Իրենք սարսափի մեջ են՝ 5000 զինվոր դուրս է գալիս, իսկ մեզ ասում են՝ թող 4000-անոց ռուսական զորքը դուրս գա․ Արմեն Մանվելյան

«Հայաստանի նկատմամբ Եվրամիության շահագրգռվածությունը կապված է ռուսական ռազմաբազային․ նպատակը՝ Հայաստանն ամբողջովին դուրս բերել, իրենց պատկերացմամբ, ռուսական ազդեցությունից»,- ԵՄ-ՀՀ վերջին զարգացումների և դրանց արդյունքում ստորագրված հռչակագրի մասին 168am-ի հարցադրումներին այսպես արձագանքեց միջազգային հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը։

Ըստ նրա՝ հենց այս նպատակով է նաև, որ ԵՄ-ն ստորագրում է տարբեր փաստաթղթեր, որոնք իրականում չունեն տնտեսական ու քաղաքական հեռանկար։

«Դրանք միայն հնարավորություն են տալիս, որպեսզի Հայաստանի կախվածությունը Թուրքիայից մեծանա․ եթե այս փաստաթղթերը խորքում ուսումնասիրեք, կտեսնեք դա։

Ըստ այդ ծրագրերի՝ Հայաստանն էլեկտրաէներգիա է ներկրելու Թուրքիայից, որովհետև ռուսական գազի մուտքը պետք է փակեն, ատոմակայանը պետք է փակեն՝ ինչ-որ անհասկանալի հեռանկարով։ Ըստ այդ ծրագրի՝ նաև ահմանապահ զորքերը պետք է հեռացվեն, թերևս, դարձյալ ուզում են դիտորդներ բերել, որոնք հեռադիտակներով չգիտեմ որ ուղղությամբ են նայելու։ Իրականության մեջ, այս բոլոր ծրագրերից ոչ մեկը հեռանկար չունի»,- հավելեց նա։

Կարդացեք նաև

Դիտարկմանը, որ ՀՀ իշխանությունները պնդում են, որ այս պրոցեսները դիվերսիֆիկացիայի համար են, և, որ չպետք է սահմանափակվել ՌԴ-ից կախվածությամբ, քանի որ նրանք անհրաժեշտ պահին չեն օգնել մեզ, Արմեն Մանվելյանն արձագանքեց, որ «մեզ չօգնեցին» փիլիսոփայությունն այսօրվա աշխարհում հատկապես անընկալելի է։

«Հիմա «ռուս մեծ եղբորից», այսսպես ասած, հոգնել են, գնում են՝ իրենց նոր տերեր են ման գալիս իբրև թե Եվրամիությունում, մինչդեռ այդ ճանապարհը Թուրքիայով է անցնում։ Այս տարբերակով Հայաստանը դարձնելու են Թուրքիայի վիլայեթը՝ հույս ունենալով, որ դա ինչ-որ առումով մեր անվտանգությունը կապահովի։ Մինչդեռ, սա բերելու է մեր անվտանգության համակարգի ամբողջական ոչնչացման, որովհետև դիրքորոշումը՝ ինչի՞ ռուսները մեզ չաջակցեցին, քաղաքական այրի, քաղաքական գործչի դիրքորոշում չէ․ նեղացած երեխայի քաղաքական վարքագիծ է։

Այս մարդիկ ի վիճակի չեն հասկանալ, որ աշխարհը փոխվում է, այլևս հնարավոր չէ լինել 2 աթոռների վրա, այլևս չպետք է ակնկալել, թե ինչ-որ գերտերություն կարող է մեր շահերը պաշտպանել․ ավելի գրագետ աշխատանք է պետք, որն այս մարդկանց մոտ բացակայում է։ Սա դիվերսիֆիկացիա չէ․ իրենք էդ աշխատանքը չեն տանում»,- հավելեց նա։

Ըստ նրա՝ դա կարելի կլիներ դիվերսիֆիկացիա անվանել, եթե Եվրամիությունն ինչ-որ ներկայություն ունենար տարածաշրջանում․ «Օրինակ, ռազմական ներկայություն։ Եվրամիությունն ինքն իրեն նույնիսկ ռազմական առումով չի կարողանում պահել, իր անվտանգությունը չի կարողանում ապահովել․ Թրամփը բառացիորեն մի քանի օր առաջ հայտարարեց, որ 5000 զորք է դուրս բերելու Եվրամիությունից, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել։ Իրենք սարսափի մեջ են, 5000 զինվոր դուրս է գալիս, իսկ մեզ գալիս են, ասում՝ թող 4000-անոց  ռուսական զորքը դուրս գա Հայաստանից։

Եվրամիությունն այն քաղաքական ուժը չէ, կառույցը չէ, որը կարող է դիվերսիֆիկացնել․ այն մեզ չի կարող տալ կենսական անհրաժեշտության հնարավորություններ՝ մեզ էժան գազով ապահովել, կամ ընդհանրապես գազով ապահովել։ Մենք չունենք սահման Եվրամիության հետ, կամ՝ մեր ապրանքներն իր շուկայում տեղ կունենա՞ն․ օրինակ, Հայաստանի ապրանքների 80 տոկոսը հենց օրվա իշխանությունների թեթև ձեռքով հիմա գնում է դեպի Ռուսաստան (մինչև սրանց իշխանության գալը 40 տոկոս էր)։

Բոլոր պատասխանները «ոչ» են․ ԵՄ-ն չի կարող ո՛չ ռազմական անվտանգություն ապահովել, ո՛չ էներգետիկ անվտանգություն, ո՛չ տնտեսական։

Եթե վաղը Ռուսաստանը գազի գինը դարձնի 200 դոլար, կա՞ այլընտրանք․ իրենց հույսն ի՞նչն է, որ Ադրբեջանն իրենց գազ կտա՞։ Նույն Ադրբեջանը Թուրքիային գազը տալիս է մոտավորապես 300 դոլարով»։

Փորձագետը շեշտեց՝ իրական դիվերսիֆիկացիան այն է, երբ որ իշխանությունը սեփական ազգի դեմ պատերազմ չի հայտարարում, սեփական ժողովրդին չի պառակտում, եկեղեցին չի թիրախավորում, այլ հակառակը՝ համերաշխություն է տարածում, միավորում, հզորանում և դրանով կարողանում բոլոր կողմերի հետ խոսել, երկխոսել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031