Բրիտանիայի նոր դիրքավորումը՝ Հարավային Կովկասում․ ինչի՞ է ձգտում Բրիտանիան՝ շտապելով վերացնել Երևանի ու Բաքվի նկատմամբ զենքի էմբարգոն

Օրերս Մեծ Բրիտանիան առանցքային ու աղմկահարույց հայտարարություն տարածեց Հարավային Կովկասի զարգացումների ու Բրիտանիայի որոշման վերաբերյալ։

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կայքում հրապարակվեց Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիի գրավոր հայտարարությունն Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ զենքի էմբարգոյի վերացման վերաբերյալ։

Չնայած Հայաստանն ու Ադրբեջանը չեն ստորագրել Խաղաղության համաձայնագիր, և հստակ հայտնի չէ, թե երբ կստորագրեն, Մեծ Բրիտանիան վերացնում է զենքի էմբարգոն Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ՝ հիմք ընդունելով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հայտարարությունն ու Երևան-Բաքու Խաղաղության համաձայնագրի նախաստորագրման փաստը, որն իրենք՝ պաշտոնական շրջանակները, որակում են՝ որպես խաղաղության հաստատում։

«Ցանկանում եմ տեղեկացնել Հարավային Կովկասում տեղի ունեցած նշանակալի զարգացումների և Մեծ Բրիտանիայի արձագանքի մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացին։

Կարդացեք նաև

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ եռակողմ գագաթնաժողով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Արդյունքում նախաստորագրվեց խաղաղության պայմանագիրը։

Փաստաթուղթը ներառում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման կոչ և պարտավորություն՝ ապահովելու Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը՝ պայմանով, որ հարգվի Հայաստանի ինքնիշխանությունը։ Մեծ Բրիտանիան ողջունում է ձեռք բերված առաջընթացը։ Սա կարևոր քայլ է դեպի խաղաղություն և կայունություն։

Այս առումով մենք մեր հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ բարձրացնում ենք մինչև առևտրի, անվտանգության և պաշտպանության ոլորտներում ռազմավարական գործընկերության։ Օգոստոսի 24-26-ը ես այցելեցի երկու երկրներ՝ վերահաստատելու աջակցությունը և քննարկելու գործնական քայլերը։ Մենք աջակցեցինք Մինսկի խմբի լուծարմանը։

Հաշվի առնելով արձանագրված առաջընթացը՝ կարծում ենք, որ 1992 թվականից գործող ԵԱՀԿ զենքի էմբարգոն այլևս արդիական չէ։ Մեծ Բրիտանիան լիովին վերացնում է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ զենքի էմբարգոն։

Սա կնպաստի անվտանգության ոլորտում համագործակցության զարգացմանը և այդ երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանությանը, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքներին ի պատասխան։ Արտահանման լիցենզիաները կվերանայվեն անհատապես՝ հիմնվելով խիստ չափանիշների վրա»,- գրությունում նշել էր Դաութին՝ ընդգծելով, որ հետևելու են տարածաշրջանում տիրող իրավիճակին։

Նա նաև հույս էր հայտնել, թե սա կհանգեցնի Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և բարգավաճման։

«Մեծ Բրիտանիան պատրաստ է համագործակցել երկու երկրների՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և այլ գործընկերների հետ՝ այս փոփոխություններին և տարածաշրջանային կայունությանը աջակցելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

Այսինքն՝ Մեծ Բրիտանիան վերացնում է զենքի էմբարգոն, ինչպես նաև կողմերի հետ համագործակցությունը բարձրացնում ռազմավարական մակարդակի ԱՄՆ-ի օրինակով։

Վրացի վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին 168am-ի հետ զրույցում ասաց, որ սա ցույց է տալիս Լոնդոնի վերադիրքավորումը Հարավային Կովկասում փոփոխվող իրողությունների ֆոնին, և սա միաժամանակ ունի քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական ենթատեքստ։

Նրա գնահատմամբ, սա ազդակ է, որ Բրիտանիան ավելի ակտիվ է լինելու ռեգիոնում, փորձելով զբաղեցնել այն վակուումը, որը ձևավորվել է ռուսական ազդեցության նահանջի և արևմտյան դերակատարների՝ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև մրցակցության ֆոնին։

