2018-ի Ռոբին Հուդից՝ մինչև դաչեքում ապրող, պադավատից իջնող, կեպկով «Արծվաշեն հետ բերող տղա». #ԴԱՍԵՐ #5
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը հասարակական գործիչ, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն ու Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն են։
Զրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
Էդգար Ղազարյան.– Ամիսներ առաջ Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարեց, որ իրենք կառուցում են կոմունիկացիաներ, նույնն անում են Ադրբեջանում, և Զանգեզուրի միջանցքը բացելն ամիսների հարց է։ Դրանից հետո ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հանդիպել էր Թուրքիայի տրանսպորտի նախարարի հետ, ինչը գաղտնի էր պահվել, սակայն հետո ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ստիպված եղավ խոստովանել։ Այսինքն՝ բեռնափոխադրումների հարցը վաղուց է համաձայնեցվել Փաշինյանի, Ալիևի և Էրդողանի միջև, պարզապես հիմա է Փաշինյանը հայտարարում։ Նա վաղուց Էրդողանին և Ալիևին տվել էր իր համաձայնությունը՝ հայ ժողովրդից գաղտնի պահելով: Այդ էր պատճառը, որ Էրդողանը դեռ անցյալ տարի հայտարարեց՝ Զանգեզուրի միջանցքի հարցում միակ խոչընդոտողն Իրանն է: Այսինքն՝ Փաշինյանը վաղուց համաձայնությունը տվել էր: Իսկ միայն բեռնափոխադրումների մասին են խոսում, որովհետև Թուրքիան պատրաստ չէ հայ-թուրքական սահմանը բացել անգամ 3-րդ երկրների քաղաքացիների կամ ՀՀ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։ Փաշինյանի երեկվա ասուլիսն այն մասին էր, որ ինքն ընդունում է Ալիևի դիրքորոշումները Միջանցքի մասով։ Հայ-իրանական սահմանից հանում են ռուսներին, որ այնտեղ կանգնեցնեն ամերիկացի սահմանապահներին։

Աննա Գրիգորյան.- Իշխանությունների կողմից մեծ արշավ էր գնում, թե՝ տեսեք, մենք այնքան ինքնիշխան ենք, որ ռուսներին հանում ենք սահմանից… Իրականում ռուսներին հանել են Ադրբեջանի պահանջով, որովհետև Խաղաղության պայմանագրում կա կետ, համաձայն որի՝ Հայաստանի տարածքում և սահմանների երկայնքով պետք է բացառվի 3-րդ երկրի ներկայությունը։ Բացառապես սրանով է պայմանավորված ռուսներին Սյունիքից հանելը։ Խոսվում է նաև ԵՄ դիտորդներին դուրս բերելու մասին։ Հարցն այն չէ, թե ինչ են անում եվրոպացի դիտորդները, այլ այն, որ Ալիևն է որոշում՝ մեր երկրում ինչ անենք։ Եվրոպացի դիտորդները, ի դեպ, ի տարբերություն ռուսների, սահմանում չեն կանգնած, այլ տեղակայված են Կապանի մի հյուրանոցի առաջին հարկում։ Այսինքն, երբ Փաշինյանը և նրա թիմն ինքնիշխանության մասին բարձրագոչ հայտարարություններ են անում, թող մարդիկ իմանան՝ իրականում ինչ է կատարվում։
Փաշինյանն ինքն է ստորագրել Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, և եթե այսօր քննարկվում է Միջանցքի հարցը, ապա դա միայն այն պատճառով, որ Փաշինյանն այդ փաստաթուղթը ստորագրել է։ Հիմա կանգնել, խրոխտ ասում է՝ չեմ տալու Միջանցք, ճանապարհ եմ տալու, և այլն: Զանգեզուրի միջանցքի հարցը որևէ կերպ տնտեսական հարց չէ, այլ բացառապես քաղաքական և աշխարհաքաղաքական է։ Ի՞նչ բեռ, դու ի՞նչ բեռ ունես, որ էդտեղով դուրս տանես։ Մի հատ խոսի՛ր տնտեսվարողների հետ, տես պատրա՞ստ են Զանգեզուրի միջանցքով բեռ արտահանել, հատկապես, եթե կա Վրաստանի անվտանգ ճանապարհը։ Այս պահին բոլոր կոմունիկացիաների հարցը չի քննարկվում, այլ բացառապես այդ ճանապարհի, և եթե դա իրողություն դառնա, կտրվելու է մեր ճանապարհային կապն Իրանի հետ, ու Սյունիքի վերահսկողության հարցն օրակարգից դուրս է գալու։
Ժամանակին մենք կարող էինք ունենալ Արցախը՝ Լաչինի միջանցքի հետ միասին, փոխարենը՝ Ադրբեջանին Նախիջևանին կապ տայինք էստակադաների միջոցով, ու չէր կտրվում կապն Իրանի հետ, ինքնիշխանությանն էլ ոչինչ չէր սպառնում։ Սա էր ՀՀ երկրորդ նախագահի բանակցածը։ Իսկ այսօր ի՞նչ ունենք Նիկոլ Փաշինյանի շնորհիվ. Արցախը չկա, Մեղրիով էլ անխոչընդոտ ճանապարհ է պատրաստ տալ։
«Ազատություն» ռ/կ ռեպորտաժը, ի դեպ, նախ ցույց տվեց, որ Մեղրիի տարբերակը չեզոքացվել է, Ադրբեջանը չէր հասել իր նպատակներին, և նաև այն, որ սնանկ էր տարիներ շարունակ տարածվող այն թեզը, թե պառակտում կար Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջև։ Այսինքն՝ այն, ինչ բանակցել էին, բոլորի միջև համաձայնեցված էին բանակցել։
Էդգար Ղազարյան.- Անմտություն էր այդ թեզը։ Եթե Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին հոկտեմբերի 27-ին սպանել էին Մեղրին չհանձնելու համար, ինչպես քարոզչական թեզը տարվում էր այդ տարիներին, բա ինչո՞ւ հետո՝ հոկտեմբերի 27-ից հետո այդ հարցն այլևս չքննարկվեց, այդ տարբերակը բանակցություններից դուրս եկավ։ Մեղրիի թեզը հիմա շրջանառում են, որպեսզի իրենք հանձնեն Մեղրին։ Փաշինյանն է լեգիտիմացնում Ադրբեջանի զավթողական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։
Մենք դեռ ունենք այն հույսը, որ հաջորդ իշխանությունը որևէ պարտավորություն չունի Նիկոլ Փաշինյանի որոշումները կատարելու։
Աննա Գրիգորյան.- Թուրքիան և Ադրբեջանն այս պահի դրությամբ մեր սահմաններին շատ մոտ իրականացնում են զորավարժություններ։ Սյունիքում նույնիսկ մարդիկ անհանգստանում են, այնքան որ մոտիկից են լսվում այդ ձայները։ Իրանում ևս ինտենսիվ զորավարժություններ են տեղի ունենում:

Ցավոք, Իրանի դերակատարությունը փոքր-ինչ նվազել է։ Ես վստահ չեմ, որ Զանգեզուրի միջանցքի ու Սյունիքի մասով Իրանի հայտարարությունները մնացել են ուժի մեջ։ Իրանը մեկ անգամ չէ, որ այս իշխանություններին առաջարկել է պայմանագիր ստորագրել․ մերժե՛լ են։ ՔՊ-ականների մոտեցումն այն է, որ ավելի լավ է՝ Ադրբեջանը գրավի այդ տարածքը, քան հանձնեն, որ իրենց դավաճան չասեն։ Իրենց ներսում նման քննարկումներ կան։ Չեմ բացառում, որ կարող է Ալիևի հետ բեմադրված հարձակում լինի։ Մեր զինվորներն ու բնակչությունն ուղիղ թիրախի տակ են լինելու։
Էդգար Ղազարյան.– Սյունիքում Իրանի գլխավոր հյուպատոսությունը լիարժեք դիվանագիտական լիազորություններ ունի։ Եթե հիմա հարձակում լինի Սյունիքի վրա, դրանով՝ նաև Իրանի հյոուպատոսության վրա, Իրանը կարող է լեգիտիմ իրավունք ունենալ պատասխան հարված հասցնելու։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, թեպետ համաձայնություն տվել էին, բայց մինչև հիմա խոչընդոտում են, որպեսզի Ռուսաստանը Սյունիքում գլխավոր հյուպատոսություն ունենա, որպեսզի Ադրբեջանի հարձակման դեպքում լեգիտիմ ռազմական գործողություններ իրականացնելու հնարավորություն չունենա։
Ալիևը ցույց տվեց Հայաստանի հետ իր հարաբերությունների դրվածքը, երբ Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո իրենց լրագրողն Ալիևին հարցրեց՝ ինչպե՞ս հաջողվեց հարաբերությունների այս բարդ մակարդակում դիալոգի հասնել Հայաստանի հետ։ Ալիևը պատասխանեց՝ դիալոգ չի եղել, այլ եղել է մոնոլոգ։ Այսինքն՝ ինչ հրամայում է, այստեղ Փաշինյանը և նրա թիմը կատարում են։ Օրեր առաջ Վայք գնալիս տեսա, որ Տիգրանաշենի մոտ վերադասավորումներ են տեղի ունենում։
Աննա Գրիգորյան.- Բայց դուք նայեք՝ ոնց է ներկայացնում անկլավների հարցը։ Ասում է՝ բա մենք Արծվաշեն ունենք։ Իբր ինքն Արծվաշեն հետ բերող տղա է, էլի։ Իրականում մենք երբեք ոչ մի Արծվաշեն չենք ստանալու։
Ալեն Սիմոնյանին հարցնում են՝ բա ասում էիր՝ Աղդամն իմ հայրենիքն է, ասում է՝ դե, սխալվել ենք։ Լավ, հայրենիքի հարցում ո՞նց են սխալվում։
Պետք է նայել՝ ինչքան մարդ է դուրս եկել Սյունիքից 44-օրյա պատերազմի պարտությունից ու Արցախի հանձնումից հետո։ Ամենաշատը Սյունիքից են դուրս եկել, որովհետև մարդիկ վախենում են, իրենց անվտանգ չեն զգում։ Ալիևի ամեն հարցազրույցից հետո Սյունիքում մարդիկ պանիկայի մեջ են լինում։
2021թ․ ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանին սյունեցիները ձայն տվեցին՝ հավատալով, որ խաղաղություն կլինի, բայց ժամանակի հետ մարդիկ հասկանում են, որ քանի կա Նիկոլ Փաշինյանը, խաղաղություն հնարավոր չէ, և նույնիսկ ՔՊ-ականները վերջին ժամանակներում Խաղաղության պայմանագրից չեն խոսում։
Էդգար Ղազարյան.- Եթե դու պրագմատիկ դատողություններ ես անում, ու դրանք ինչ-որ ժամանակ հետո դառնում են իրականություն, ուրեմն դու ես մեղավոր։ Այսինքն՝ երբ իրենք են խաբում, նորմալ է, բայց երբ իրականությունն ես ասում, մեղավոր ես։ Ջերմուկը երեք օր հրետակոծվեց, քաղաքում մարդ չմնաց, իրենց երկրում փախստական դարձան, հետո հետ եկան։ Հիմա այնտեղ Նիկոլի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն Իշխան Զաքարյանի հետ ձմեռային խաղեր է անում իբր, մարդիկ գիտեն՝ տոն է։ Ժողովրդի մոտ վտանգի զգացողության տոտալ բթացում են իրականացնում։

Աննա Գրիգորյան.– Գորիս-Կապան ճանապարհը Փաշինյանը հանձնեց Կապանի ընտրություններից ուղիղ մեկ ժամ հետո։ Ադրբեջանի հետ պայմանավորվել էին, որ այդ ժամանակ՝ ընտրություններից անմիջապես հետո, տան, որ մարդիկ գոնե իրենց մի քիչ ձայն՝ քվե տան իրենց։ Ու երբ ես կապանցիներին ասում էի, որ ճանապարհը փակելու են, չէին հավատում, ինձ ասում էին՝ բայղուշ։
Էդգար Ղազարյան.- ՔՊ-ականներն ասում են՝ ամեն բան քննարկելի է, բայց քննարկելի է միայն Ադրբեջանի պահանջների մասով։ Արարատ Միրզոյանն էլ ասում է՝ մի բան միայն քննարկելի չէ՝ արցախցիների՝ Արցախ վերադարձի հարցը։
Արարատ սարի դիմաց պատրաստ են վարագույր քաշել, ամեն պահանջ կատարել, Սահմանադրություն փոխել, ձեռքներին Էրդողանի դեմքը տատու անել, միայն թե սահմանը բացվի։ Բայց էս մարդիկ չեն հասկանում, որ ինչ էլ անեն, ոնց էլ ծառայեն, Թուրքիան սահմանը չի բացելու։ Որպես մարդ, ով կարդացել է Հայաստան-Ադրբեջան պայմանագիրը, կարող եմ ասել, որ նույնիսկ այն կետերը, որտեղ մեր որոշակի շահեր շոշափվում էին, բոլորը դուրս են բերվել փաստաթղթից։
Աննա Գրիգորյան.- Նիկոլ Փաշինյանը փաստացի լուծարում է Հայաստանի Երրորդ Հանրապետությունն՝ իր ինքնությամբ ու բոլոր տարրերով։ Ըստ նրա՝ այս պետությունը տարածք է, որտեղ պետք է միայն ուտել ու զվարճանալ։ Ստեղծում է մի մուտանտ պետություն, որտեղ կարևոր չի, որ քո քաղաքացին գերության մեջ է, որտեղ դատում են զինվորականներին, որ վաղը պատերազմի դեպքում որևէ մեկը չհամարձակվի որոշում կայացնել, որտեղ հերքում են Ցեղասպանության հարցը։

Էդգար Ղազարյան.- Փաշինյանի 2021–2026թթ․Կառավարության ծրագրում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մի առանձին դրույթ է։ Հիմա իրենք հետ են կանգնում իրենց իսկ գրած կառավարության ծրագիրն իրականացնելուց։
Աննա Գրիգորյան.- Բյուջեն պակասորդ ունի։ Պետք է լցնեն։ Չեն ուզում կրճատեն իրենց դաչաների, վոյաժների, գործուղումների, պադավատների ծախսերը, ու ստացվում է՝ բյուջեն պետք է լցնի ժողովուրդը։
Էդգար Ղազարյան.- Չի կարող մի երկիր ղեկավարել Նիկոլ Փաշինյանը, ու այդ երկիրը պրոբլեմ չունենա։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը քաղծառայության համակարգում որևէ պետական պաշտոն չի կարող զբաղեցնել, որովհետև բարձրագույն կրթություն չունի։ Հիմա էդ մարդը ո՞նց կարող է պետություն ղեկավարել։ Ռոբին Հուդի կերպարի մեջ եկավ, հիմա իր կայացրած բոլոր որոշումները հօգուտ հարուստների են։
Աննա Գրիգորյան.– Մարդկանց մոտ իրականում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ այս թանկացումների ֆոնին վերաբերմունք է փոխվել։ Մարդիկ տեսնում են, որ Փաշինյանի ասած 3 միլիոն վարչապետներից մեկը շքեղ կյանքով է ապրում, իր տան վրա միլիոններ են ծախսվում, ավտոշարասյունով է ման գալիս, բայց իր կյանքը վատանում է, գույքահարկը բարձրանում է, տրանսպորտը թանկանում է։ Նիկոլ Փաշինյանին թվում է՝ մարդիկ չեն հասկանում, որ երբ կեպկեն գլխին ավտոշարասյունից իջնում է, ինքը էլ նույն 2018թ․ Նիկոլը չէ։ Եթե փոքր սոցիալական թեմայով հաջողի քաղաքացին, կարող է ավելի ազգային կարևոր հարցերի վերաբերյալ դիրքորոշում հայտնել։
Մանրամասները՝ տեսանյութում։



