Ադրբեջանին և Հայաստանին զենքի մատակարարման էմբարգոյի չեղարկման որոշման նպատակները. Ով է շահելու, ում դեմ է այն ուղղված

Օրերս տեղեկություն էր տարածվել, որ Մեծ Բրիտանիան մոտ 30 տարի հետո որոշել է չեղարկել Հայաստանին և Ադրբեջանին զենքի մատակարարման էմբարգոն՝ հաշվի առնելով երկու երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում նկատվող առաջընթացը:

«Բրիտանիան կարծում է, որ ԵԱՀԿ-ի կողմից 1992 թվականին առաջարկված զենքի էմբարգոյի հիմքում ընկած տրամաբանությունը՝ «Լեռնային Ղարաբաղի տարածքում մարտական գործողություններին մասնակցող ուժերին զենքի և զինամթերքի բոլոր մատակարարումների» վերաբերյալ, վերացել է»,- հայտարարել է Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութին՝ հավելելով, որ ուշադիր ուսումնասիրելու են Ադրբեջանի և Հայաստանի տարածաշրջանային և ներքին անվտանգության իրավիճակը:

Բրիտանացի պաշտոնյան նաև շեշտել է, որ իրենք ևս պատրաստ են կառուցողական և նախաձեռնողական դեր խաղալու մեր տարածաշրջանի անվտանգության և կայունության աջակցման գործում։

Նշենք, որ սրանից առաջ այլ «պատմական» իրադարձություն էր տեղի ունեցել. այս տարվա մարտին Մեծ Բրիտանիան Ադրբեջանում առաջին անգամ մշտական ռազմական կցորդ էր նշանակել:

Կարդացեք նաև

«Այս պատմական քայլն արտացոլում է Միացյալ Թագավորության և Ադրբեջանի միջև գործընկերության ամրապնդումը և կնպաստի պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության զարգացմանը»,- ասվում էր Ադրբեջանում բրիտանական դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Իսկ 2023 թվականին էլ հայտարարվել էր Հայաստան-Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին: Արդեն 2024 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք սահմանելու որոշում է կայացրել, և, որ ռազմական կցորդն իր պարտականությունների կատարմանը պիտի անցնի 2025 թվականի հունվարի 1-ից։

Բայց ասել, որ միայն վերը նշված իրադարձություններից հետո Մեծ Բրիտանիան «մտավ» Հարավային Կովկաս կամ դարձավ Ադրբեջանի ռազմավարական գործընկերը, այդպես չէ. բավական է միայն հիշել British Petroleum-ի ներկայացվածությունն Ադրբեջանում:

168.amգրել է, որ 2020թ. հուլիսյան մարտերի օրերին Փաշինյանի իշխանությունը հրաման էր իջեցրել ՀՀ ԶՈՒ-ին, Արցախի ՊԲ-ին՝ չթիրախավորել Ադրբեջանի կամ այնտեղի օտարերկրյա ենթակառուցվածքները: 44-օրյա պատերազմից հետո էլ «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն ԱԺ-ում «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի շուրջ լսումների ժամանակ ակնարկել էր. 

«1994 թվականին Ադրբեջանը կորցրեց տարածքներ, բայց իր մեջ գտավ ուժ, կարողություն՝ իր էներգառեսուրսները արևմտյան ընկերությունների հետ, Արևմուտքի հետ զարգացնելու, ուժ ստանալու իր տարածքները հետ բերելու համար»:

Կարո՞ղ ենք սրանից ենթադրել, որ Արևմուտքի հետ «համագործակցությամբ» է նաև 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակն ապահովվել:

Ի դեպ, մոտ երկու ամիս առաջ Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հայտնել էր, որ իր երկիրն ավելի քան 84 միլիարդ ֆունտի ներդրում է կատարել Ադրբեջանում, և, որ ադրբեջանական պետությունում ավելի քան 500 բրիտանական ընկերություն է գործունեություն ծավալում՝ էներգետիկայի, առողջապահության, ենթակառուցվածքների, գյուղատնտեսական ոլորտներում: Իսկ Ադրբեջանի ներդրումները Մեծ Բրիտանիայում արդեն գերազանցել են 2 միլիարդ դոլարը:

Իսկ ի՞նչ է տալու զենքի մատակարարման էմբարգոյի չեղարկումն Ադրբեջանին կամ Հայաստանին, ի՞նչ հետին նպատակներ կան թաքնված այստեղ:

Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել է, որ էմբարգոյի վերացումը նոր հնարավորություններ է բացում Ադրբեջանի համար, թեև, ըստ նրա, առաջին անգամ ռազմական կցորդ ունենալն Ադրբեջանում արդեն իսկ խոսում է Ադրբեջան-Մեծ Բրիտանիա ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման մտադրության մասին:

«Ես կարծում եմ, որ սա առաջին հերթին վերաբերում է Կասպիցում ռազմական հնարավորությունների ուժեղացմանը, ինչպես նաև «ազատագրված» (չակերտները՝ Մ.Պ.-ի ) տարածքներում գործունեությանը, որտեղ Մեծ Բրիտանիան ևս արդեն իր մասնակցությունն ունի»,- հավելել է նա:

Իր հերթին՝ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Մուսամբեկովը նշել է, որ վաղուց է հետաքրքրություն դրսևորել Հարավային Կովկասի նկատմամբ, իսկ էմբարգոյի չեղարկմամբ ցույց է տալիս, որ աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և հավատում է դրա հաջող ելքին:

Այս համատեքստում ադրբեջանցի պատգամավորն ընդգծել է Բրիտանիայի հզոր հետախուզություն ունենալու փաստը:

Ադրբեջանցի քաղաքագետ Էլխան Շախինօղլուն Ադրբեջանին և Հայաստանին զենքի մատակարարման էմբարգոյի չեղարկման հարցին այլ տեսանկյունից է մոտեցել:

Նա նշել է, որ Հայաստանը զենք է գնել Ֆրանսիայից, Հնդկաստանից և Ռուսաստանից, Ադրբեջանը՝ Թուրքիայից, Իսրայելից, ավելին, ռազմական տեխնիկա արտադրվում է նաև եվրոպական երկրներում, որոնք զրկված չեն Հայաստանին և Ադրբեջանին զենք մատակարարելու հնարավորությունից և դրանից որոշակի շահույթ են ստանում: Եվ հիմա, ըստ Շախինօղլուի, Բրիտանիան չի ցանկանում հետ մնալ այս գործընթացից, նաև որովհետև չի ցանկանում, որ Բաքուն և Երևանը զենք գնեն Ռուսաստանից երբևէ, որպեսզի ռուսական կողմից նրանց կախվածությունը չմեծանա:

«Մյուս կողմից, արևմտյան երկրների սպառազինությունը, այդ թվում՝ Բրիտանիայի, թույլ կտա Ադրբեջանին և Հայաստանին պաշտպանվել ռուսական կողմի հնարավոր սպառնալիքներից»,- շարունակել է ադրբեջանցի քաղաքագետը՝ շրջանառության մեջ դնելով թեզը, թե Ռուսաստանը Բաքվի և Երևանի համար կարող է երբևիցե սպառնալիք դառնալ:

Ինչ վերաբերում է հայկական կողմում առկա փորձագիտական կարծիքներին, 168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանն ասաց, որ Բրիտանիան այժմ փորձում է վերադասավորել ազդեցության կենտրոնները Հարավային Կովկասում, որտեղ էներգետիկ և ռազմաքաղաքական հավասարակշռությունն արագ է փոխվում, իսկ տարբեր դերակատարներ փորձում են ամրապնդել իրենց դիրքերը։

«Լոնդոնը էմբարգոյի վերացման քայլով նաև ցույց է տալիս, որ Հարավային Կովկասն աստիճանաբար դուրս է գալիս ռուսական, թուրքական և իրանական ազդեցության տիրույթից։ Զենքի վաճառքի սահմանափակումների վերացումը կարելի է դիտարկել նաև՝ որպես արևմտյան նոր «ներխուժում» տարածաշրջան՝ աշխարհաքաղաքական ներկայության ամրապնդման նպատակով։ Ըստ իս, սա նախևառաջ աշխարհաքաղաքական, ապա տնտեսական քայլ է։

Բրիտանիան, լինելով խոշոր ռազմարդյունաբերական խաղացող, մշտապես հետապնդում է տնտեսական շահեր այնտեղ, որտեղ հնարավոր է։ Նոր շուկաների բացումը, թեկուզ փոքր ծավալներով, նպաստում է նրա արտահանման ռազմավարությանը։

Միևնույն ժամանակ, Լոնդոնը ձգտում է ամրապնդել դիրքերը տարածաշրջանում, ինչպես նշեցի, Թուրքիայի և Ռուսաստանի ազդեցությանը հակակշիռ ստեղծելու նպատակով։ Իսկ Ադրբեջանի պարագայում այս որոշումը կարող է ընկալվել որպես լրացուցիչ խրախուսանք՝ «ռազմական հավասարակշռության պահպանման» անվան տակ նոր սպառազինություններ ձեռք բերելու համար։

Իսկ թե հատկապես ում դեմ կարող են ուղղված լինել այդ զենքերը՝ հաշվի առնելով Ալիևի վերջին միլիարդավոր դոլարների սպառազինության գնումները, բավականին հավանական է, որ դրանք դիտարկվեն նախ՝ Իրանի զսպման, ապա՝ Հայաստանի վրա լրացուցիչ ճնշումներ բանեցնելու համատեքստում»,- մանրամասնեց նա:

Այս համատեքստում հավելենք, որ ինչպես ամիսներ առաջ Economyfirst-ի քաղաքական մեկնաբան Կլաուս Ուրգենսն էր գրել իր վերլուծականում, Թուրքիան, որը գտնվում է Սև ծովի, Կովկասի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի խաչմերուկում, անփոխարինելի նշանակություն ունի Մեծ Բրիտանիայի անվտանգության համար Եվրոպայում և ՆԱՏՕ-ում:

Տեսանյութեր

Լրահոս