Փրկել «Եռաբլուրը» պղծումից. հունիսի 7-ի միակ խորհուրդը

Եվրոպական համայնքի գագաթնաժողովը, որ ավելի շատ նման էր «Եվրատեսիլի» քաղաքական տարբերակի, վերջնականապես արձանագրեց, որ ՔՊ-ական իշխանությունը կատարել է հինգ տարի առաջ խոստացած՝ «Անջատում՝ հանուն փրկության» կարգախոսը:

2021 թվականի խորհրդարանական ընտրություններում այդ սկզբունքով ՔՊ-ն խոստանում էր իրացնել Արցախի ինքնորոշման իրավունքը: Երկու օր առաջ, սակայն, Երևանում «Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքը կիրառվեց Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանության համար: Նրանք վերջնականապես ու ամբողջությամբ անջատվեցին ամենայն հայկականից՝ հանուն իրենց իշխանության փրկության: Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում, ՀՀ նոմինալ իշխանությունը զբաղեցնողների կախ ականջների ուղեկցությամբ և հորթային հրճվանքի պայմաններում Իլհամ Ալիևը հեռավար կերպով հայտարարեց, որ Ադրբեջանը վերացրել է «սեպարատիզմն» Արցախում և հիմա «արդարադատություն է իրականացնում պատերազմական հանցագործների նկատմամբ»:

Այս հայտարարությանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում լսողները ոչ միայն որևէ կերպ չհակադրվեցին, այլև լսողներից գլխավորը՝ առաջին համարի ստրուկի նման շնորհակալություն հայտնեց:

Այդ շնորհակալությունն այդ դահլիճում հավաքվածների ու աշխարհից բոլոր հետևողների համար Հայաստանի Հանրապետության շնորհակալությունն էր, որովհետև որքան էլ իշխանությունը՝ բռնազավթված ու ավտորիտար, միևնույն է՝ այլոց համար դրա ներկայացուցչի կողմից հնչող խոսքը ողջ հանրության ու պետության խոսք է:

Կարդացեք նաև

Շնորհակալություն հայտնելով Ալիևին՝ Արցախը «սեպարատիստներից ազատագրելու» ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը որպես «պատերազմի հանցագործներ դատելու համար», Նիկոլ Փաշինյանը հայ հանրության հետ վարվեց այնպես, ինչպես նրա ամենալկտի մանկլավիկը՝ սփյուռքահայ մեր հայրենակիցներից մեկի պարագային:

Նա թքեց ոստիկանահրոսակախմբերով աքցանված հայ հասարակության երեսին այնպես, ինչպես այն մյուսն էր թքել սեփական թիկնապահների պատանդառած մարդու երեսին:

Այդ հայտարարությունից, Ալիևին հայ ժողովրդի անունից հայ ժողովրդին նվաստացնելու համար շնորհակալություն հայտնելուց հետո, այդ նույն հայ ժողովուրդն ունի մեկ, ընդամենը մեկ հնարավորություն՝ կիրառելու նույն՝ «Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքը՝ սեփական կյանքի ու սեփական պետությունից դեռևս մնացած փշրանքների համար:

Հունիսի 7-ի ընտրությունն այլևս ընտրություն չէ՝ իշխանության ձևավորման համար: Այն ընտրություն է իշխանության ազգային պատկանելությունը որոշելու մասին: Որևէ պարագայում, որևէ ձևաչափով ՔՊ-ի իշխանության պահպանումը նշանակելու է, որ հունիսի 8-ից սկսած Հայաստանում արդեն պաշտոնապես հաստատվելու է Ադրբեջանին ենթակա իշխանություն:

Հաջորդիվ այն չի սահմանափակվելու միայն ադրբեջանական նվաստացումների համար երախտիքներով, այլ նաև այստեղ՝ Հայաստանում, դատելու է անցած բոլոր պատերազմների մասնակիցներին:

Այս պահին հնչում է սատանայական, բայց մի օր այդ իշխանությունը պղծելու է նաև «Եռաբլուրը», որտեղ հանգչում են հայ ժողովրդի հերոսները, ովքեր, սակայն, երկու օր առաջվա շնորհակալությունից հետո վերածվեցին «սեպարատիստների» ու «պատերազմի հանցագործների»:

Թույլ տալ ՔՊ-ի իշխանության վերարտադրությունը, նշանակում է կանաչ լույս վառել «Եռաբլուրի» պղծման համար:

Այս իրողությունը հասարակությանը հասցնելու համար բոլոր ընդդիմադիրներն ունեն ուղիղ մեկ ամիս ժամանակ: Հակառակ դեպքում տեսանելի ապագայում հայ ժողովրդի մեծ մասը ստիպված է լինելու արդեն անձնապես կիրառել «Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքը՝ տարանջատվելով սեփական երկրից՝ սեփական կյանքը փրկելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031