Բրիտանիան, ըստ վերլուծաբանի, նպատակ ունի այս հարցում դիտորդից վերածվել գործոնի, մեծացնելով իր աշխարհաքաղաքական ներկայությունը՝ Ռուսաստանից, Թուրքիայից և Իրանից անկախ հարթության վրա, այսինքն՝ Բրիտանիան ձգտում է ներկայանալ որպես չեզոք, բայց ուժային խաղացող։

«Բրիտանիայի որոշումը համընկնում է մի շարք միտումների հետ՝ Ռուսաստանի ազդեցության նվազում՝ Ուկրաինայի պատերազմի և Հարավային Կովկասում պասիվացման հետևանքով։ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներգրավվածության աճ, հատկապես բանակցություններին միջնորդությունների շրջանակում, ինչպես նաև Թուրքիայի և Իսրայելի ամրապնդված դիրքեր, որոնց ֆոնին Լոնդոնը ձգտում է ամրապնդել սեփական, անկախ դիրքերը։

Բրիտանիան չի ցանկանում, որ տարածաշրջանի նոր բալանսը ձևավորվի առանց իր մասնակցության»,- գտնում է Կախա Գոգոլաշվիլին։

Նրա կարծիքով, Էմբարգոյի չեղարկումը քաղաքական ազդակ է, որով Բրիտանիան փաստում է, որ Լոնդոնը վերադառնում է որպես անվտանգային գործընկեր՝ փորձելով կապել ռազմական համագործակցությունը քաղաքական ներգրավվածության հետ։

Ըստ Գոգոլաշվիլիի՝ ցանկացած երկրի համար զենքի արտահանման շուկան ոչ միայն տնտեսական, այլև ազդեցության գործիք է, այն հնարավորություն է բացում ռազմարդյունաբերական և աշխարհաքաղաքական նոր կապերի, իրողությունների ստեղծման համար։

Նա արձանագրում է, որ այդ նպատակի իրագործման համար Բրիտանիան ստիպված է լինելու ձևավորել իրապես հավասարակշռված դիրքավորում ռեգիոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ինչպես նաև հավասարակշռելով Ռուսաստանի և Իրանի հնարավոր դժգոհությունների ու արևմտյան գործընկերների՝ հատկապես Ֆրանսիայի հետ մրցակցային հարաբերությունների միջև։

«Հաջողության դեպքում, բնականաբար, սա կթուլացնի ռեգիոնում ռուսական դիրքերն անվտանգության ոլորտում, ավելացնելով արևմտյան մրցակցային ներկայությունը։ Բրիտանիայի՝ զենքի էմբարգոն չեղարկելու որոշումը լայն աշխարհաքաղաքական վերադիրքավորման նախապատրաստություն է»,- նշեց Գոգոլաշվիլին։

Ամփոփելով՝ նշենք, որ Լոնդոնը ձգտում է խորացնել ազդեցությունը մի ռեգիոնում, որտեղ փոխվում են ուժային հավասարակշռությունները և ձևավորվում լոգիստիկ նոր ցանցեր, որոնցում էական նշանակություն ունի Միջին միջանցքն ու TRIPP-ը, որն ադրբեջանական կողմն անվանում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»։ Լոնդոնը միշտ է ունեցել առանձնահատուկ քաղաքական հարաբերություններ Բաքվի հետ՝ հատկապես էներգետիկ համագործակցության ոլորտում։

Բարդ է թերագնահատել Բաքվի կարևորությունը Լոնդոնի համար։ Դեռևս երկու տարի առաջ էր Բրիտանիայի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի նախարար Դոհերթին իր հայաստանյան ու ադրբեջանական այցերի ֆոնին հայտարարել, որ Բրիտանիայի համար ռազմավարական առաջնահերթություն է Միջին Միջանցքի ձևավորումը։ Բրիտանիան այս տարիների ընթացքում էական քաղաքականություն է վարում Կենտրոնական Ասիայում՝ հատկապես Ղազախստանի հետ հարաբերություններում։

Տեսանյութեր

Լրահոս