն ապարդյուն, ոչ ոք չի օգնում: Վերջին օրերին մի քանի անգամ կինը գնացել է քաղաքապետարան, սակայն այս անգամ էլ համապատասխան պաշտոնյային չի գտել աշխատասենյակում, իսկ Շիրակի մարզպետարանում կնոջն առաջարկել են դիմել մասնավոր, բարեգործական հասարակական կազմակերպությունների:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։