
«Սա քաղաքական շանտաժ է՝ ուղղված ՀԷՑ-ի սեփականատիրոջը. քաղաքացիների համար ստեղծվելու է ոչ ցանկալի վիճակ». Վարդան Բոստանջյան

Երեկ իրավապահ մարմինները մի քանի ժամ խուզարկում էին հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի Երևանում գտնվող առանձնատունը։ Այս խուզարկությունը հաջորդեց նրան, երբ Սամվել Կարապետյանը հստակ դիրքորոշում արտահայտեց Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ՝ ասելով, որ անթույլատրելի են իշխանության հարձակումները եկեղեցու վրա։
Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանի այս հայտարարությունից հետո սկսեց գրառումներ կատարել ֆեյսբուքյան իր էջում, ըստ էության, չթաքցնելով, որ իր ուղիղ հրահանգով է իրավապահ համակարգն անցել գործի։
Այսօր լուսադեմին իր առանձնատանից Սամվել Կարապետյանն ու Կարեն Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ գնացին ոստիկանության բաժին։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։
Մինչ այս՝ առավոտյան, Նիկոլ Փաշինյանը կրկին գրառում էր արել՝ սպառնալով, որ ՀԷՑ-ը պետք է պետականացվի։
«Կարծում եմ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Դա տեղի կունենա արագ և իմ հանձնարարականն է ՀԷՑ-ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։
Ազգայնացումից (պետականացումից) հետո բարեխղճությունը հաշվի կառնվի»,- նշել է նա։
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի բնորոշմամբ՝ այս ամենը տնտեսագիտական որևէ մեկնաբանություն չունի, այն ամբողջովին քաղաքական է։
«Սա քաղաքական շանտաժ է՝ ուղղված այս պահին ՀԷՑ-ի սեփականատիրոջը։ Դրանից առաջ ստուգումներ իրականացրեցին, ակնհայտ է, որ ուզում են փոխել ՀԷՑ-ի սեփականատիրոջ կարգավիճակը, ինչը չի կարող լավ հետևանքներ ունենալ։
Ակնհայտ է, ընթանում է քաղաքական պայքար՝ 2026 թվականի ընտրություններից առաջ, և իշխանությունն այնպես է ուզում անել, որ հանկարծ որևէ դժվարության առջև չհայտնվեն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վարդան Բոստանջյանը։
Նա ընդգծեց՝ այստեղ ամբողջ ողբերգությունն այն է, որ քաղաքական գործիչներին չի հետաքրքրում ՀԷՑ-ի աշխատանքը, քանի որ նրանք չեն հասկանում՝ այն ավելի լա՞վ կաշխատի ազգայնացումից հետո, թե՞ ոչ։
«Նրանց պարզապես հետաքրքրում է միայն անձնական շահը, հետևաբար՝ խոսելով ազգայնացումից, առաջին հերթին վախեցնում են ՀԷՑ-ի սեփականատիրոջը։ Հայաստանը գտնվում է շուկայակական հարաբերությունների մեջ, պարզ է, որ այդ կառույցը պետք է հայտնվի մասնավոր սեկտորի ձեռքում, այն ունի մեծ շրջանառություն այնպիսի երկրում, ինչպիսին Ռուսաստանի Դաշնությունն է։ Կարծում եմ՝ այդ ազգայնացման հարցն այդքան հեշտ չի լինելու։ Սա ընդհանուր տնտեսական հարաբերությունների կտրվածքով դրական երևույթ չէ։ Նաև բան չի կարող փոխել մեր տնտեսության ու սպառողի կյանքում։ Հակառակը՝ պետականացումից հետո քաղաքացիների համար ստեղծվելու է ոչ ցանկալի վիճակ»,- ընդգծեց Վարդան Բոստանջյանը։