Փաշինյանի հերթական «կտերը»՝ 7 անգամ թանկացված գույքահարկի մասին

Այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ գույքահարկի բարձրացման վերաբերյալ հարցին։

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե գույքահարկի թեման կարևոր է, քանի որ շատ են խոսում այն մասին, թե գույքահարկը բարձրացել է ու շատ է։ Ըստ նրա՝ գույքահարկը բարձրացել է, քանի որ դրա հատման բանաձևը կապվել է գույքի շուկայական արժեքի հետ։

«Հիմա, որ գույքահարկը բարձրացել է, դա նշանակում է, որ ձեր տան գինն է բարձրացել, այսինքն՝ եթե դուք ավել գույքահարկ եք վճարում, և դա ձեզ շատ է թվում, դա նշանակում է, որ ձեր տան գինը շատ ավելի բարձր է, քան դուք պատկերացնում եք։

Հիմա այստեղ քննարկվում է, ասում են՝ բայց դե, մարդը տունը չի վաճառում, ինքը դա չի զգում, ես էլ ասում եմ՝ այստեղ ես կարող եմ բերել իմ սեփական օրինակը։ Ես 2005 թվականին ձեռք եմ բերել բնակարան և ես նախորդ տարի իմ բնակարանը, մեր բնակարանը, այն դե յուրե իմը չէ, վաճառել ենք մեր ձեռք բերած գնից մոտավորապես 3 անգամ ավելի թանկ։ Վաճառել ենք, որպեսզի նոր բնակարան ձեռք բերենք։ Այսինքն՝ բարձր գույքահարկը նշանակում է իր գույքի արժեքի բարձրացում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

Շարունակելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գույքահարկը գնում է համայնքային բյուջեներ, ավելին՝  2019 թվականից ի վեր համայնքային բյուջեները կրկնապատկվել են։ Եվ այդ համայնքի բյուջեն ծախսվում է քաղաքացու կարիքների վրա։

«Հայաստանում մնում է չգնահատված միջավայրային բարեկեցությունը, յուրաքանչյուրը մտածում է միայն սեփական բնակարանի մասին, և երբեք չի մտածում, թե իր տան դռնից այն կողմ ինչ է տեղի ունենում։

Երբ շենքի տանիքը ծակվում է, մարդն ընկնում է թաղապետարանից թաղապետարան, հետո անձրև է գալիս, գույքը փչացնում, և մարդն ասում է՝ մի րոպե, եթե ժամանակին գույքահարկը վճարած լինեի, ավագանի ընտրեի և համայնքային բյուջե ձևավորեի…

Սա այն դասական դեպքն է, երբ մենք գումարը քաղաքացու աջ գրպանից վերցնում ու դնում ենք ձախ գրպանը։ Բարձր գույքահարկը նշանակում է՝ քաղաքացին նստած իր տան մեջ՝ հարստացել է, սրա մասին է խոսքը»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս