Ոչ երանի հաջորդ վարչապետին… պետական բյուջեն՝ ՔՊ-ի նախընտրական բյուջե. 300.000-ին բերելու են՝ քանդեն Հայաստանը. Դավիթ Անանյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, նախընտրական ցուցակի ներկայացուցիչ, «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, տնտեսական գիտությունների թեկնածու Դավիթ Անանյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Այսօր մենք ունենք ծառայություններով, առևտրով ու բնակարանաշինությամբ պահվող տնտեսություն:
  • Մեր ոչ բարեկամ հարևանը՝ Ադրբեջանը, շատ պարզ ու թափանցիկ ասում է՝ ինչ նպատակներ ունի, և 300 000 ադրբեջանցիների Հայաստանում վերաբնակեցնելու իրենց ծրագիրն արդեն քանի տարի է՝ կա: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգն առաջ մղող ադրբեջանական հասարակական կազմակերպությունը պետական ծրագիր է առաջ մղում: Ու մեր հասարակությունը պիտի իմանա, որ, Աստված մի արասցե, եթե իշխանափոխություն հունիսի 7-ին տեղի չունեցավ, այդ հայեցակարգը կյանքի կկոչվի: Ու մի բան էլ՝ դրա իրավական հիմքերը չկան, ու այդ վերաբնակեցումը կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե Հայաստանն ընդունի: Դրա իրավական հիմքերը փակված են միջազգային դատական ատյանների որոշումներով: Փափուկ ուժի կիրառմամբ՝ Հայաստանում ավելի քան 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցմամբ կվերցնեն Հայաստանը, և ինչպես Ալիևն էր ասում՝ ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով կգան Հայաստան:
  • Ադրբեջանում չեն թաքցնում, որ Ադրբեջանի և Թուրքիայի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է: Ու պատահական չէ, որ Բաքվում գովազդային վահանակներին Նիկոլ Փաշինյանն է պատկերված: 
  • Այո՛, մենք դեմ չենք, որ Հնդկաստանից և այլ բարեկամ երկրներից գան այստեղ ու աշխատեն, կամ այն երկրներից, ում հետ մենք գոնե դիվանագիտական հարաբերություններ ունենք: Բայց պատկերացնո՞ւմ եք՝ 50,000 հնդիկը վաղը դեմոգրաֆիական ինչ խնդիրներ է առաջացնելու այստեղ: Կա՞ն այդ վերլուծությունները, նորմա՞լ է: Եռացող Մերձավոր Արևելքի արդյունքում Եվրոպա գնացած միգրացիոն հոսքն անհարմարություններ է պատճառում ընդունող երկրներին, որովհետև միգրանտները պահանջներ են դնում իրենց իրավունքների պաշտպանության համար: Մեր պարագայում միգրացիոն ծրագիր չի լինելու: Գալու են սրանց պետական ծրագրով, և ոչ թե սարերում անասուն պահող կամ քաղաքում կանաչի վաճառող թուրք կարդաշն է գալու, այլ ֆիլտրված են գալու, որ Հայաստանը քանդեն: Եվ տարբերությունը հսկայական է՝ Մերձավոր Արևելքի միգրանտները եվրոպական երկրները քանդելու չեն գնում, իսկ այստեղ սրանց ծրագրերով բերվողների պահանջները լինելու են չափազանց ուղղորդված ու կոնկրետ նպատակադրումներով: Թուրքական աշխարհին պետք չէ Հայաստան, որն ունի սուվերենություն: Հետևաբար՝ եկողների նպատակը լինելու է Հայաստանը վերահսկվող տարածք դարձնելը:

Կարդացեք նաև

  • Հայաստան եկող ադրբեջանցիները լինելու են երկքաղաքացիներ, լինելու են ՀՀ քաղաքացիներ՝ պահպանելով Ադրբեջանի քաղաքացիությունը: Դա կարվի, որ, եթե հրահրվեն բախումներ, Ադրբեջանը զինվորական կոնտինգենտ մտցնի Հայաստան: 
  • Ես պատկերացնում եմ, թե Պուտին-Փաշինյան հանդիպման փակ մասում ինչ խոսակցություն է եղել, եթե բաց մասն այդպիսին էր: Ես այդպիսի կոշտ զրույց չեմ հիշում: Զրույցն ինձ դուր չեկավ, որովհետև անկախ նրանից, թե ով է իմ երկրի ղեկավարը, ես որպես քաղաքացի՝ ճնշվեցի դրանից: Երբ երկրիդ ղեկավարը կծկված է, ասում է բաներ, որ չպետք է ասեր, դիվանագիտական խոսույթով չի խոսում, ես ճնշվում եմ: Այլ հարց է, որ նա՝ Փաշինյանը, իրավունք չուներ այսքան մնալ այս պաշտոնում: Այն, ինչ նկարագրեց ՌԴ նախագահը, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Փաշինյանի քաղաքականությունը տնտեսական հետևանքների տեսքով, մենք արդեն իսկ հիմա տեսնում ենք՝ լոգիստիկ խնդիրներ, «Ջերմուկի» ու կոնյակի արգելք, OZON-ի ու Wildberries-ի հետ խնդիրներ, և այլն: Հիմա Հայաստան-Ռուսաստան տնտեսական կապերը միայն քաղաքական ֆիլտրացիայի արդյունքում են զարգանում, կամ՝ հակառակը: Մեր քաղաքական ու տնտեսական քաղաքականությունը շատ է կախված Ռուսաստանից, մենք տեսնում ենք, որ վերջին 8 տարում այն ավելի է խորացել, տնտեսությունը դիվերսիֆիկացիայի չի ենթարկվել: Եթե մենք կարողանայինք 2017-ին Հայաստանի՝ ԵՄ-ի հետ ստորագրված CEPA-ն կիրառել, կարելի՞ էր դրա շրջանակում ստանդարտիզացիայի ենթարկել մեր տնտեսությունը: Իհա՛րկե կարելի էր: Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը 38-40% է և գնալով ավելանում է: 

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ՝ Wildberries-ն ու OZON-ը դադարեցրել են հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները: Իսկ օրեր առաջ՝ ապրիլի 28-ին, հայտնի դարձավ, որ Ռուսաստանն արգելել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրերի որոշակի խմբաքանակի վաճառքն օնլայն և օֆլայն խանութներում։ Հայկական հանքային ջրերի վաճառքը դադարեցնելու համար հիմք էր հանդիսացել  «Ռոսպոտրեբնադզոր»-ի նամակը, որում գերատեսչությունը նշել է «Ռուսաստանի քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վտանգը կանխելու համար հրատապ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին»։ Որպես վաճառքը դադարեցնելու պատճառ էր նշվել «պարտադիր պահանջների խախտումը»։ Արգելքի տակ են ընկել 2026 թվականի փետրվարի 17-ից մինչև 2026 թվականի մարտ արտադրված ջրերը։ 

  • Երբ քո երկրի ղեկավարը գնում-նստում է ՌԴ նախագահի դիմաց և գիտի, որ նա՝ Պուտինը, թվերով պատրաստված է գալու, գոնե ինքն էլ պետք է պատրաստված գնար, կոնտր արգումենտներ տաներ:
  • ՌԴ-ի և Պուտինի ամենամեծ կամակատարը վերջերս գործընկերներից մեկը համարեց Փաշինյանին, որովհետև եթե Փաշինյանը հանդիպման ընթացքում ասում է՝ դուք Ղարաբաղը ճանաչեցիք Ադրբեջանի կազմում, հետո՝ մենք, դու դառնում ես կամակատար: Դեռ մի կողմ եմ թողնում այն հանգամանքը, որ Փաշինյանի ասածը որևէ աղերս չուներ գրագիտության հետ:
  • Հեղուկ գազը ոչ թե թանկացել է, այլ հեղուկ գազ չկա, չի ներկրվում Ռուսաստանից: Ուղղակի չի գալիս: Wildberries, OZON, գազ, կոնյակ, Ջերմուկ… արգելափակումներ… Շարքը կարող եք շարունակել: Ռուսաստանը ցուցադրում է, թե ինչ է մտածում ՀՀ այսօրվա իշխանության քաղաքականության մասին բացառապես տնտեսական գործիքակազմերով: Եվ իշխանությունը սկսում է այլընտրանքներ փնտրել: Ու քանի որ Եվրոպայի հետ ոչինչ չի ստացվում, այլընտրանքը դառնում է ադրբեջանական բենզինը, որը մեր սպառման 1.5-2 %-ն է: Զուտ քաղաքական գործիքակազմ է, անջատիչն էլ Ադրբեջանի նախագահի ձեռքում է. երբ ուզում՝ միացնում է, երբ ուզում՝ անջատում:

  • Եվ ամենակարևորը, Ալիևը Հայաստանի իշխանությունների ձեռքով՝ ցորեն-բենզինով, մաքրում է իր գործած ոճիրը, իսկ մեր խնդիրն է՝ ողջ աշխարհին հիշեցնել, որ Ադրբեջանը 2023թ. սեպտեմբերին Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել ու բռնի տեղահանել մեր հայրենակիցներին, էթնիկ զտման ենթարկել Արցախը: Իսկ Հայաստանի այս իշխանությունը մաքրում է Ալիևին: Սա ավելի ծանր բան է:
  • Այսօրվա իշխանությունն ամեն ինչ անում է քարոզարշավի նպատակով: Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն այստեղ բերելն էլ է այդ նպատակը հետապնդում:
  • Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումն այն գինն է, որը Փաշինյանը պետք է վճարի իր իշխանությունը պահելու, վերարտադրվելու համար: Ես կարծում եմ՝ ինքը դա այնքան էլ հաճույքով չի անում, որովհետև բոլոր իշխանությունների համեմատ՝ ամենառուսամետն ինքն է: Մարդկային կյանքը ոչինչ չարժե նրա համար, իսկ ընտրություններն իր համար ունի կենսական նշանակություն: Հետևաբար՝ նա ամեն ինչի պատրաստ է: Ուզո՞ւմ ես օժանդակություն, շատ լավ, մի քիչ հիմա կտանք, մի քիչ հետո կտանք, բայց դա գին ունի, և այդ գինը Փաշինյանը հիմա վճարում է: Այո՛, Զելենսկին գալու է Հայաստան, և դա իր ցանկությունը չէ, այլ եվրոբյուրոկրատիայի: Փաշինյանը գնում է վա բանկ: 
  • Ես չեմ նախանձում հունիսի 7-ից հետո ՔՊ-ից հետո եկող կառավարությանը, որովհետև ինքը շատ վատ ժառանգություն է ստանալու: 
  • Այսօրվա բյուջեն աննախադեպ է նրանով, որ այն ունի 100 միլիարդի հասնող ահռելի պահուստային ֆոնդ, ու դա իշխանությունների կողմից շատ շռայլ ձևով օգտագործվում է տարբեր միջոցառումների վրա: 
  • 2026թ. պետական բյուջեն ՔՊ-ի նախընտրական բյուջեն է:
  • Որպես տնտեսագետ՝ ես չգիտեմ Փաշինյանի կողմից ասված՝ «ՀՀ քաղաքացին 50%-ով լավ է հիմա ապրում» խոսքն ի՞նչ է նշանակում: 44-օրյա պատերազմի ժամանակ նրա ասած՝ ««Իսկանդերը» կրակեց 10%-ով»-ի նման մի բան է: Անկեղծ, չգիտեմ նույնիսկ՝ ինչ ասեմ… Որպես տնտեսագետ՝ ես դա չեմ հասկանում:

Հիշեցնենք. ռուսական ռազմարդյունաբերության և ռուսական սպառազինության առանցքային նշանակություն ունեցող «Իսկանդեր» հրթիռային հարձակվողական համակարգի մասին Փաշինյանի սկանդալային հայտարարությունն առ այն, որ այն Արցախում պատերազմի ժամանակ թերի է կրակել, այն է՝ 10 տոկոսով, ծաղրի առարկա էր դարձել մասնագիտական, ռուսական և հայկական տեղեկատվական դաշտերում: ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ գեներալ Տիրան Խաչատրյանը երկար ծիծաղել էր լրագրողների հարցին ի պատասխան՝ հնարավո՞ր է՝ «Իսկանդերի» հրթիռը 10 տոկոս պայթի, ինչպես պնդում է Փաշինյանը«Իհարկե՝ հնարավոր չէ… ո՞նց, «Իսկանդե՞րը»… Մեկ կրակո՞ցը… 10 տոկոսո՞վ… Կներեք, սա լուրջ չէ (ծիծաղում է,- հեղ), չի կարելի նման բաներ խոսել, եզրահանգումներ անել: Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց դա հնարավոր չէ (նորից ծիծաղում է,- հեղ.)։ Պարզապես կխնդրեմ չծավալել թեման ու այդ զինատեսակի մասին սխալ ընկալումներ չձևավորել»,- ասել էր նա։

Խոսքն այն նույն «Իսկանդերի» մասին է, որը  ՌԴ ռազմարդյունաբերական ոլորտի վերջին սերունդը համարվող հրթիռային համակարգի հարձակվողական միջոցներից է և ծանրակշիռ դերակատարում ունի Ռուսաստանում և աշխարհում, դրա արդյունավետությունն ապացուցվել է ռուս-ուկրաինական պատերազմում: Ավելին, երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ-ի հետ բանակցում էր «Իսկանդեր» բերելու հարցով, Իլհամ Ալիևն ամեն ինչ անում էր, որպեսզի խոչընդոտեր, սակայն չհաջողեց: «Իսկանդեր-Է» (էքսպորտային մոդիֆիկացիա) համակարգերն առաջին անգամ պաշտոնապես ցուցադրվեցին 2016 թվականի սեպտեմբերի 21-ին Երևանում անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսին։

  • Եթե մղձավանջ լինի, ու ՔՊ-ն վերարտադրվի, շատ հավանական է, որ սեպտեմբերին կասեն՝ ժողովուրդ ջան, մեր բեռը շատ է, թոշակը բարձր չենք կարողանում տանք, մյուս տարի կանենք… Կամ հաջորդ կառավարությունը կարող է գալ ու տեսնել, որ չի կարողանում ՔՊ-ի պոպուլիստական խոստումները կատարել, ու ազնիվ զրույց վարող հաջորդ կառավարությունն այս առումով խոցելի է լինելու:
  • Եթե գնահատենք հարկաբյուջետային վիճակը, սա ոչ թե հեռացող վարչապետ է, այլ փախչող: Բայց ինքը ոչ թե փախչելու, այլ վերարտադրվելու կենսական նպատակ ունի: Վերարտադրվելուց հետո ինչ կլինի՝ կլինի, թեկուզ՝ ջրհեղեղ…
  • Ես չեմ պատկերացնում որևէ սցենար, որ սրանց վերարտադրությունը հնարավոր է, բայց պետք է հորդորենք մեր ժողովրդին անպայման մասնակցել ընտրություններին: Եթե մասնակցությունը լինի 60-65%, բացառվում է, որ ՔՊ-ն վերարտադրվի:
  • Հայաստանի պետական պարտքը հասել է 15 միլիարդի. յուրաքանչյուրս արդեն 5000 դոլար պարտք ունենք: Բայց սա տնտեսագիտական կատեգորիա չէ: Պարտք-ՀՆԱ հարաբերակցությամբ պարտքը դեռ կառավարելիության շրջանակներում է, բայց դա չի նշանակում, որ դա նորմալ է: Հաջորդ կառավարությունը ռեստրուկտուրիզացիայի խնդիր ունի: Թանկ փողերը պետք է փակի, էժանը շարունակի, եվրոբոնդեր թողարկի… Պարտք վերցնելը վատ բան չէ, եթե դու կառուցում ես ենթակառուցվածքներ, որը ծառայում է պետության զարգացմանն ու հանրությանը: Բայց երբ դու անընդհատ պարտք ես վերցնում, որ աշխատավարձ վճարես, անխուսափելիորեն սնանկանալու ես: ՀՀ իշխանությունների վարքագիծը պետությունը տանում է դրան:

  • «Միասնության թևերը» մարզային այցելությունների փուլի մեջ է: Մեր ժողովրդի հետ ենք շփվում, ծանոթացնում մեր ծրագրին: Մեզ համար նոր է մեկնարկում ակտիվ փուլը: Մեր ժողովուրդը շատ ավելի լավն է, քան պատկերացնում է մեր իշխանությունը:
  • Ժողովրդին նախ և առաջ հետաքրքրում է երկրի անվտանգությունը: Գյուղատնտեսության հետ կապված, ոռոգման ջրի, վարելահողերի, մթերման խնդիրների հարցեր էլ են բարձրացնում: Մարդիկ թերահավատ են, հուսախաբված: Ժողովուրդն իրեն խաբված ու լքյալ է զգում: Սա մենք ակնհայտ տեսնում ենք: Ցավալի է, որ մեր ժողովրդի մի մասն անկեղծորեն հավատում է փաշինյանական այն թեզերին, թե այս վիճակի պատասխանատուն նախկիններն են: Այն դեպքում, երբ Փաշինյանն ամենամեծ նախկինն է: Բայց երբ մարդուն հանգիստ բացատրում ես՝ ինչը ինչից հետո է, նույնիսկ ՔՊ-ապաշտ մեր հայրենակիցների մոտ է մտածողություն փոխվում, ամեն ինչ շատ լավ հասկանում են:
  • Գյուղերի ժողովրդի մոտ պատերազմով Փաշինյանի շանտաժը չի աշխատում, դա աշխատում է քաղաքներում: Ընդ որում, գյուղն ինչքան բարձրադիր է, այնքան սթափ է նրա բնակիչների մտածողությունը:
  • Փաշինյանին չի հաջողվել մարդկանց մեջ ջնջել Արցախը, հայրենասիրությունը: Սա մեր շփումներն են ցույց տալիս: Համընդհանուր համապատկերում Արցախի կորստի հետ մեր ժողովուրդը չի համակերպվում: Ու շատ դեպքերում մեզնից պահանջում են ասել, որ գնալու ենք, Արցախը հետ բերենք: Բացատրում ենք, որ այսօր առաջնահերթությունն արցախցիների վերադարձի իրավունքն է, նրանց այլ իրավունքների պաշտպանությունը, արժանապատիվ ապրելը: Մեր ժողովրդին նման դեպքերում միշտ ասում ենք՝ կա քարերը նետելու և քարերը հավաքելու ժամանակը:
  • Չկա որևէ սցենար, որի պարագայում այսօրվա իշխանությունները կարող են վերարտադրվել, օրինակ՝ մեր ջանքերով: Հետևաբար՝ դա բացառվում է: «Հայաստան» դաշինքի հետ կապված, թեպետ մեր վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն ասել է, որ մեր պատկերացմամբ՝ ՀՀ 2-րդ նախագահը և առհասարակ ՀՀ նախկին որևէ նախագահ չի կարող այսօր ստանձնել վարչապետի պաշտոնը, բայց դա ամենևին չի նշանակում, որ մենք, օրինակ, «Հայաստան» դաշինքի հետ որոշակի պայմանավորվածության շրջանակում երրորդ ուժի կողմից առաջադրված վարչապետի թեկնածուին չենք կարող ձայն տալ: 

«Ուժեղ Հայաստանի» պարագայում մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել ասելու, որ Սահմանադրության փոփոխություն 1 անձի համար և Սահմանադրության փոփոխություն այլ երկրների պահանջով մեզ համար անթույլատրելի է: Եվ քանի որ Սամվել Կարապետյանը վարչապետ դառնալու սահմանադրական արգելք ունի, մենք տեսնում ենք, որ այս պահին այդ արգելքը հաղթահարված չէ: 

Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժը՝ «Բարգավաճ Հայաստանը», դեռ վարչապետի թեկնածու չի առաջադրել: Մենք ունենք մեր վարչապետի թեկնածուն, որին առաջադրելու ենք՝ որպես վարչապետի միասնական թեկնածու, եթե այդպիսի բանակցություններ լինեն: Մնացած դեպքերում բանակցությունները պետք է լինեն պոստէլեկտորալ տրամաբանության վրա և այն հիմքի, թե ինչ կա գետնի վրա: Մենք բաց ենք քննարկել բոլորի հետ, բայց մեր վերապահումները հստակ են: 

Հիմա քննարկումներ չկան, քննարկումներ կարող են լինել միասնական գործելու հետ կապված, օրինակ, թե ինչպես պաշտպանենք մեր ձայները:

  • Իրավապահ մարմինները պետք է քննության ենթարկեն ՔՊ-ի նախընտրական ծրագիրը Եկեղեցու մասով, որովհետև այդտեղ հանցակազմ կա: Բայց ժողովուրդը միակամ է: Վեհափառ Հայրապետի ու Հայ Առաքելական եկեղեցու շուրջ համախմբումը հիմա հասել է պատմական առավելագույն պիկին: Մարդիկ պատարագների են գնում: Վերադարձը դեպի հավատ ու Հայ Առաքելական եկեղեցի ակնհայտ է, և այս իշխանությունն այնպես արեց, որ դա տեղի ունենա: Ժողովուրդը մերժում է ՔՊ-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031