Հայ մարդն ուզում է՝ իր երկրի ղեկավարը բարձր ու սոլիդ լինի. Ռուսաստանը կամաց-կամաց սկսում է փակել ծորակը. Վլադիմիր Մարտիրոսյան
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Մարտիրոսյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Նախընտրական փուլում ամեն ինչ ունենում է պրոպագանդայի առաքելություն, քան իրականության մատուցման: Ժոնգլյորություն նույնպես արվում է: Ես համոզված եմ, որ այս փուլում քաղաքական ուժերն իրական սոցհարցումների արդյունքները չեն հրապարակում, դրանք պահվում ու վերլուծվում են:
- Ես չեմ հիշում որևէ նախընտրական փուլ, որը Հայաստանում այսքան վաղ է սկսվել: Ընտրարշավը սկսվել է շատ շուտ, և ամենաշուտն այն սկսել է Փաշինյանը, առաջատարն այսօր ինքն է, որովհետև աշխատում է բազմագույն գունապնակներով: Նա ունի տնային աշխատանք: Անընդհատ խոսում է բժշկական ապահովագրության մասին, խորացնում է տոնի նարատիվները, որովհետև դա հասարակական շերտերի բարձր ներգրավվածության հավանականություն է ապահովում: Մի բան, որ ես ընդդիմության մոտ չեմ տեսնում:
- Ցավոք, այն ուժերը, ովքեր հնարավորություն ունեն անցնել Խորհրդարան, իրենց նարատիվները չեն տարբերվում Նիկոլ Փաշինյանի քաղաքական նարատիվներից:
- Նիկոլ Փաշինյանը գնում է Չորրորդ Հանրապետություն ստեղծելու ճանապարհով: Ովքե՞ր են այն ընդդիմադիր քաղաքական ուժերը, ովքեր կտրականապես դեմ են սրան, դեմ են նոր Սահմանադրություն ընդունելուն և հայտարարում են, որ Երրորդ Հանրապետության նարատիվների պահապանն են:
- Ընտրողը հստակ պետք է իմանա, թե ինչով են միմյանցից տարբերվում քաղաքական առաջարկ անողները: Ընտրողի համար մենթալ առումով հասկանալ՝ որն է տարբերությունը, ամենամեծ խնդիրն է այսօր:
- Փաշինյանը վախ է տարածում պատերազմի սպառնալիքով, ու դա աշխատում է: Իր ասածի առումով իր ողջ կառուցակարգերն աշխատում են, և դա շատ ավելի էֆեկտիվ է տեղ հասնում, քան նրանցը, ովքեր դա մերժում են:
- 3-րդ նարատիվը, որն իջել է հանրային դաշտ, հիբրիդային պատերազմի նարատիվն է: Սա իշխանությունն աշխատեցնելու է ի շահ իրենց:
- Փաշինյանը հասկանում է, որ այս անգամ իր վերարտադրվելու խնդիրը շատ ավելի բարդ է, որովհետև չվերարտադրվելը նշանակում է՝ ոչ միայն հանգիստ կլյանքով չապրել, այլև կանգնել պատասխանատվության առաջ: Նա ջրբաժանի առաջ է կանգնած ու այդ տրամաբանությամբ էլ աշխատում է: Ես նույն տրամադրվածությունը չեմ տեսնում Հայաստանի ընդդիմադիր ուժերի մոտ:

- Ի՞նչ գին են պատրաստ վճարել ընդդիմադիր ուժերը՝ թույլ չտալու համար Փաշինյանի վերարտադրությունը: Գոյություն չունի հանրային այն էներգիան, որը պետք է լիներ: Ինձ մոտ տպավորություն է, որ բոլորը խաղում են ինչ-որ հորիզոնականների մեջ, որոնցից մտադիր չեն դուրս գալ: Ընդդիմադիր ուժերի արագություններն այսօր բավարար չեն: Ընդդիմությունը նույն տաքությամբ ու բարձրությամբ չի աշխատում քաղաքական նեյտրալիտետի մեջ գտնվող զանգվածների հետ, ինչպես որ անում է Նիկոլ Փաշինյանը:
- Կապ չունի՝ Նիկոլ Փաշինյանի տեղծած կոնտենտը մեզ դուր կգա՞, թե՞ չէ: Կարևորն այն է, որ դրանով լցվում է եթերը, քննարկվում է բոլորի կողմից: Էն բացը, որ ունեն ընդդիմադիր ուժերը, լցվում է Փաշինյանով, նրա ստեղծած կոնտենտով:
- Դա կոչվում է ծավալի էֆեկտ. Մարդիկ միշտ գնում են նրա հետևից, ով ավելի շատ հաղթելու հնարավորություն ունի: Մենք չենք գտնվում սովորական իրավիճակում, ընտրությունները երկու տարի հետո չեն, որ գնանք լավ ու վատի տրամաբանության ճանապարհով: Լավն է, թե վատն է, նա անում է այն ամենը, ինչ կանի ցանկացած մարդ, ով գտնվում է ջրբաժանի առաջ:
- Եթե ընդդիմությանը թվում է, որ ինքը պոպուլիզմ անելու հնարավորություն չունի ու ազնիվ պիտի լինի իր ընտրողի հետ, էդ պոպուլիզմը կանի Նիկոլ Փաշինյանն ու կտանի ընտրողին: Եթե վախենում է խոսել Արցախի մասին, նա կկորցնի այն ձայները, ովքեր դրա պահանջն ունեն: Սա ոչ թե մեծ ազնվությունների ժամանակահատված է, այլ որս է ավելի շատ ձայներ տանելու համար:
- Մեր ընդդիմությունը քաղաքականությունը դարձրել է սոցիոլոգիայի արդյունք: Ես տիրապետում եմ էդ թվերին, գիտեմ, որ խնդիր է մասնակցայնության բազան, և այստեղ աշխատելու պոտենցիալ ըննդդիմության համար ավելի մեծ է, քան իշխանությանը: Խնդիր պետք է դնել, որ այս անգամ գոնե 1.5 միլիոն մարդ մասնակցի ընտրություններին: Սրա ուղղությամբ է պետք աշխատել: Ու դրա համար տարբեր վարժություններ կան անելու: Ընդդիմությունն իր փուչիկներից չի ուզում դուրս գալ: Բայց պետք է աշխատի այն մարդկանց հետ, ովքեր չեն ուզում գնալ ընտրությունների: Գնացեք ու գտեք այդ մարդկանց:
- Փաշինյանն այլևս չի կարողանալու ապահովել այն լեգիտիմությունը, որն ուներ նախկինում: Վենսի այցով, Եվրոպական քաղաքական համայնքի լիդերների այցով նա փորձում է լրացնել ներսի լեգիտիմության բացն արտաքին լեգիտիմության հաշվին:
- Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ֆորմատը ստեղծվել է 2022թ., հիմքը՝ Ուկրաինայի քեյսն ու հակառուսականությունն է: Զելենսկու այցը Ռուսաստանն ընդունելու է հետևյալ կերպ, որ Հայաստանն ուղղակիորեն դառնում է հակառուսականության կենտրոն: Ինչպես չի կարելի լինել հակառուս, այնպես էլ՝ հակաարևմտամետ: Երբ երկիրդ հակառուսականության պլացդարմ ես դարձնում, սա ունի վտանգներ՝ տնտեսական, լոգիստիկ, ֆինանսական ու կորպորատիվ հետևանքներով: Ռուսաստանը կամ սկսում է փակել ծորակը, իսկ մենք չունենք դրա փոխլրացման ու դիվերսիֆիկացիայի հստակ առաջարկներ: Պետության լիդերի խնդիրը պետք է լինի՝ թույլ չտալ ձգանի փակվելը:
- Ապարանում ապրող բնակչին Փաշինյան-Պուտին հանդիպումից չհասավ այն կոշտ տողատակերով խոսույթը, որը կիրառեց Պուտինը, այլ այն, թե «ինչ լավ գազ տվեց Փաշինյանը»:

- Մենք գործ ունենք մի ժամանակի հետ, ուր ոչ թե հաղթում է այն իրականությունը, որի մեջ դու համոզված ես, ու դա դառնում է թիվ, այլ մի իրականության հետ, որը կարող է ձևափոխվի ու վերջնարդյունքում ավելի շատ ձայնի տեսք ունենա: Վերջիվերջո, ձայների թիվն է որոշելու՝ մենք գնալո՞ւ ենք կործանման, թե՞ կարողանալու ենք իրականություն փոխել:
