Գերմանիայի հնգակի չեմպիոն Նիկլաս Զյուլեն ավարտել է կարիերան 30 տարեկանում
Նիկլաս Զյուլեն հայտարարել է, որ 30 տարեկանում ավարտում է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան։ «Բորուսիա Դորտմունդի» պաշտպանի խոսքով՝ նման որոշում է կայացրել ապրիլի 18-ին «Հոֆենհայմի» դեմ խաղում (1:2) ստացած ծնկի վնասվածքից հետո։
Զյուլեն հանդես է եկել «Հոֆենհայմում», «Բավարիայում» և «Բորուսիայում»՝ նվաճելով 14 տիտղոս, այդ թվում՝ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգան։
«Ուզում եմ հայտարարել, որ այս ամռանը ավարտում եմ կարիերաս։ Մեր բժիշկը հանդերձարանում զննեց ինձ, նայեց ֆիզիոթերապևտին ու գլուխը տարուբերեց։ Գնացի լոգասենյակ ու մոտ 10 րոպե լաց եղա՝ մտածելով. «Խաչաձև կապանը պատռվել է»։ Հաջորդ օրը ՄՌՏ անցա և լավ լուր ստացա, բայց այդ պահին ինձ համար հազար տոկոսով պարզ դարձավ, որ վերջ, ամեն ինչ ավարտված է»,- Զյուլեի խոսքերն է փոխանցում «Բորուսիայի» պաշտոնական կայքը։



