Եվրամիությունը կառավարում է բռնաճնշումները Հայաստանում. Հրանտ Միքայելյան
Եվրամիությունը ոչ միայն չի նկատում Հայաստանում իրականացվող բռնաճնշումներն ու քաղաքական հետապնդումները գործող իշխանության կողմից, այլև կառավարում է բռնաճնշումները Հայաստանում։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ խոսելով այս շաբաթ Երևանում անցկացված եվրոպական գագաթնաժողովների և եվրոպական առաջնորդների կողմից Հայաստանում մարդու իրավունքների վիճակին չանդրադառնալու թեմայի մասին։

Քաղաքագետին առաջին հերթին շատ հետաքրքիր է իրավաբանների գնահատականն այն հարցին, թե Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա հայտարարությամբ՝ Ազգային ժողովում խնդիր է ձևակերպել, որ ընդդիմադիր երեք ուժերը՝ «Ուժեղ Հայաստան»-ը, «Հայաստան» դաշինքը և ԲՀԿ-ն, չհաղթահարեն խորհրդարան անցնելու անհրաժեշտ ընտրական շեմը, ՀՀ քրեական օրենսգրքի քանի՞ հոդված է խախտել։
«Փաշինյանն իր այս հայտարարություններով ուղղակի ցույց է տալիս իր մտադրությունը, որ ինքը ոչ թե ընտրություններ պետք է անցկացնի, այլ ընտրական գործընթացն այնպես պետք է մանիպուլացնի, որ ինքը հաղթի՝ անկախ նրանից, թե ժողովուրդն ինչ է ուզում։ Մինչդեռ նա ժամանակին հայտարարում էր, որ «եթե ժողովուրդը պահանջի, ես հրաժարական կտամ…», և այլն, բայց մի գիծ մնաց անփոփոխ. 2018 թվականին նա հայտարարել էր՝ «եթե ես վարչապետ չդառնամ, Հայաստանը վարչապետ չի ունենա», և հիմա էլ իր ընտրարշավի կարգախոսներից մեկը, որն արդեն պաստառներով փակցրել են, հետևյալն է.
«Առանց Փաշինյանի չկա Հայաստան»։ Այսինքն՝ նրանք սպառնում են Հայաստանը վերացնել։ Ես այդպես եմ հասկանում դա, որովհետև Փաշինյանին հեռացնելու հարց է դրված, Փաշինյանի վարկանիշը բավականին ցածր է, իսկ նրանք ասում են՝ «առանց Փաշինյանի չկա Հայաստան»։ Եվ այսպիսով, ես կարծում եմ՝ այս իրավիճակը ցույց է տալիս, որ Փաշինյանն իսկապես դարձել է լուրջ սպառնալիք Հայաստանի համար և նույնիսկ չի էլ գիտակցում, թե ինչ հայտարարություններ է անում՝ ամբողջությամբ վերահսկելով իրավական համակարգը և չգիտակցելով, թե ինչ աստիճանի է խախտում բոլոր նորմերը և պետության իրավական բնույթը»,- մեկնաբանեց Հրանտ Միքայելյանը։
Քաղաքագետը հավելում է՝ Փաշինյանը ստացել է սոցիոլոգիական տվյալները, որոնց համաձայն՝ իր վարկանիշը բավականին ցածր է, ուստի տարբեր միջոցներ է ձեռնարկում իր կուսակցության վերընտրությունն ապահովելու նպատակով, օրինակ՝ երկրում բնակչության լայնածավալ կաշառում է տեղի ունենում։
«Բոլորին փորձում են կաշառել։ Օրինակ՝ վերջերս ՀԷՑ-ում 30.000 դրամ են բաժանել 3700 աշխատողի վրա։ Հիմա դա ընտրակաշա՞ռք է, թե՞ ոչ»,- նշում է զրուցակիցը։