- Վերջին 30 տարում Հայաստանում ադրբեջանական այդպիսի բարձր ռանգի այց, ինչպիսին Մուստաֆաևի այցն էր, տեղի չէր ունեցել: Ընդդիմադիր դաշտը դրա քաղաքական արձագանքը չտվեց: Դա նոնսենս է: Մենք մեր կարմիր գծերին նույնիսկ չենք մոտենում:
- Ընտրարշավի ժամանակը բյուրոկրատիզմի ժամանակաշրջան չէ, դա ձայն կապիտալիզացնելու ժամանակաշրջան է: Փաշինյանն իր անգամ ամենավերջին ձայնին բերելու է ընտրատեղամաս, ընդդիմության խնդիրը պետք է լինի՝ ընտրատեղամաս բերել մյուսներին:
- Հայկական որևէ նարատիվ իրականություն չի դարձել Ադրբեջանում: Դրան հակառակ՝ ադրբեջանական բոլոր նարատիվներն իրագործվում են այստեղ: Եթե Փաշինյանը հնարավորություն ունենար, կասեր՝ սուտ է, Ստեփանակերտի եկեղեցին չի քանդվել:
- Ես համոզված եմ, 300.000 ադրբեջանցի բերելու նարատիվն իրական է, բայց քանի որ այն շատ ռիսկային է հասարակության արձագանքի տեսանկյունից, դրա համար գոնե հիմա դրա մասին Փաշինյանը չի խոսում: Դրա մասին կխոսի ընտրություններից հետո, եթե վերարտադրվի:
- Չի կարող իր կարծիքը 1-2 անգամ փոխած մարդն իր կարծիքը չփոխել 3-րդ անգամ: 2026թ. Նիկոլ Փաշինյանը կարող է սխալ հանել 2022թ. Փաշինյանին, եթե դա իր շահերի համար պետք է: Որևէ մեկը չի կարող կասկածել, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական սկզբունքայնությունը սկսվում և ավարտվում է իր քաղաքական շահով, ու եթե նրան պետք լինի ասել, որ մածունը սև է, նա դա կասի ու կապացուցի: Մարդը չի կարող լինել իր թշնամին: Փաշինյանի առաջարկը քեզ համար թշնամի լինելու առաջարկ է:

- Նրան, ում դուք ուզում եք ընտրել, ձեր գլխին մի դրեք, պահանջեք նրանից, հարցեր տվեք նրանց, ում որ պատրաստվում եք ընտրել: Գովելով՝ վատություն մի՛ արեք նրանց: Պահանջե՛ք արագություններ: Այս արագություններով Փաշինյանին հնարավոր չէ հաղթել:
- Երբ Արցախի ապագա չեմպիոնը մետրոյում տեսնում է՝ իր մոր հետ ինչպես են խոսում, դեմ արտահայտվողը քաղաքացին չի լինում, այլ հայ մարդը, երբ եկեղեցում հայ դպրոցականին հարվածում են, որ Փաշինյանն իրեն կոմֆորտ զոնայում զգա, դրա դեմ խոսողը կրկին քաղաքացին չէ, այլ հայ մարդը: Երբ տաճարը քանդվում է, կրկին դրա դեմ խոսողը, ցավողը քաղաքացին չէ, այլ հայ մարդը: Սովորական հայ մարդն ուզում է, որ իր երկրի ղեկավարը նույնիսկ իրենից մի քիչ բարձր ու սոլիդ լինի:
- Չի կարելի ոչ փաշինյանական ընտրազանգվածի հետ ընտրություններից առաջ խոսել այլ լեզվով, քան խնդրանքի լեզուն է: Մենք պետք է խնդրենք նրանց, որ քաղաքականությունն իրենցից չօտարեն, խնդրենք դառնալ մեր ընդհանուր տրամաբանության մաս: Ես որևէ պարագայում չեմ ուզում, որ որևէ չկողմնորոշված ձայն ինքս փաթեթավորեմ ու նվիրեմ Նիկոլ Փաշինյանին: Ես դա չեմ արել ու չեմ անելու:
- Երբ Նիկոլ Փաշինյանն իրեն իրավունք է վերապահում իր քաղաքական ծրագրում գրել՝ ես եմ որոշելու՝ Հայ Առաքելական եկեղեցին ինչպիսին պիտի լինի, ու ով է լինելու Կաթողիկոսը, նա չի վախենում դրանից: Բայց ընդդիմությունը վախենում է որպես քաղաքական պաշտպանական գիծ՝ հոգևորականի ներառել իր քաղաքական ցուցակում՝ գոնե թե ցույց տալու համար, որ դա թույլ չեն տալու:
Մանրամասները՝ տեսանյութում:




