Ազնվության խնդիր. պայքար իշխանության դե՞մ, թե՞ իշխանության համար

Խորհրդարանական ընտրություններին մնացել է ուղիղ մեկ ամիս: Գնահատականները, որ սրանք ուղղակի իշխանության ձևավորման համար ընտրություններ չեն, որ հունիսի 7-ին գոյաբանական հարց է որոշվելու, հնչել են բավարար չափով: Բայց հասարակության վերաբերմունքը համարժեք չէ այդ կենսական կարևորությանը:

Եթերներում, սոցցանցերում արտահայտվող  գոյաբանական սպառնալիքների ահազանգերը հանրության կողմից նույնպիսի վերաբերմունքի չեն հանդիպում, ինչը, երբեմն՝ արդարացիորեն, ավելի հաճախ՝ անհիմն մեղադրանքների պատճառ է դառնում՝ ուղղված պարզ մարդկանց: Հանրային ապատիա, Հայաստանում, իհարկե, կա, և, ցավոք, այն գնալով խորանում է: Բայց այդ ապատիան ունի բազմաշերտ, խորքային պատճառներ և առնվազն արդար ու հիմնավորված չէ ուղղակի միագիծ կերպով մեղադրել քաղաքացիներին երկրի հանդեպ անտարբեր լինելու, նրա ճակատագրի վրա թքած ունենալու մեջ:

Իսկ այդ խորքային պատճառներից ամենակարևորը վերաբերում է արդեն ոչ թե հանրությանը, այլ քաղաքականությամբ զբաղվողներին, ավելի կոնկրետ՝ նրանց դրդապատճառներին:

Ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը ներկայանում են երկու հայեցակարգային մոտեցումներով՝ պայքար իշխանության դեմ և պայքար իշխանության համար: Առաջին հայացքից կարող է թվալ, թե դրանք նույնական հայեցակարգեր են, սակայն այդպես կարող է լինել միայն հարաբերականորեն կայուն երկրներում, երբ կուսակցությունները պայքարում են իշխանության դեմ՝ իշխանություն ձևավորելու նպատակով:

Կարդացեք նաև

Ո՛չ սովորական, ո՛չ ստանդարտ իրավիճակներում, երբ զոհասեղանին դրված են ոչ թե էլեկտորալ խնդիրներ, այլ պետության լինելիությունը, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, եթե իսկապես ցանկանում են փրկել երկիրը, պետք է մասնակցեն իշխանության դեմ պայքարի անվերապահ հայեցակարգով՝ երկրորդական համարելով ապագա իշխանության մեջ իրենց ներկայացվածության հարցը: Եվ հակառակը՝ եթե նման պայմաններում քաղաքական ուժերը ցույց են տալիս, որ պայքարում են ոչ միայն և ոչ այնքան՝ իշխանության դեմ, որքան իշխանություն ձևավորելու համար, նրանց պայքարը պակաս համարժեք է դառնում պետության առջև ծառացած գոյաբանական խնդիրներին:

Այս սահմանագիծը շատ նուրբ է, որևէ ուժ, բնականաբար, չի հայտարարում, թե իր համար կարևորը ոչ թե պետությունից մնացածը փրկելն է, այլ զուտ իշխանությունը: Բայց պարզ մարդիկ, հասարակությունը գուցե բնազդային մակարդակում այդ տարբերությունը զգում է և ըստ այդ զգացածի էլ ձևավորում է առանձին քաղաքական ուժերի և ընդհանուր առմամբ ընտրությունների նկատմամբ վերաբերմունքը:

Այսօրվա հանրային ապատիկ վերաբերմունքը, առնվազն հասարակության որակյալ շերտերի պարագայում, մեծ հավանականությամբ, պայմանավորված է հենց այդ հանգամանքով՝ մարդիկ չեն ուզում նախանձախնդիր կերպով մասնակցել մի գործընթացի, որի մասնակիցների առնվազն մի մասի համար խնդիրը ոչ թե պայքարն է իշխանության դեմ, այլ պայքարը՝ հանուն իշխանության:

Առջևում դեռ մեկ ամիս ժամանակ կա, և քաղաքական ուժերը տեսականորեն կարող են կոտրել այս ապատիան և դա կարող են անել միայն հանրությանը սեփական մղումների ազնվության մեջ համոզելու միջոցով: Այլ հարց է՝ կա՞ն արդյոք այդ մղումներն իրականում, թե՞ պարզ մարդկանց բնազդային զգացողությունը, այնուամենայնիվ, ճիշտ է:

Հարություն Ավետիսյան  

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031