ՄԵԶ՝ ՏԱՆՁԻ ՊՈՉ, ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ՝ ԱՀՌԵԼԻ ԶԵՆՔԵՐ. ՄԵԶ ԱՍԱՑԻՆ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՊՈԿՎԵՔ, ՀԵՏՈ ՈՆՑ ՈՒԶՈՒՄ ԵՔ՝ ՁԵՐ ԳԼԽԻ ՃԱՐԸ ՏԵՍԵՔ. ԱՐԹՈՒՐ ԽԱՉԻԿՅԱՆ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Մակրոնը բաց տեքստով ասաց՝ 8 տարի առաջ, երբ դուք Ռուսաստանի դաշնակից էիք, ինչպես ինքը բառացի ասաց՝ սատելիտ՝ արբանյակ էիք, դուք մեզ պետք չէիք, հիմա, երբ ուզում եք կռվեք Ռուսաստանի հետ, մեզ պետք եք: Նրանք մեզ մոտ չէին եկել, այլ Զելենսկու: Եկել էին հակառուսական կոնգրես անցկացնելու: Թող այդ կռիվն անեին Ռուսաստանի հետ, բայց ի՞նչ կապ ունեինք մենք, որ դա արեցին մեր մոտից: Ուկրաինային տալիս են ահռելի զենքեր, իսկ մեզ՝ տանձի պոչ: Այստեղ եկել էին, որ Նիկոլի PR-ն անեն, որ իրենց դեսպանը վերընտրվի, ու Հայաստանը դառնա հակառուսական պլացդարմ:
- Երբ 2020թ. մեզ վրա 4 պետություն էր հարձակվել, եվրոպացինե՛ր, դուք որտե՞ղ էիք. Էդ ժամանակ էր մեզ պետք ձեր օգնությունը: Մեր տղաներին նաև Զելենսկու տված զենքերով են սպանել: Էդ մարդը շնորհավորել է Ալիևին, իսկ դուք նրա ձեռքերն եք համբուրում ու նրան ման տալիս Երևանում:
- «Բունդերլայենը» (Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը,- հեղ.), երբ ադրբեջանական նավթի ու գազի հոտն առավ, ամեն ինչ մոռացավ… Իսկ 2022թ. հոկտեմբերին Մակրոնը շատ «գեղեցիկ» հարցազրույց տվեց, ասաց՝ երբեք չենք լքի հայերին, հիշում ենք Ցեղասպանությունը, պատմեց Մուսա լեռան պատմությունը, ապա նշեց՝ Ղարաբաղը տարածք է՝ Ադրբեջանի սրտում: Հարց ունեմ պարոն Մակրոնին՝ այսինքն՝ բա մարդի՞կ, այնտեղ 120 000 մարդ չէ՞ր ապրում: Պարոն Մակրոն, բա Մինսկի խո՞ւմբն ինչ եղավ: 35 տարի բա ի՞նչ թղթեր էիք ստորագրում: Մեզ ծախեցին, որ Ֆրանսիան ռուսներից վրեժ լուծի Աֆրիկայի համար: Մակրոնը սա բաց ասում է:
- Հայաստանում, տեսե՛ք, ինչ տեռոր է ընդդիմախոսների նկատմամբ, Եվրոպայից մի բառ չեն ասում, իսկ եթե նույն վիճակը, օրինակ, Բելառուսում լիներ, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հայտարարություններ կլինեին…
- Համարեք, որ Փաշինյանն արդեն անկլավները հանձնել է, ու Երևան-Թբիլիսի ճանապարհը լինելու է Ադրբեջանի վերահսկողության տակ: Տիգրանաշենը հանձնելու է՝ Սյունիքը կտրի:
- Թող մեզ հիմարի տեղ չդնի Մակրոնը, Պրահայի հանդիպումն ինքն էր կազմակերպել Շառլ Միշելի հետ: Ինչո՞ւ ես մեղքը գցում միայն Նիկոլի վրա: Իսկ դո՞ւ ուր էիր, ինչո՞ւ նստեցիք կողքը, ինչո՞ւ չհարցրեցիք՝ էդ 120 000 մարդն ի՞նչ պիտի անի, ի՞նչ ճակատագիր են ունենալու այդ մարդիկ… Էսօր էլ Մակրոնը գնացել է Ծիծեռնակաբերդ: Լավ է արել, բայց երկերեսանիություն մի՛ արեք: Մի կողմից՝ գնում եք Ցեղասպանության հուշահամալիր, մյուս կողմից՝ շարունակում եք Ցեղասպանությունը: Հուսամ՝ Վենսի պես, ինքն էլ Թուրքիայից զանգ չի ստանա ու ջնջի սոցիալական ցանցում իր գրառումը:
- Դեմոկրատիայի ջատագով Ֆրանսիան Աֆրիկայում դիկտատորներ է պահում, որովհետև ստանում էր նավթ, գազ, ուրան: Օրինակ՝ Բոկասսան, ով, բացի բռնապետ լինելուց, ըստ որոշ տեղեկությունների, նաև մարդակեր է: Ընդհանուր առմամբ՝ 8 բռնապետ, այդ թվում են՝ Կոնգոյի, Կամերունի, Տոգոյի ղեկավարները:

- Ալիևը Բաքվից եվրոպացիներին իր տեսաուղերձով տեղը դրեց, մեզ էլ ասաց՝ սեպարատիստ, ու մեր երկրի ղեկավարը լեզուն կուլ տվեց: Դեռ մի բան էլ հայտարարեց, թե երազում է գնալ Բաքու… Այդպիսի դեղ չկա՞, տանք էդ մարդուն, ինքնասիրությունը մի քիչ տեղը գա:
- Մակրոնն ունի ռեյտինգի պատմական ռեկորդ. վարկանիշն իջել է 11%-ի: Ֆրանսիական որևէ ղեկավար երբևէ նման ցածր վարկանիշ չի ունեցել: Մակրոնը չի ընտրվելու, Բրիտանիայի վարչապետ Սթարմերը նույնպես հեռանալու է:
- Մեր հարևան ոչ մի երկիր մեզ պես հիմարություն չի անում և Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չի մտնում. բոլորն իրենց չեզոք են պահում՝ Վրաստանը, Թուրքիան, Իրանը, բոլորը:
- Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնին հիմա որ գտնեք, հարցնեք՝ ուկրաինացի մեկ միլիոնից ավելի երիտասարդ է զոհվել, դուք դրա հետ հա՞շտ եք, ի՞նչ պիտի պատասխանի: Հիշում եք, կար ուկրաինական հարցի լուծման դիվանագիտական ճանապարհ, բայց այդ մարդը Թուրքիայում կայացած հավաքին թույլ չտվեց: Սա քաղաքական ու դիվանագիտական հանցագործություն է:
Հիշեցնենք. Զելենսկուն Չերչիլի հետ համեմատող Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը, որի մայրական կողմից տատիկն ազգությամբ թուրք էր, Թուրքիայում քննարկման ժամանակ ասել էր, որ Ուկրաինան պետք է պատերազմի մինչև վերջին ուկրաինացին:
- Մենք ունենք բացառիկ իրավիճակ, երբ մեր սեփական կառավարությունն ավելի շատ է ատում մեր ժողովրդին, քան օտարները: Դրա արյունը ստուգել է պետք, տեսնենք՝ ինչ ազգից է, ինչո՞ւ է ատում հայերին, ինչո՞ւ է վրեժ լուծում մեզնից:
- Մեզ որևէ մեկն այս ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով առաջարկե՞ց ռազմական դաշինք, իրենք պատրա՞ստ են երաշխավորել մեր անվտանգությունը, պատրա՞ստ են մեզ ընդունել ՆԱՏՕ, ԵՄ անդամ ե՞րբ ենք դառնում… Որևէ կոնկրետ բան ասացի՞ն: Իհա՛րկե ոչ: Մեզ Ռուսաստանի հետ կռվեցնելու եք: Ասում եք՝ փակեք ատոմակայանը, իսկ գազ ու նավթ տալո՞ւ եք, եվրոպական շուկան մեր առաջ բացելո՞ւ եք, պատասխան չկա՛: Մեր աշխատողներն ո՞ւր են գնալու աշխատելու, Ռուսաստանում ապրող ու աշխատող 500 000 խոպանչի հայերն ի՞նչ են անելու, կթողնե՞ք՝ գան Եվրոպա: Առանց վիզայի ռեժի՞մն ինչ եղավ: Մեր բոլոր ղեկավարներն են բանակցել վիզաների ազատականացման մասին, իսկ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2017թ. լուրջ փաստաթուղթ՝ CEPA է ստորագրել, որը վավերացրել են ձեր՝ տասնյակ եվրոպական երկրների խորհրդարանները, որի շրջանակում պիտի իրականացվեր վիզաների ազատականացումը: Այնպես որ, դուք նոր բան չեք արել, ավելին՝ ոչինչ չեք արել:
- Ես էլ կցանկանայի, որ այստեղ չբախվեին գերտերությունների շահերը, բայց պարոն Մակրոնը կարո՞ղ է կանգնեցնել Թուրքիայի կայսերական նկրտումները: Հորմուզում Ֆրանսիան հրաժարվեց օգնել իր ամենամտերիմ դաշնակցին՝ ԱՄՆ-ին, մեզ ո՞նց է օգնելու: Այսինքն՝ մեզ հերթական անգամ ասում են՝ Ռուսաստանից պոկվեք, հետո ոնց կկարողանաք՝ ձեր գլխի ճարը տեսեք:
- Զարթնե՛ք, ժողովուրդ ջան, 300 000 ադրբեջանցի են բերելու, թուրքերեն սովորեք: Հետո Ալիևը կուզի ապահովել ադրբեջանցիների անվտանգությունը, ու Հայաստան կմտնի Ադրբեջանի բանակը:

- Սրանք 15 երես ունեն, իրենց ստանդարտներն ամեն օր փոխվում են: Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Եվրոպան չպետք է միջամտեն մեր ընտրություններին, դա մեր ժողովուրդը պետք է անի: Բայց երբ խոսում եք Ռուսաստանի հիբրիդային միջամտության մասին ու չեք տեսնում ձեր միջամտությունը, դա երկերեսանիություն է: Երբ ուրիշ երկրում են հարձակվում ցուցարարների վրա, ընդդիմադիրներին կալանավորում, տեսնում են, բայց երբ նույնը լինում է Հայաստանում, չեն տեսնում: Սրանք Ադոլֆ Հիտլերի ձեռքն էլ կսեղմեին:
- Մի հատ պատկերացրե՛ք՝ Մակրոնը եկեղեցական ծեսի ժամանակ մտնի Նոտր Դամ, ու իր թիկնապահը խփի 18 տարեկան երիտասարդին… մի րոպե մենակ պատկերացրե՛ք, էլի, ի՞նչ կլիներ նրա հետ: Բայց գալիս է, սրան աջակցում է: Նույնը՝ Սթարմերը. Ասենք՝ պատկերացրե՛ք՝ ասում է՝ ես եմ որոշելու՝ ով է լինելու Անգլիկան եկեղեցու ղեկավարը:
- Շոուն կվերջանա, էդ մարդիկ կգնան իրենց տուն, մենք կտեսնենք մեր ամենօրյա կյանքը, կնայենք մեր խնդիրներին, մեր ապրանքների գներին, որոնք Երևանում ավելի թանկ են, քան Նյու Յորքում, իսկ այդ մարդիկ հազարավոր կիլոմետրերով արդեն հեռու կլինեն…
Մանրամասները՝ տեսանյութում:



