Միսիսիպիում 14 տորնադո է մոլեգնել. կա առնվազն 17 վիրավոր, անհետ կորել է մեկ տարեկան երեխա
Ավերիչ փոթորիկները չորեքշաբթի երեկոյան անցել են ամերիկյան Միսիսիպի նահանգի որոշ շրջաններով՝ առաջացնելով, ըստ իշխանությունների տվյալների, առնվազն 14 տորնադո:
Մրրիկից հետո մեկ տարեկան երեխա է անհետ կորել, հայտնում է WJTV հեռուստաալիքը՝ հղում անելով Լինքոլն շրջանի արտակարգ իրավիճակների արձագանքման ծառայություններին:
Պաշտոնյաները հայտնել են, որ առնվազն 17 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել: Մրրիկները ավերել են հարյուրավոր տներ, տապալել ծառեր և վնասել էլեկտրահաղորդման գծերը մի քանի շրջաններում:
Նահանգապետ Թեյթ Ռիվզն ասել է, որ նահանգի կենտրոնական և արևմտյան մասերում գրանցվել են բազմաթիվ տորնադոներ, և որ արտակարգ իրավիճակների պետական գործակալությունը համակարգում է արձագանքման ջանքերը:
Լինքոլն շրջանի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչները հայտարարել են, որ եղանակային ծանր պայմանները հանգեցրել են լուրջ ավերածությունների և մի քանի վիրավորումների, սակայն զոհեր չկան:
Օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ հինգշաբթի սպասվում են նոր փոթորիկներ, տորնադոների առաջացման հավանականություն կա Ալաբամա, Ջորջիա և Ֆլորիդա նահանգների որոշ շրջաններում: Ուժեղ փոթորիկներ հնարավոր են նաև Կարոլինա և Թեքսաս նահանգների որոշ հատվածներում:



