Զելենսկուն բերում ես, որ ի՞նչ անես, արա՛,  5 գրամ խելք չկա՞ ուղեղումդ, ջառմեն քաշելու է Հայաստանը… Ես հայրենիք եմ ուզում, ժողովուրդ ջան, ոչ թե մանդատ. Էդուարդ Շարմազանով

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ես և՛ 2018թ. եմ կողմ եղել, որ մենք՝ ՀՀԿ-ն, առաջադրվենք, և՛ 2021-ին, և՛ 2026թ.-ին, բայց մեր կուսակցությունը որոշում է կայացրել, և ես ընդունում եմ այն: Հիմա դա կարևոր չէ, կարևորը Նիկոլին հեռացնելն է իշխանությունից:
  • Կշեռքին դրված է երկու բան՝ Հայրենիք ունենալը կամ Նիկոլի աթոռ ունենալը: Ես ընտրել եմ Հայրենիք ունենալը, Նիկոլը՝ աթոռը, ու դրա համար միջոցների մեջ խտրություն չի լինելու: Ակնհայտ է, որ Նիկոլի ջղաձգումների պատճառն այն է, որ ինքը տեսնում է՝ վիճակը լավ չէ, բայց ընդդիմությունն էլ չպետք է արխային ընկնի: Պետք է շատ ավելի բաց ու հրապարակային աշխատել հանրության հետ, մարդկանց բացատրել՝ կա՛մ կունենանք 3-րդ Հանրապետություն, կա՛մ կդառնանք թուրքական վիլայեթ: Ռեպրեսիաներն ավելի են սաստկանալու, բայց հայ ժողովուրդը պետք է ապացուցի՝ ինքն է հայրենիքն ավելի շատ սիրո՞ւմ, թե՞ Նիկոլն իր աթոռը:
  • Նիկոլը, երբ մայիսի 8-ին ընտրվում էր վարչապետ, նայում էր ԱԺ-ում վեր ընկած Սերժ Թանկյանին ու ասում՝ ամեն ինչ անելու ենք, որ հասնենք Արցախի ինքնորոշման ճանաչմանը: Էսօր ամեաթունդն է ասում, որ Արցախն Ադրբեջան է, ու Արցախը թոկ էր մեր վզին: Ի՞նչ երաշխիք կա, որ վաղը չի ասելու՝ Սյունիքն է թոկ մեր վզին: Փաստերին նայե՛ք, ժողովուրդ ջան: 2021-ին ասում էր՝ Արցախն անկախ է լինելու, էսօր Արցախ չկա… 
  • Միանշանակ է, որ Նիկոլը սահմանադրական մեծամասնություն չունի: Բայց մենք ՀՀԿ համագումարի ժամանակ էլ ենք ասել, հիմա էլ ենք ասում՝ ժողովուրդ ջան, ակտիվ գնացե՛ք ընտրության, որ ձեր ձայնը չկորչի, որովհետև Նիկոլի ընտրազանգվածը, այսպես թե այնպես, գնալու է: Մտահոգ քաղաքացիների խնդիրը պետք է լինի գնալ ընտրության: Տունը նստելով՝ դու քվեարկում ես Իլհամ Ալիևի «Ենի Ազերբայջանի» տեսլականի օգտին: Գնացեք ու ձայն տվեք ընդդիմադիր ուժերից որևէ մեկի օգտին:

Կարդացեք նաև

  • Նիկոլը իր ՔՊ-ով որտե՞ղ է հաղթել. Երևանում պարտվել է, Մասիսում, Ալավերդիում, Բերդում, Գյումրիում, Փարաքարում պարտվել է. ինքը դա տեսնում է: Ցայտնոտի մեջ է, բայց հանրությանը պետք է բացատրել այս ընտրությունների վճռական լինելը: Չկա՛ երրորդ ճանապարհ:
  • 2021-ի Նիկոլը խաբում էր ժողովրդին, ասում էր՝ գերիներին բերելու եմ, Արցախը լինելու է, Շուշին հետ եմ բերելու, էսօր հարձակվում է եկեղեցու վրա, Արցախը համարում է Ադրբեջան, Ղարաբաղյան հարցն էլ փակել է:
  • Ես չեմ առաջադրվել, իմ կուսակցությունը չի մասնակցում ընտրություններին: Ես Հայրենիք եմ ուզում, ժողովուրդ ջան, ոչ թե պատգամավորական մանդատ: Չկա նախկին-ներկա, կա կարող-անկարող, հայամետ-թրքամետ:
  • Էդ ի՞նչ է Նիկոլը բանավոր խոստացել Ալիևին, որ իր չընտրվելու դեպքում Ալիևը պատերազմ է սկսելու: Սա սեփական պետության դեմ հանցագործություն է, 5-րդ շարասյան գործողություն: Հստակ ասում է՝ եթե ես չընտրվեմ, Ալիևն իրավունք ունի պատերազմ սկսել Հայաստանի դեմ: Միանշանակ է, որ Փաշինյանն ունի թուրք-ադրբեջանական տանդեմի աջակցությունը:
  • Հիշե՛ք Ապրիլյան պատերազմի շրջանը, երբ 400 հա-ի համար հող հանձնողին հողին էին հանձնում: Եթե մենք էն ժամանակ հանկարծ ասեինք՝ Արցախն ու 7 շրջանները հանձնվելու են, հրաժարվելու ենք Անկախության հռչակագրից, դուք չէիք ասի՞՝ էս ի՞նչ եք ասում, սա ի՞նչ դժոխք է:
  • Մեր արած ասֆալտի մի քանի հարյուր կիլոմետրը Նիկոլ Փաշինյանը հանձնել է Ալիևին: Մեր արած ասֆալտը Սոթք-Քարվաճառ-Մարտակերտ-Ստեփանակերտ ու Գորիս-Ստեփանակերտ ճանապարհներն էին, որը Նիկոլը 5 միլիարդ արժողությամբ զենքի հետ հանձնել է Ադրբեջանին:
  • Նիկոլ Փաշինյանի թիմը գնում է կռապաշտության ճանապարհով: Ի՞նչ է նշանակում՝ չկա Նիկոլ, չկա Հայաստան: Այսինքն՝ որ վաղը դրան մի բան եղավ, Հայաստանը պրծնելո՞ւ է: Ո՞նց կարելի է 5000-ամյա ժողովրդին դնել էշի տեղ:
  • Ընդամենը 5 տարի առաջ Փաշինյանն Ադրբեջանի քաղաքականությունն անվանում էր ռասիստական, Թուրքիայի մասին էլ ասում էր՝ գալիս է Հայոց ցեղասպանությունն ավարտին հասցնելու: Էսօր կզել են Ադրբեջանի ու Թուրքիայի առաջ: Թող կզեն, ես չեմ կզելու, մեր հասարակությանն էլ եմ կոչ անում չկզել: Ով ադրբեջանական բենզինով ու Մուստաֆաևի այցով հիացած է, իրենց պրոբլեմն է: Ցանկացած հասարակության մեջ միշտ էլ եղել են օտարամոլներ և հայրենասերներ, էն էլ մի երկրի նկատմամբ օտարամոլներ, որը մի քանի տարի առաջ քեզ մորթե՞լ է: Լավ, կարո՞ղ է մեզ կորոնայի հետ ուրիշ բան են ներարկել, որ սենց հեշտ ու հանգիստ ընդունում ենք ամեն ինչ:

  • Նիկոլը բարդույթ ունի. ինչքան շատ է խոսում ինքնիշխանությունից, այնքան այդ ինքնիշխանությունը դնում է Ալիևի և Էրդողանի ոտքերի տակ: Հիմա հունիսի 7-ին հայ ժողովուրդն ընտրություն ունի՝ կա՛մ «այո» ասել Անկախության հռչակագրին, կա՛մ Հայաստանը դնել Թուրքիայի տակ ու վերածել «Արևմտյան Ադրբեջանի»: Էս մարդը Սահմանադրություն է խախտում: Մեր գործող Սահմանադրությամբ Արարատը մեր սիմվոլն է: Դու ո՞վ ես, որ Խոր Վիրապը թարս նկարես, որ Արարատ չերևա: Առանց Սիոնի՝ հրեա չկա, առանց Արարատի էլ՝ հայ: Արարատը բիբլիական լեռ է, մարդկության վերածննդի խորհրդանիշը: Արարատն ուրացողն Արագածն էլ է ուրանալու:
  • Եթե դու դեմարկացիա, դելիմիտացիա չես արել, դու ի՞նչ գիտես՝ Հայաստանի տարածքն ինչքան է՝ 29743 ք/կմ, թե՞ 35632 ք/կմ: 
  • Ադրբեջանը մեզ ի՞նչ է զիջել էսքան ժամանակ: Մենակ Նիկոլն է զիջում: Եթե կողմերից մեկը ոչինչ չի զիջում, դա կոչվում է անվերապահ կապիտուլյացիա:
  • Ինձ համար սառը ցնցուղ էր, երբ ընդդիմադիր որոշ ուժեր ասում են՝ մենք պատրաստ ենք կնքել խաղաղության պայմանագիրը, եթե Ալիևը ստորագրի այն: Ո՞նց կարելի է նման բան ասել, երբ վիճարկելի է Նիկոլի բանակցած ամեն ինչը: Հուսով եմ, որ այդ գործիչը միգուցե անզգուշորեն է ասել, դրա համար եղբայրաբար ասում եմ՝ նման բաներ չասել: Եթե դուք ասում եք՝ պատրաստ եք դա ստորագրել, ուրեմն ասում եք՝ պատրաստ եք կզել Ադրբեջանի ու Բաքվից թելադրված նարատիվների առաջ: Չպետք է վախենալ խոսել ազգային օրակարգից:
  • Էս ընտրությունն անվտանգության, ազգային ինքնության և Հայաստանի 3-րդ Հանրապետության պաշտպանության ընտրություններ են: Սոցիալական ու տնտեսական հարցերը շատ կարևոր են, բայց եթե չկա անվտանգություն, ո՞ւմ են պետք դրանք:
  • Եթե առանց խաղաղության պայմանագրի՝ Նիկոլն այսքանը զիջել է, պատկերացնո՞ւմ եք, որ վերընտրվի, լեգիտիմանա, ի՞նչ է անելու, ասելու է՝ իմ ժողովուրդն ինձ նման իրավունք է տվել, ինչ ուզեմ՝ կանեմ:
  • Ես չեմ բացառում, որ Իլհամ Ալիևն օգնության գա իր գործընկեր Նիկոլ Փաշինյանին ու մեր մի քանի հայրենակից գերիների հանձնի Հայաստանին, որ նա էլ շոու սարքի: Խոսքը, իհարկե, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու Ռուբեն Վարդանյանի մասին չէ: Բայց հիշե՛ք, եթե Նիկոլն ընտրվեց, նա վարչապետ չի լինելու, այլ «Արևմտյան Ադրբեջանի» նահանգապետ:

  • Նիկոլ Փաշինյան, մեզ վրա լավություն մի՛ ծախիր, էդ մարդիկ քո անգործության պատճառով են հայտնվել Բաքվում: Գնացիր ու Արցախը Պրահայում ճանաչեցիր Ադրբեջանի մաս, երբ մինչ այդ կար երկու պլան՝ Ռուսական պլանն ու Վաշինգտոնյան պլանը, ըստ որի՝ Արցախն Ադրբեջանի մաս էր: Պրահայում հենց դա էլ Մակրոնի քավորությամբ 2022թ. հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ: Հիմա էլ նենց մի ուրախացել են, որ Մակրոնը գալիս է Հայաստան: Ֆրանսիան բարեկամ երկիր է, բայց Մակրոնն աչքիս լույսը չէ:
  • Սիրելի հայրենակիցներ, ովքեր Նիկոլ Փաշինյանի ազգակործան քաղաքականությունը չեք կիսում, եթե գնաք ընտրության, Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենալու վերընտրվելու: Մի խորհուրդ ևս՝ չանցնող ուժերը, եթե տեսնեն, որ չեն անցնում, պետք է իրենց ընտրողներին կոչ անեն՝ քվեարկել խոշոր ընդդիմադիր ուժերի օգտին, ովքեր անբեկանելի հնարավորություն ունեն անցնել խորհրդարան: Ցանկացած ձայնի փոշիացում նշանակում է քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին:
  • Էսօր մեր թիվ 1 խնդիրն իշխանափոխությունն է, մենք չենք ուզում մտնել ներընդդիմադիր կռվի մեջ ԱԺ թիվ մեկ ընդդիմադիր խմբակցության առաջնորդի հետ: Ցավալի է, որ դա իրենք չեն հասկանում: Չի կարելի քար նետել էս իրավիճակում: Ինչ ուզում են, թող ասեն, միայն թե անցնեն խորհրդարան: Ցավում եմ, որ Երկրորդ նախագահը նման բան է ասել, անհաջող ձևակերպում է արել: Մենք էլ շատ բան կարող ենք ասել. կարող էինք, չէ՞, ասել, որ 1998-ին Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի շնորհիվ, կամ 2003թ.-ին ընտրվել է Սերժ Սարգսյանի ու Անդրանիկ Մարգարյանի շնորհիվ: Սերժ Սարգսյանը մեզ ասել է՝ բան չասել 2-րդ նախագահին, չենք ասում. միայն խնդրում ենք՝ անցնել ԱԺ:
  • Ռոբերտ Քոչարյանի բոլոր տնտեսական ու քաղաքական հաջողությունների հետևում Հայաստանի հանրապետական կուսակցությունն է, դրանցում անգնահատելի է Սերժ Սարգսյանի դերը: Սրա մասին ո՞վ չգիտի: Եթե չգիտեն, թող դուրս գան փողոց, մարդկանց հարցնեն:
  • Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի և Ադրբեջանի թեկնածուն է: 
  • Փաշինյան-Պուտին հանդիպումը խայտառակություն էր: Երբ Հայաստանի վարչապետը ՌԴ նախագահին ասում է՝ Դուք երկու անգամ բանավոր ճանաչեցիք Արցախն Ադրբեջանի կազմում, ձեզանից հետո նոր ես ճանաչեցի, դա նշանակում է՝ ինքնիշխանությունը զրո է, պետական մտածողությունը՝ մինուս անվերջություն: Եթե Վաղը Պուտինն ասի՝ Երևանն Ադրբեջան է, պիտի ասես՝ հա՞, այդպես է՞: Նիկոլ Փաշինյանը կոշիկ լիզելու բացահայտ քաղաքականություն է վարում: Սա խայտառակություն է: Չնայած Պուտինը նման բան չի ասել, բայց եթե անգամ ասած լիներ, պետության ղեկավարը ո՞նց կարող է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում ու դա արդարացնել նրանով, որ իրենից առաջ Ռուսաստանը երկու անգամ բանավոր ճանաչել է:
  • Իմ տպավորությամբ, Փաշինյանը, բացի Էրդողանից ու Ալիևից, կարող է գցել բոլորին, այդ թվում՝ Արևմուտքին: Բայց վտանգավորն այն է, որ այն բանավոր խոստումները, որ սա տվել է տարբեր պետությունների, կարող են դրանց հետևից գալ, իսկ դրա պատասխանը Նիկոլ Փաշինյանը չի տալու, այլ հայ ժողովուրդը: Ինձ հայտնի չէ պատմության մեջ մի գործիչ, որն անընդհատ սուտ ասելով՝ կարող է հաջողության հասնել: Նիկոլ Փաշինյանը Հայաստանը սարքում է պլացդարմ, պոլիգոն՝ հակառուսաստան դարձնելու համար: Դա շատ վտանգավոր բան է: Զելենսկուն բերում ես այստեղ, որ ի՞նչ անես, արա: 5 գրամ խելք չկա՞ ուղեղումդ: Նա խաղաղություն չի բերում, այլ պատերազմ: Սա մեր բազարը չէր, ինչի՞ ես քիթդ խոթում Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունների մեջ: Թրամփը չի ուզում Ռուսաստանի հետ հարաբերություններ փչացնի, դու ես անո՞ւմ: Հազար ձև կա, դիվանագիտական խողովակներ կան, կարելի էր մեսիջը հասցնել: Վաղը Ռուսաստանն ու Արևմուտքը բարիշելու են, ջառմեն քաշելու է Հայաստանը:

  • Հայ-ռուսական հարաբերությունները՝ Հայաստանի պետական շահի սպասարկման առումով, երբեք ավելի արդյունավետ չեն եղել, քան 2008-2013թթ. նախագահ Սերժ Սարգսյանի օրոք: Ես փաստերով խոսեցի:

Երբ Սերժ Սարգսյանը Սահակաշվիլուն պարգևատրում էր, այդ ժամանակ ռուս-վրացական օգոստոսյան պատերազմն ավարտվել էր: Երկրորդը՝ Վրաստանը մեր ուղղակի հարևան-բարեկամ երկիրն է, որտեղ մենք ունենք մեծ Սփյուռք: Եվ Վրաստանը բոլոր բեռները՝ զենք-զինամթերքից մինչև տնտեսական բեռներ, բաց էր թողնում: Դրանք կա՛մ Լարսով էին գալիս, կա՛մ Փոթիով, և Հայաստանն իրավունք չուներ Վրաստանի հետ վատ հարաբերություն ունենալ: Մենք Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունները կատարել ենք, և Սահակաշվիլուն պարգևատրելը խնդիր չի առաջացրել: Դրանից հետո Ռուսաստանը 2009-2013թթ. 5 հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի մասով, որոնցում պաշտպանել է Սերժ Սարգսյանի՝ ինքնորոշման իրավունքի թեզը: Ռուսաստանը Հայաստանին «Իսկանդեր» է տվել, որը միակն է եղել տարածաշրջանում, բացի Ռուսաստանից: Ռուսաստանը Սերժ Սարգսյանին 50 000 տոննա ձրի զենք ու զինամթերք է տվել, Ռուսաստանը Սերժ Սարգսյանի հետ կնքել է 300 միլիոն դոլարի ներքին գործարանային գներով արտոնյալ զենքի պայմանագիր, Ռուսաստանը Հայաստանում ՀԱՊԿ գագաթնաժողով է արել Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին՝ հենց Ապրիլյան պատերազմի ավարտից հետո, որտեղ շեշտել է Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, ինչպես գրված է մեր արտաքին քաղաքականության առաջնահերթության մեջ: 2010թ. Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահի հետ պայմանագիր կնքեց, ըստ որի՝ Ռուսական 102-րդ ռազմաբազայի գործողության ժամկետը երկարաձգվեց մինչև 2049թ., Հայաստանը դարձավ ԵԱՏՄ անդամ: Այն լոլոները, թե հայ-ռուսական հարաբերությունները 3-րդ նախագահի օրոք չեն զարգացել, հիմար կենացներ են կամ աբիժնիկների ասածներ:

Հիշեցնենք. Սերժ Սարգսյանը 2009թ. Սահակաշվիլուն պարգևատրել էր Պատվո շքանշանով, որն օտարերկրյա քաղաքացիներին տրվող՝ Հայաստանի բարձրագույն պետական պարգևն է, և որին Վրաստանի նախագահն արժանացել էր ՀՀ նախագահի հունիսի 24-ի հրամանագրով՝ հայ-վրացական դարավոր բարեկամության ամրապնդման, Հայաստանի և Վրաստանի համագործակցության խորացմանն ուղղված գործունեության համար: Ռուս-վրացական հնգօրյա պատերազմը տեղի էր ունեցել 2008թ. օգոստոսի 7-12-ը: Ռազմական գործողությունները տեղի են ունեցել Հարավային Օսիայում և Վրաստանի այլ շրջաններում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930