
Սա հերթական քվազի քայլն է․ տնտեսագետը՝ «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամ ստեղծելու կառավարության որոշման մասին

Կառավարությունը հերթական նիստում ընդունեց «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» որոշում:
Ըստ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի առաջարկած նախագծի հիմնավորման՝ տեքստիլ արդյունաբերությունը ՀՀ Կառավարության կողմից սահմանված գերակա և տնտեսության առանցքային ճյուղերից է, որն ապահովում է հազարավոր աշխատատեղեր, հատկապես կանանց համար, իսկ հիմնադրամի ստեղծումը կնպաստի ոլորտի համաչափ զարգացմանը, մրցունակության բարձրացմանը, կխթանի մարզային զարգացմանը, արտահանմանը, աշխատատեղերի ստեղծմանը և հայկական տեքստիլի միջազգային ճանաչելիությանը։
Կարճ ասած՝ հիմնավորման մեջ թվարկվում է այն ամենը, ինչն իրականում ենթադրում են Էկոնոմիկայի նախարարության գործառույթները՝ ոլորտի զարգացման համար։
Ամեն դեպքում, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը թյուր է համարում պատկերացումը, թե հիմնադրամի ստեղծումով ոլորտում խթանում տեղի կունենա։
«Տնտեսության շարժիչ լոկոմոտիվն է արդյունաբերությունը, որի համար պայմանները հիմնադրամով չեն ստեղծում։ Դրա փոխարեն՝ գոյություն ունեն ներդրումային հիմնադրամներ, որոնք չեն գտնվում պետության ձեռքում․ այն մասնավոր հատվածի ձեռքում է գտնվում, և մեծ աջակցություն են տալիս տնտեսության, արդյունաբերության տարբեր ուղղությունների համար։
Միայն այն հանգամանքը, երբ շուկայական հարաբերությունների պայմաններում պետությունն ուզում է ազգայնացնել այնպիսի բարդ, ինժեներական ու թանկ կառույց, ինչպիսին ՀԷՑ-ն է, դա արդեն նշանակում է՝ էստեղ խոսք լինել չի կարող արդյունաբերության զարգացման մասին։ Սա հերթական քվազի քայլն է»,- մանրամասնեց Վարդան Բոստանջյանը։