Սեպտեմբերի 20-ին թշնամին արդեն Կրկժանում էր, չկարողացանք գոնե տաք հագուստ վերցնել… հիմա երեխաներս սննդի ու հագուստի կարիք ունեն. Արցախից բռնի տեղահանված բազմազավակ մայր
2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սկսած ռազմական գործողությունների և դրան հետևած վայրագությունների արդյունքում Արցախից բռնի տեղահանված բազմազավակ մայր Լուիզա Առուստամյանը Հայաստանում, արդեն մի քանի ամիս է՝ բախվում է սոցիալական տարբեր խնդիրների. խնամքին ունի 6 երեխա, բայց չունի տուն և աշխատանք։
Արցախից բռնի տեղահանվելուց հետո 39-ամյա Լուիզան մի քանի տուն է փոխել Հայաստանի տարբեր վայրերում։
168.am-ի հետ զրույցում Լուիզան պատմեց, հիմա 6 երեխաների հետ, որոնցից միայն մեկն է չափահաս, բնակվում է Խարբերդում՝ վարձով տանը, ամսական վճարում է 150 հազար դրամ։ Լուիզան վերջերս է ամուսնալուծվել ու ստիպված է բոլոր խնդիրները միայնակ լուծել։
«Ինքս միայնակ մայր եմ, այսօր աշխատանք չունեմ, գրադարանավարի մասնագիտություն ունեմ, բայց աշխատանք չեմ կարողանում գտնել։ Հիմա մի կերպ ապրում ենք պետության հատկացրած գումարով՝ այն էլ ուշացումով են տալիս։ Այդ հատկացված գումարից ամսական 150 հազար դրամ վարձ եմ տալիս, 70-80 հազար կոմունալ եմ վճարում, երեխաների օրվա հացը մի կերպ հասցնում եմ։ Դե, հագուստ էլ առհասարակ չեմ հասցնում երեխաների համար գնել, ուղղակի, ովքեր կարողանում են օգնել, այդ հագուստները վերցնում-օգտագործում ենք»,- ասաց Լուիզա Առուստամյանը։
Նա ընտանիքի հետ մինչև 2020 թվականն ապրել է Շուշիում, 44-օրյա պատերազմից հետո տեղափոխվել են Ստեփանակերտ՝ Կրկժան թաղամասում, որպես բազմազավակ ընտանիք Կառավարությունից տուն էին ստացել ու ապրում էին։
«Արցախում ամուսինս աշխատում էր, երեխաների համար նպաստ էինք ստանում, ապրում էինք, դժգոհ չէինք։ Բայց այստեղ որևէ կերպ երեխաներին չենք կարողանում պահել։
Այս պահին երեխաներս սննդի ու հագուստի կարիք ունեն, ամենափոքրս 5 տարեկան է, Արցախից բռնի տեղահանվելու ժամանակ որևէ բան մեզ հետ չենք վերցրել, քանի որ երեխաներին հազիվ եմ կարողացել դպրոցից իրար գլխի հավաքել, տանել նկուղ, ու այնտեղից էլ միանգամից եկել ենք Հայաստան»,- նշեց Լուիզան։
2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Լուիզայի մտքով չի էլ անցել, որ վերջին անգամ է տեսնում Շուշին, քանի որ, երբ իրենց տարհանել են, ասել են, որ ժամանակավոր են դուրս գալիս, թշնամուն քաղաքի մատույցներից հեռացնելուց հետո բնակիչներին անպայման կվերադարձնեն…
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա, մեզ տարան նկուղ, երեք օր մնացինք նկուղում։ Հետո մեր քաղաքապետը եկավ, մեզ տեղեկացրեց, որ թշնամին մոտենում է, պետք է խաղաղ բնակիչները տարհանվեն, մեզ հանեցին, ու եկանք Արտաշատ քաղաք, որտեղ մի քանի ամիս մնացինք։ Պատերազմի ավարտից հետո, 2021 թվականի մայիսին կրկին վերադարձանք Ստեփանակերտ, տուն տվեցին, սկսեցինք ապրել Կրկժան թաղամասում։ Գրեթե նույն բանը եղավ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, թշնամին առաջինը հենց Կրկժան թաղամաս էր մտել։ Սեպտեմբերի 20-ին թաղամասն արդեն թուրքի հսկողության տակ էր։
Սեպտեմբերի 19-ին երեխաներս բոլորը դպրոցում էին, միայն 1-ին դասարանի աղջիկս էր տանը, այդ օրը դպրոց չէի ուղարկել։ Տեսանք, որ թշնամին ինտենսիվ կրակում է, բոլորս վազեցինք դպրոց, երեխաներին վերցրեցինք, դուրս գալուց արդեն մեզ ասացին՝ իջեք նկուղներ։
Սեպտեմբերի 20-ին նկուղներից դուրս եկանք, որ գնայինք մեր տուն, ճանապարհի կեսից ռուսները հետ ուղարկեցին, ասացին, որ ադրբեջանցիներն արդեն Կրկժանում են։ Մենք հետ գնացինք հյուրանոց ու եկանք Երևան, չկարողացանք գոնե տանից մի տաք հագուստ վերցնել…»,- վերհիշեց Լուիզա Առուստամյանը։
Մեր զրուցակիցը պատմեց նաև, որ Արցախից բռնի տեղահանվելուց հետո, մի կերպ հասել են Գորիս, այնտեղից էլ՝ Տաշիր քաղաք, որոշ ժամանակ մնալուց հետո տեղափոխվել են Մասիս քաղաք, այնտեղից էլ՝ Խարբերդ։ Արդեն մի քանի ամիս է՝ Խարբերդում են ապրում, թե որտեղ կլինեն հաջորդ մի քանի ամիսներին կամ տարիներին, անորոշ է՝ պլաններ չեն կազմում, որովհետև չգիտեն, թե ինչ է իրենց սպասվում։
«Առաջնայինը հիմա տան վարձը տալու մասին եմ մտածում, որ երեխաներս դրսում չմնան։ Առաջիկայում Արցախ վերադառնալու հույս չունեմ, միայն ուզում եմ իմ երեխաների հոգսերը հոգալ, օրվա հացն ապահովել, այս պահին միայն սրա մասին եմ մտածում»,- եզրափակեց Լուիզա Առուստամյանը։
Հ.Գ. Լուիզա Առուստամյանի հետ կարող եք կապ հաստատել այս հեռախոսահամարով՝ 093 82 94 74