
Եթե մարդկանց ասեն՝ ԵՄ մտնելու դեպքում հաջորդ տարի ջեռուցման համար 50.000-ի փոխարեն 150.000 ես տալու, գուցե շատերն ասեն՝ պետք չի. Բենիամին Պողոսյան
«Որքան հասկանում ենք՝ շատ մոտ ապագայում Հայաստանում լինելու են խորհրդարանական ընտրություններ։ Ներքին սոցիալական թեմաներ կլինեն, բայց կքննարկվի նաև արտաքին քաղաքական թեման, որտեղ մենք ունենք մեծ կորուստներ։ Իշխող ուժը՝ ՔՊ-ն և Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, չի ցանկանում մասնակցել ընտրություններին և ասել՝ այո, արտաքին քաղաքականության մեջ շատ մեծ ձախողումներ ունեցանք, բայց մենք այսքան ասֆալտ ենք արել, և այլն, և այլն: Ընտրությունների նախաշեմին մարդկանց կասեն՝ մենք սկսել ենք Հայաստան-ԵՄ անդամակցության պրոցեսը։ Կասեն՝ իհարկե, ԵՄ անդամակցությունը կտևի երևի 60 տարի, բայց մենք առաջին քայլն արել ենք։ Սա է լինելու իրենց նախընտրական կարգախոսը»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց «Ապրի Արմենիա» (APRI Armenia) հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը։
Նրա խոսքով՝ հենց նախընտրական քարոզարշավում օգտագործելու նպատակով են «ԵՄ անդամակցության» թեման ՀՀ իշխանությունները մեջտեղ բերել:
«Եվ բոլորովին չեմ զարմանա, որ հարյուր-հազարավոր մարդիկ, առանց խորանալու՝ իրականում այդ գործընթացը սկսե՞լ է, թե՞ չի սկսել, առաջին քայլն արե՞լ են, թե՞ չէ, կհավատան։ Շարքային քաղաքացիները չգիտեն՝ ինչ է CEPA-ն, չգիտեն, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր արդեն կնքվել էր 2017թ․, և չեմ զարմանա, որ քարոզարշավն իր արդյունքը տա։ Մեր հասարակության մոտ կա դրական ընկալում՝ ԵՄ-ի, և բացասական ընկալում՝ Ռուսաստանի նկատմամբ։
Ես չեմ ասում՝ օբյեկտիվ է, թե չէ, բայց դա կաշխատի քարոզչության ընթացքում։ Եթե մարդկանց ասեն՝ դառնալու ենք ԵՄ անդամ, բայց գազը դու հաջորդ տարի ոչ թե 50 000 դրամ ես վճարելու, այլ 150 000, մարդկանց զգալի մասը, բնականաբար, չի համաձայնելու, բայց դա իշխանությունները մարդկանց չեն ասի, կասեն՝ առաջին քայլն արել ենք… Կասեն՝ անցյալը փոխել չենք կարող, սարսափելի բաներ եղան, բայց մենք կառուցում ենք ապագա, զգալի թվով քաղաքացիներ էլ կլինեն, ովքեր կասեն՝ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, փաստորեն…»,- ասաց քաղաքական վերլուծաբանը:
Բենիամին Պողոսյանը խոսեց Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացի սկզբի վերաբերյալ Ռուսաստանի մտավախությունների մասին:
«Գուցե Ռուսաստանում կա մտավախություն, որ թեև ԵՄ-ին անդամակցության պրոցեսն արվում է նախընտրական նպատակներով, բայց եթե նրանց հաջողվի կրկին իշխանություն ունենալ, ապա ռեալ պրոցես կսկսեն։ Այս օրենքը, որը մեր ԱԺ-ն ընդունեց, ԵՄ-ին անդամակցության հետ զրո առնչություն ունի, բայց Հայաստանը կարող է 2027թ․ դիմել Եվրամիությանը՝ Ասոցացման համաձայնագիրը վերաստորագրելու առաջարկով։ Քանի դեռ այն ստորագրված չէ, ԵՄ-ին անդամակցության մասին խոսելը լուրջ չէ։ Որո՞նք են երաշխիքները, որ եթե այս իշխանությունը մնա, այդ համաձայնագիրը չի ստորագրվելու։ Ռուսաստանը, թերևս, սրանից է մտահոգված, դրա համար սուր արձագանքեց»,- ասաց նա:
Նա նկատեց՝ ԵՄ-ի ընդլայնման դեմ հսկայական բողոք կա հենց ԵՄ-ի ներսում, և եթե ԵՄ ընդունելու լինեն, կընդունեն Արևմտյան Բալկաններին, ովքեր 10 տարուց ավելի ամեն օր ծեծում են ԵՄ-ի դուռը։
Մանրամասները՝ տեսանյութում: