Պատերազմն ու խաղաղությունը մի անձից կախված չեն. Ալիևը մեր արժանապատվությունը ցեխի մեջ է գցում. Հայաստանի զիջումները պետք է վերջ ունենան. Հրայր Բալյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ամերիկահայ կոնֆլիկտաբան, միջազգային հակամարտությունների կարգավորման և բանակցությունների մասնագետ (Conflict Resolution, International Law, Mediation), իրավագիտության դոկտոր Հրայր Բալյանն է։
Հրայր Բալյանը եղել է ԱՄՆ-ի 39-րդ նախագահ Ջիմի Քարտերի ելույթների հեղինակներից, նա 2008-2022թթ. եղել է «Քարտեր կենտրոնի» (The Carter Center) Հակամարտությունների լուծման ծրագրի տնօրենը: Նա աշխատել է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և մի շարք հեղինակավոր հասարակական կազմակերպությունների համար և ղեկավար պաշտոններ զբաղեցրել Ժնևի «Իրավունքի և հակամարտությունների կարգավորման Կովկաս կենտրոն»-ում (Covcas Center for Law and Conflict Resolution), Սարաևոյի Միջազգային ճգնաժամային խմբում (International Crisis Group) և այլ հաստատություններում։ Բացի դաշտային աշխատանքից, Հրայր Բալյանն իրավաբանական պրակտիկա է անցել Միացյալ Նահանգներում և իր փորձառության մանրամասները դասախոսությունների միջոցով ներկայացրել է աշխարհի մի շարք համալսարաններում և ակադեմիական հաստատություններում: Ներկայում նրա ուսումնասիրության առարկաներն են Հարավային Կովկասը և Լևանտը։
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը ժողովրդին սպառնում, շանտաժի ենթարկում՝ վախեցնելով պատերազմով, նույնիսկ ժամկետ է նշում՝ եթե ինքը չվերընտրվի, ապա սեպտեմբերին պատերազմ կլինի, հիմա էլ իր թիմակիցներն ասում են՝ եթե Նիկոլ Փաշինյանը չլինի, Հայաստանը չի լինի:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Եթե մենք Հունգարիայի արդեն նախկին վարչապետ Վիկտոր Օրբանից օրինակ ենք վերցնում, ով նույնպես իր ժողովրդին ասում էր՝ եթե ինքը չընտրվի, Ուկրաինայի հետ պատերազմ կսկսվի, մենք այլ օրինակ կտեսնենք։ Հունգարիայում էլ ժողովուրդը չհավատաց նրա այդ խոսքերին ու գնաց ընտրեց հավաքական ընդդիմությանը։
- Պատերազմն ու խաղաղությունը մի անձից կախված չեն։ Դրանք տարբեր գործոններից են կախված՝ Հայաստանի պաշտպանողականությունից, Ադրբեջանի ներքին վիճակից, միջազգային դրությունից… Փաշինյանի այդ շանտաժը միայն ժողովրդին պառակտելուն ու վախեցնելուն են միտված։
- Ես չեմ կարող ասել՝ իր (Փաշինյանի,- հեղ.) մտքի մեջ ի՞նչ կա, կամ արդյո՞ք պայմանավորվածություն ունի Ադրբեջանի հետ, թե՞ ոչ, որ պատերազմի սկսման ժամկետներ է նշում։
Ճիշտ չէ ընտրությունների գնալ պատերազմի սպառնալիքներով։ Չեմ կարող ու չեմ ուզում կռահել՝ վարչապետի մտքի մեջ ինչ կա, որ խոսում է իր չընտրվելու դեպքում հավանական պատերազմի մասին։
- Խաղաղության պայմանագիրը ընդամենը նախաստորագրված է, իրավական ուժ չունի և ունի շատ բացթողումներ։ Եթե այս տեսքով ստորագրվի, խնդիր է։ Այդ փաստաթղթի մեջ ոչ մի խոսք չկա Բաքվում պահվող 19 պատանդների մասին, խոսք չկա Հայաստանի օկուպացված տարածքների մասին։ Այլ հարցեր նույնպես կան, որոնք գոյություն չունեն այդ նախաստորագրված փաստաթղթի մեջ։
- Մեր առջև Ադրբեջանը ոչ միայն պահանջներ է դնում, այլև թշնամական քայլեր է անում մեր նկատմամբ։ Վերջինը Ստեփանակերտի Մայր տաճարի կործանումն էր ադրբեջանցիների կողմից։ Բաքվից վատ ուղերձներ են գալիս։
- Թղթի կտորի վրա կարելի է երկու կողմերի միջև խաղաղության պայմանագիր ստորագրել, բայց որպեսզի այդ թղթի կտորով ժողովուրդների միջև խաղաղություն հաստատվի, երկու ժողովուրդների միջև հարցերը պետք է լուծվեն։ Քանի դեռ այդ հարցերը չեն լուծվել, խաղաղություն չի կարող լինել։ Թղթի վրա հաստատված խաղաղությունը շատ հեշտ է խափանել։ Քանի դեռ Ադրբեջանում հայատյացությունը չի նահանջել, խաղաղություն չի կարող լինել։
- Ադրբեջանի բանակն այսօր վերահսկում է Արցախն ու Արցախի շուրջ գտնվող 7 շրջանները։ Քանի՞ ադրբեջանցի վերադարձավ այնտեղ․․․ Մի քանի հարյո՞ւր․․․ Եթե Ադրբեջանի վերահսկողության տակ ագտնվող տարածքներ չեն գնում՝ բնակվելու, 300.000 ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի խոսույթն անհեթեթ եմ համարում։
Հիշեցնենք. Իլհամ Ալիևը 2025թ. դեկտեմբերի 18-ին հայտարարել էր, որ 300.000 ադրբեջանցիներ դիմել են ՀՀ կառավարությանը վերադարձի պայմաններ ստեղծելու խնդրով՝ հավելելով, որ այդ հարցի շուրջ դեռ ՀՀ իշխանությունների պատասխանին են սպասում։
- Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը, Հայաստանը համանման պահանջ չի ներկայացնում, և առհասարակ կողմերն անհավասար պայմանների մեջ են գտնվում։ Ադրբեջանի ներկայացրած պահանջները հակադրվում են խաղաղության պայմանագրի ոգուն։ Նախաստորագրված թղթի շատ կետեր է արդեն խախտել Ադրբեջանը։ Այս պարագայում Հայաստանն էլ պետք է պահանջներ ներկայացնի՝ դուրս բերել իր զորքը Հայաստանի օկուպացված տարածքներից, դադարեցնել ոչնչացնել Արցախի պատմամշակութային կոթողները, վերջ տալ հայատյացության խոսույթին։
- Ալիևը 19 պատանդներին պահում է մեզ նվաստացնելու, մեր արժանապատվությունը ցեխի մեջ գցելու համար։ Հայաստանի զիջումները պետք է վերջ ունենան։ Հայաստանը պետք է պահանջի վերադարձնել պատանդներին։
- Տեսա նոր անձնագրերում Խոր Վիրապի նկարը հակառակ կողմից, որ Արարատը չերևա… Կարծում եմ՝ հաջորդ քայլը պետք է լինի սահմանի վրա վարագույր քաշելը, որ հայերը Արարատը չտեսնեն։
- Բանակցողի փոփոխությունը կախված է ժողովրդի քվեից։ Թե ինչպես կքվեարկի ժողովուրդը, կտեսնենք հունիսի 7-ին։
- Այսօր գտնվում ենք պատմության այնպիսի հանգրվանի վրա, երբ միջազգային և նույնիսկ տեղական իրավունքներն անտեսվում են գերտերությունների ու նրանց դաշնակիցների կողմից։ Նույնիսկ Ամերիկան է հանդես գալիս ուժի կիրառման դիրքերից՝ անտեսելով միջազգային իրավունքը։ Իրանի դեմ պատերազմը դրա վառ օրինակն է։ Թուրքիան նույն բանն անում է իր երկրի ներսում փոքրամասնությունների, մասնավորապես՝ քրդերի դեմ։ Նույնն անում է Իսրայելը։ Աշխարհի բոլոր կողմերում ուժն է որոշում։ Սա սկսվել է 10-15 տարի առաջ ու գնալով սաստկանում է։ Թե երբ կվերադառնանք իրավունքի դաշտ, չեմ կարող ասել։ Ուրիշների ուժի դեմ մենք պետք է հակադրենք մեր ուժը՝ հույս չդնելով միայն իրավունքի վրա։
- Արցախի էջը հնարավոր չէ փակել։ Միայն Արցախի տեղահանված ժողովուրդը կարող է փակել այդ էջը, նրանք էլ նման մտադրություն չունեն։ Արցախցիներն ունեն վերադարձի իրավունք, իրենց գույքը տիրապետելու իրավունք, և Հայաստանի պարտքն ու պարտավորությունն է օգնել արցախցիներին այդ հարցում։
- Մեղրիի հարցը բանակցություններում արծարծվել է Հեյդար Ալիևի կողմից, երբ սկսած 1999թ․–ից մինչև Քի Վեսթ, բանակցում էր Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ալիևն առաջարկել է Մեղրին փոխարինել Ղարաբաղով ու Լաչինի միջանցքով։ Հայաստանի կառավարությունն առաջարկել է միայն Ադրբեջանին ճանապարհ տալ Հայաստանի սուվերեն տարածքով։ Թող Հայաստանի կառավարությունը հրապարակի փաստաթուղթ, որ Մեղրին փոխարինելու փաստաթուղթ է բանակցվել. չկա՛ նման բան, եթե լիներ, կհրապարակեին։
- Մեղրիով Ադրբեջանին տարածք տրամադրելու առաջարկը եկել է Թուրքիայի նախագահից։ Փոլ Գոբլը սա վերցրեց ու ներկայացրեց՝ որպես ծրագիր, ինչը մեջտեղ բերվեց 1999թ․ բանակցությունների ժամանակ ու 2001թ․ Քի Վիեսթի բանակցությունների ժամանակ։
