«Բարձր գույքահարկը նշանակում է՝ այդ մարդկանց ուղղակի վռնդել իրենց տներից». Վարդան Բոստանջյան
Երեկ խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ գույքահարկի բարձրացման վերաբերյալ հարցին։
Նա ասաց, թե շատ են խոսում այն մասին, թե գույքահարկը բարձրացել է ու շատ է։ Ըստ նրա՝ գույքահարկը բարձրացել է, քանի որ դրա հատման բանաձևը կապվել է գույքի շուկայական արժեքի հետ։
«Հիմա, որ գույքահարկը բարձրացել է, դա նշանակում է, որ ձեր տան գինն է բարձրացել, այսինքն՝ եթե դուք ավել գույքահարկ եք վճարում, և դա ձեզ շատ է թվում, դա նշանակում է, որ ձեր տան գինը շատ ավելի բարձր է, քան դուք պատկերացնում եք։
Հիմա այստեղ քննարկվում է, ասում են՝ բայց դե, մարդը տունը չի վաճառում, ինքը դա չի զգում, ես էլ ասում եմ՝ այստեղ ես կարող եմ բերել իմ սեփական օրինակը։ Ես 2005 թվականին ձեռք եմ բերել բնակարան և ես նախորդ տարի իմ բնակարանը, մեր բնակարանը, այն դե յուրե իմը չէ, վաճառել ենք մեր ձեռք բերած գնից մոտավորապես 3 անգամ ավելի թանկ։ Վաճառել ենք, որպեսզի նոր բնակարան ձեռք բերենք։ Այսինքն՝ բարձր գույքահարկը նշանակում է իր գույքի արժեքի բարձրացում։
Սա այն դասական դեպքն է, երբ մենք գումարը քաղաքացու աջ գրպանից վերցնում ու դնում ենք ձախ գրպանը։ Բարձր գույքահարկը նշանակում է՝ քաղաքացին նստած իր տան մեջ՝ հարստացել է, սրա մասին է խոսքը»,- իր խոսքում նշեց Նիկոլ Փաշինյանը։
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ասածը որևէ կերպ չի կարող տեղավորվել տնտեսագիտության տրամաբանության մեջ։
«Դե, նա ինչպես ցանկացած հարցի է այս կերպ պատասխանում, այդպես էլ այս հարցին է պատասխանել։ Տուն ունեցող մարդն այսօր հայտնվել է մի իրավիճակում, որ չգիտի՝ այդ տանն ապրե՞լ, թե՞ չապրել, ու նրան ապակողմնորոշում են, թե՝ ձեր տունը թանկ է, դրա համար գույքահարկը բարձր եք վճարում։ Ի՞նչ կապ ունի այդ թանկացումը, երբ տվյալ պարագայում և տեսանելի հեռանկարում մարդը պարզապես պետք է ապրի այդ տանը ու չունի հնարավորություններ մեծ գույքահարկ տալու»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վարդան Բոստանյանը և հավելեց՝ տվյալ իրավիճակում մարդու տունը կթանկանա՞, թե՞ չի թանկանա, նրան չի հետաքրքրում։ Իսկ այս ամենի արդյունքում կստեղծվի այնպիսի իրավիճակ, որ մարդը ստիպված իր սեփական տանից կազատվի, որպեսզի ազատվի մեծ գույքահարկից։
«Այս ամենը նշանակում է, որ մարդն իր տունը կորցնում է։ Գիտե՞ք՝ իշխանությունն այս ամենով ինչ է ասում, ասում է՝ ձեր տունը տվեք մեզ, դուք գնացեք ուրիշ երկրում ապրեք, տեսնո՞ւմ եք՝ ինչ հիասքանչ միտք է»,- շեշտեց Վարդան Բոստանջյանը։
Տնտեսագետը ևս մեկ անգամ ընդգծեց՝ եթե մարդն ապրում է բարձր գույքահարկով տան մեջ, սակայն չունի հնարավորություն գույքահարկ վճարելու, նշանակում է՝ այդ տանից պետք է հրաժարվի, իսկ տունը հայտնվի այնպիսի մեծահարուստի ձեռքում, ով ի վիճակի է այդ գույքահարկը վճարել։
«Մարդիկ Կենտրոնում ապրում են իրենց բնակարաններում, բարձր գույքահարկը նշանակում է՝ այդ մարդկանց ուղղակի վռնդել իրենց տներից։
Կարծում եմ՝ գուցե սխալվում եմ, ստեղծում են պայմաններ, այդ թվում՝ գույքահարկի, հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման միջոցով, որպեսզի Հայաստանը դադարի գոյություն ունենալ։ Իշխանությունն այսպիսի խնդիր է լուծում, որպեսզի այդ ամենը պատկերացնեք, պատկերացրեք, թե ինչպես Արցախն այլևս գոյություն չունի։ Ուզում են ասել, որ անշարժ գույքը թանկացավ, դրա համար էլ գույքահարկը թանկացա՞վ. հասակն առած կնոջ համար, ով վաղը հրաժեշտ է տալու այս կյանքին, ի՞նչ տարբերություն, թե իր տան գինը որքան է բարձրացել»,- ամփոփելով միտքը՝ նշեց Վարդան Բոստանջյանը։