Մայիսի 4-ին և 5-ին Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովի և Հայաստան-Եվրամիություն անդրանիկ գագաթնաժողովի ազդեցությամբ Հայաստանի եվրաինտեգրման հարցի շուրջ քննարկումների թեմային և Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված համատեղ հռչակագրի բովանդակությանն անդրադառնալով՝ քաղաքագետն ընդգծում է, որ Եվրամիությունն առաջարկ չունի Հայաստանի համար, և ԵՄ-ին ՀՀ անդամակցության հարց իրականում չկա օրակարգում։ Միքայելյանի խոսքով՝ այս բոլոր հռչակագրային հայտարարություններն ու գեղեցիկ ձևակերպումները զուտ մարդկանց աչքերին թոզ փչելու և Նիկոլ Փաշինյանին նախընտրական աջակցություն ցուցաբերելու նպատակով են արվում։
Քաղաքագետը նաև շեշտում է՝ Հայաստանի կարևորագույն խնդիրը պետության անվտանգությունն ապահովելն է, իսկ Եվրամիությունը չի կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը
«Այս միջոցառումը հիմնականում ունեցել է քարոզչական բնույթ, որպեսզի Փաշինյանը վերընտրվի, որովհետև, օրինակ՝ երկու տարի առաջ Մեծ Բրիտանիայում նման միջոցառումը՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, անցկացվել է հուլիսին։ Ո՞վ էր խանգարում, որ այս միջոցառումն անցկացվեր, օրինակ՝ հուլիսի 15-ին։ Այդ դեպքում ոչ ոք չէր ասի, որ Եվրամիությունը խառնվում է Հայաստանի գործերին»,- նշում է Հրանտ Միքայելյանը։
Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանն արդեն դարձել է աշխարհաքաղաքական պայքարի թատերաբեմ, և դա լուրջ վտանգներ է պարունակում։ Քաղաքագետն այս գնահատականը տալիս է՝ կրկին կապված եվրոպական գագաթնաժողովների անցկացման և դրանց շուրջ ամբողջ աղմուկի կապակցությամբ։
«Միանշանակ Հայաստանն արդեն աշխարհաքաղաքական պայքարի թատերաբեմ է։ Նախ՝ իր կամքից անկախ, որովհետև 2014 թվականից, երբ Արևմուտքի և Ռուսաստանի միջև հակամարտությունը դարձավ արդեն անհերքելի իրականություն, Հայաստանի կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունը դարձավ շատ խնդրահարույց, և գրեթե անհնար էր պահպանել դա, և այսպես ասած՝ անկախ քաղաքական կուրսի պահպանումը պահանջում էր որոշակի ուրիշ քայլեր, որոնք արդեն ուշացել են։ Ինչևէ, այն, որ Հայաստանը դարձել է աշխարհաքաղաքական պայքարի թատերաբեմ, ես կարող եմ դրա հետևանքներից մի քանիսը թվարկել։ Առաջինը՝ 2018 թվականի, այսպես կոչված՝ «թավշյա հեղափոխությունն» աշխարհաքաղաքական պայքարի հետևանք է։

Երկրորդը՝ Արցախի կորուստը 2020 թվականի պատերազմին նույնպես աշխարհաքաղաքական պայքարի հետևանք է։ Երրորդը՝ տեղի ունեցող Ռուսաստանի տնտեսական ճնշումները Հայաստանի նկատմամբ։ Մենք դեռ շատ բան ունենք կորցնելու և շատ բան ունենք պահպանելու, ինչ-որ տեղ՝ վերգտնելու։ Այդ ամենը կախված է ճիշտ արտաքին քաղաքականությունից…
Այս բոլոր քայլերը ենթադրում են շատ ավելի ուրիշ արտաքին քաղաքականություն, քան վարվում է այսօր։ Իսկ գնալ, ժպիտների որս անել կամ անձնական օգուտների որս անել՝ սա պետական արտաքին քաղաքականություն չէ, սա ուղղակի խաղ է քաղաքական թատրոնի»,- մեկնաբանում է Հրանտ Միքայելյանը։
Քաղաքագետի կանխատեսմամբ՝ հնարավոր փոփոխությունը եթե չլինի երկրի ներսից, ուրեմն լինելու է արտաքին գործընթացների ազդեցությամբ. «Որովհետև այս բախումը, որի մասին մենք խոսում էինք, գնալով սրվում է…»։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։