- TRIPP-ը Գոբլի պլանը չէ, տարբեր է։ TRIPP-ի փաստաթուղթը շատ թերություններ ունի, ու մենք դեռ չգիտենք՝ ինչ օգուտներ ու վնասներ կտա այն մեզ, քանի դեռ մանրամասները բանակցված չեն, ու մենք տեղյակ չենք դրանից։ Ինչպես ասում են՝ սատանան մանրուքների մեջ է։ Ես Թրամփի գովեստով չեմ ուզում զբաղվել, բայց TRIPP-ով նվազագույնը Հայաստանի դեմ պատերազմը հետաձգվեց։
- Հայաստանն ԱՄՆ-ին պետք է այնքանով, որ մեկ միլիոնից ավելի հայ ձայն ունի Ամերիկայում՝ որպես ընտրող։
- TRIPP-ը Միջին միջանցքի մաս է, ու դրանով այն կարևորություն ունի տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Իրանի, ինչպես նաև՝ ԱՄՆ-ի ու Եվրոպայի համար։
- Հաջորդ շաբաթ՝ մայիսի 4-5-ին, Երևանում են գտնվելու եվրոպական գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարները։ Սա աջակցության ցույց է Նիկոլ Փաշինյանին։ Այլ առավելություն Հայաստանի համար այս գագաթնաժողովը չի կարող ունենալ։ Այդ երկու օրերին Հայաստանը միջազգային լրահոսի կենտրոնում է լինելու, և թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը պետք է հասկանա՝ ինչպես օգուտ քաղել դրանից։ Արդյո՞ք կարող է ընդդիմությունն այնպիսի ցույցեր կազմակերպել, որ եվրոպացի ղեկավարներն իմանան՝ Բաքվում մենք պատանդներ ունենք, ու քանի դեռ նրանք չեն հայրենադարձվել, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն չի լինելու։ Եվրոպական երկրների ղեկավարները պետք է իմանան ու ամաչեն, հարցը բարձրացնեն Բաքվի առաջ։
- Չեմ զարմանա, որ Եվրոպական գագաթնաժողովից հետո ընդդիմադիրների դեմ ճնշումները սաստկանան՝ ապահովելու համար Փաշինյանի վերարտադրությունը։
- Եթե մի օր արցախցիների վերադարձի վերաբերյալ բանակցություններ սկսվեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային փաստաթղթերն առոչինչ կլինեն, եթե դրանք օգտագործելու համար բավականաչափ քաղաքական կամք չլինի։
- Սումգայիթի, Բաքվի ջարդերը, Արցախի էթնիկ զտումը քրեական հանցանքներ են, որոնք վաղեմության ժամկետ չունեն։ Այդ հայցերը ներկայացված են, միջազգային դատարաններում քննվում են այդ հայցերը, սակայն խաղաղության նախաստորագրված պայմանագրում առաջ է քաշված հայցերի հետկանչի հարցերը, ինչը սխալ է։ Այդ ճանապարհով մենք նորից ընտրելու ենք ուժի կիրառման ճանապարհը՝ միջազգային իրավունքի փոխարեն։
- Հայաստանի ղեկավարությունն այս կամ այն կերպ փորձում է ուրանալ Ցեղասպանությունը, նույնիսկ հայ ժողովրդին է մեղադրում դրա մեջ, բայց ապրիլի 23-ի ջահերթը և ապրիլի 24-ի ժողովրդի երթը դեպի Ցեղասպանության հուշահամալիր ցույց տվեց, թե ժողովուրդն ինչ կարծիք ունի դրա նկատմամբ։

- Թեպետ չափազանց վնասներ կրած, բայց Իրանն այս պահի դրւթյամբ հաղթական է դուրս եկել այս պատերազմից։ Ո՛չ Իսրայելը, ո՛չ ԱՄՆ-ը չհասան իրենց նպատակների իրագործմանը․ Իրանի պետականությունը չփլուզվեց։ Իրանում, որքան էլ ԱՄՆ-ը հայտարարի, ռեժիմ չի փոխվել։ Հակառակը, ավելի արմատական տրամադրված անձինք են եկել իշխանության Իրանում։ Այսօրվա պայմաններում TRIPP-ի տրամաբանությունն ամբողջովին կարող է փոխվել։
- Հայաստանի՝ ԵՄ անդամակցությունը միայն Հայաստանից չէ կախված, այլ առավելապես՝ Եվրոպայից։ Քանի դեռ Եվրոպան Ուկրաինայի հարցը չի լուծել, ո՛չ ժամանակ, ո՛չ էլ ցանկություն ունի Հայաստանով զբաղվելու։
- Շատ ծանր մթնոլորտ էր Պուտին-Փաշինյան հանդիպմանը՝ սպառնալիքը սպառնալիքի վրա էր հնչում։ Պուտինը սպառնում էր Փաշինյանին Հայաստանի տնտեսական ծանր կացությամբ։ Ռուսաստանի հետ հարցերին զգուշորեն պետք է մոտենանք։ Հայաստանը ծանր տնտեսական կացության մեջ կարող է հայտնվել, եթե խոհեմ չլինի:




