Եթե Իսրայելում որևէ մեկը նման բան ասեր, հաջորդ օրն իսկ կհայտնվեր բանտում. Մերձավոր Արևելքում առնվազն 3 երկրներ կան, ովքեր կարող են մեզ աջակցել. Սերգեյ Մելքոնյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը APRI-Հայաստան գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է։

Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայում հայ համայնքի «ընտրովի» որոշ շրջանակների հետ հանդիպման ժամանակ փաստացի ուրացավ Հայոց ցեղասպանությունը՝ հայտարարելով. «Պետք է հասկանանք՝ լավ, ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել։ Եվ ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել։ Ո՞նց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ 1950 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Ո՞նց է եղել, մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք: Այս թեմաների հետ պե՞տք է հարաբերվենք, թե՞ չպետք է հարաբերվենք։ Մենք մեր ինքնությունը կառավարո՞ւմ ենք, թե՞ մենք մեր ինքնությունը չենք կառավարում»,- հայտարարել է նա՝ ակնարկելով, թե ԽՍՀՄ առաջնորդներն են որոշել ցեղասպանություն եզրույթը շրջանառել՝ իրենց քաղաքական շահերից ելնելով:

Սերգեյ Մելքոնյանի հետ հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Կարդացեք նաև

• Անգամ իսրայելական փորձագետներն այս օրերին քննադատում են Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության մասին Շվեյցարիայում արած հայտարարությունները։ Եվ սա այն դեպքում, երբ Իսրայելը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Հրեաների համար սա շատ նուրբ, զգայուն թեմա է, և նրանք կարծում են, որ Փաշինյաննիր այդ հայտարարություններով հատել է կարմիր գծերը։Հայոց ցեղասպանության մասին թուրքական պաշտոնական դիսկուրսը որդեգրել են Հայաստանի պետական մարմիններն ու անձինք, որոնք կոչված են հանդես գալ Հայաստանի ու հայության շահերի դիրքերից՝ ՀՀ իշխանությունները։

• Ալիևի հորինած Արևմտյան Ադրբեջան կոչվածի միակ պաշտոնական գրասենյակը գործում է Թուրքիայում։ Եվ այս փաստից պետք է հետևություններ արվեն: Թուրքիայի մոտեցումը Հայաստանի վերաբերյալ չի փոխվել։

• Երբ դու ասում ես, որ Հայոց ցեղասպանության հարցը պատրաստ ես քննարկել, արդեն իսկ դու այն դնում ես կասկածի տակ։ Այսպիսի հարցերում շատ կարևոր է հասարակական կարծիքը։ Կամաց-կամաց դիսկուրսը ծավալում են, ու հենց հավաքվումէայդ թեզերնաջակցողներիկրիտիկական զանգված, հարցը դնում են լայն քննարկման։

• Իսրայելում չկա Սփյուռքի նախարարություն․ այն կոչվումէ հայրենադարձության և ինտեգրացիայի նախարարություն։ Այսինքն՝ անգամ վերնագրի մեջ երևում է այդ նախարարության նպատակը՝ Իսրայելին վերադարձնել հայրենիք։Սփյուռք՝ Diaspora բառն ասոցացվում է հայկական սփյուռքի հետ, այդ իսկ պատճառով Հայաստանում այն կոչվում էր Սփյուռքի նախարարություն և իրականացնում էր նույն գործառույթները, ինչ Իսրայելի այդ կառույցը: Իսրայելում, սակայն, չի կարող անգամ լինել խոսակցություն այդ կառույցը փակելու կամ ինչ-որ գրասենյակի վերածելու մասին: Հայաստանում դա արեցին՝ 2018-ի հեղափոխությունից անմիջապես հետո այս իշխանությունները 2018թ. հենց դեկտեմբերին վերջնականապես փակեցին այդ նախարարությունը:Դարձրեցին գրասենյակ՝ նեղացնելով դրա նպատակները։

Օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ սպառնացել էր ամբողջ Հայաստանին. սպառնալիքները Բաքվի բռնապետը հնչեցրել էր հերթական հարցազրույցի ժամանակ՝ շեշտելով.

«Հայաստանը ֆաշիստական պետություն է… Հայաստանում ֆաշիզմը պետք է ոչնչացվի. դա կանի կամ Հայաստանի ղեկավարությունը, կա մենք։ … «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի», և այլն։

• Ադրբեջանի և Թուրքիայի տեսանկյունից Հայաստանում ֆաշիստ են ազգային արժեքներ կրող, Արցախյան ազատամարտին մասնակցած, Հայաստանին ու Արցախին հաղթանակներ բերած մարդիկ։ Այդ մարդիկ Ադրբեջանի, Թուրքիայիհամար սպառնալիք են։

Նիկոլ Փաշինյանն օրերս Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր. ««Արարատի» դիսկուրսի ներքո չենք կարող ժամանակակից զենքեր գնել, մեզ զենք չեն վաճառի, կամ կտան օգտագործված, ժամկետն անցած զենքեր:

Հենց թեկուզ բանակի բարեփոխումների համար շատ էական է Արարատի և Արագածի դիսկուրսը, որովհետև եթե մենք բանակը բարեփոխում ենք Արարատի և պատմական Հայաստանի խոսույթի ներքո, մեզ ոչ միայն ոչ ոք զենք չի վաճառի, ռազմական համագործակցություն չի հաստատի, այլև մենք ինքներս մեզ, այդ թվում՝ միջազգային հանրության տեսակետից, կդարձնենք թիրախ։ «Ուրիշ բան է, որ ասում ես՝ բանակը բարեփոխում եմ, որովհետև Արարատը իմն է, պիտի գնամ, հետ բերեմ, այլ բան է՝ երբ ասում ես՝ բանակը բարեփոխում եմ, որովհետև Արագածը իմ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքն է, և ես իրավունք ունեմ ունենալ մարտունակ բանակ՝ իմ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը, իմ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, ավելին՝ միջազգային օրենքներով ցանկացած պետություն պարտավոր է միջոցներ ձեռնարկել իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար»,- հավելեց նա։

Փաշինյանը շեշտեց, որ Արարատի դիսկուրսի ներքո մենք չենք կարող ժամանակակից զենքեր գնել, մեզ կտան գրեթե ժամկետանց, օգտագործված զենքեր, մի մասը կնվիրեն, մի մասը կվաճառեն, քանի որ մեկ է՝ «դեն էին գցելու», ինչն էլ, նրա խոսքով, տարիներ շարունակ տեղի է ունեցել, և այս խոսույթի ներքո մենք ամեն օր կկորցնենք մեր անկախությունը՝ առանց դա նկատելու, հայրենասիրական մղումներով։

«Եթե մեր խոսույթն էն լինի, որ Արարատի նկարով գնանք, ասենք՝ զենք տվեք, ոչ ոք չի տալու, որովհետև ոչ մեկը չի ուզում առավել ևս մեր պատճառով Թուրքիայի հետ կոնֆլիկտի մեջ մտնել»,- նշել էր նա։

• Նիկոլ Փաշինյանի ասածը կեղծ թեզ է: Նախ, Հայաստանը 30 տարի զենք է գնել, և Արարատը որևէ խնդիր չի առաջացրել: Ավելին, այսօր Հայաստանը զենք գնում է հիմնականում Ֆրանսիայից ու Հնդկաստանից։ Հնդկաստանից զենքը Հայաստան է գալիս Իրանով։ Բայց ես երբևէ չեմ լսել, որ նշածս երկրները երբևէ խոսեն Արարատի դեմ, կամ դա որևէ խոչընդոտ առաջացնի։ Կեղծ են այն փաստերը, թե նախկինում մենք արդիական զենքեր չէինք գնում կամ զենք չէինք գնում Արևմուտքից։ Նախկինում թե՛ արդիական զենքեր էինք գնում, թե՛ Արևմուտքից էինք գնում՝ ունենալով բոլորովին այլ արտաքին քաղաքական կուրս, որն ուղղված չէր դեպի Թուրքիա։ Ավելին, մեր պաշտոնական օրակարգում ունենալով Ցեղասպանության և Արցախի Հանրապետության ճանաչման հարցերը, մեզ հաջողվում էր գնել այն զենքերը, որ մենք ուզում էինք։

• Սպառնալիքը սովորաբար գալիս է հարևան երկրից։ Հետաքրքիր է՝ երբ ըստ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, որը նա ևս մեկ անգամ արել էր 2023թ․ հունվարին, Թուրքիան մեզ որպես սպառնալիք է ընկալում, Ադրբեջանն էլ իր հերթին է Հայաստանը համարում սպառնալիք, այդ դեպքում, ըստ Նիկոլ Փաշինյանի, մեզ համար սպառնալիք ո՞ր երկրներն են ներկայացնում։

• Եթե Իսրայելում որևէ մեկը նման հայտարարություն աներ Հոլոքոստի մասին, հաջորդ օրը կհայտնվեր բանտում, իսկ այդ անձը և խումբնըմբոստացած հասարակության մեջ կհայտարարվեին մարգինալ։ Հոլոքոստի վերաբերյալ Իսրայելում չկա ու չի կարող լինել որևէ այլ դիսկուրս, քան ընդունվածն է։ Կան հարցեր, որոնց պարագայում երկրորդ կամ այլ կարծիք չի կարող լինել։

• Ռուս-թուրքական առճակատումը սկսվեց 2015թ.-ից։ Ռուսաստանում իշխանության ուժային բլոկը Թուրքիան ընկալում է՝ որպես հակառակորդ, և երբ դիվանագիտությունը թուլանում է, ուժեղանում է այս բլոկը։ Կա նաև ֆինանսատնտեսական բլոկը, որի համար Թուրքիայի հետ հարաբերությունների բնույթը պայմանավորված է ֆինանսատնտեսական հանգամանքներով։

• Ադրբեջանական ինքնաթիռի կործանման, Ռուսաստանի դեմ հարձակումների, Ալիև-Պուտին դիալոգների դինամիկան ցույց է տալիս, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում առնվազն ճգնաժամ կա։

• Թուրքիայի և ԱՄՆ-ի շահերը համընկնում են ամենակարևոր կետում՝ տարածաշրջանում Իրանի և Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու հարցում։ Մնացած հարցերում էլ լուրջ տարաձայնություններ չկան։

• Հայաստանում քաղաքական-հասարակական դիսկուրսներում Թուրքիայի գործոնը դառնում է դոմինանտ։ Փոխարենը՝ աճում են հակառուսական տրամադրությունները։

Օրեր առաջ 24news.am-ին տված հարցազրույցում  ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն անդրադառնալով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը և «Զանգեզուրի միջանցքի» թեմային՝ հայտարարել էր.

«Եթե քաղաքական այնպիսի որոշում չլինի, որը բավարարի Ադրբեջանին, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կյանքի է կոչվելու ավելի վատ հետևանքներով: Մոտավորապես նկատի ունեմ այն, որ եթե Հայաստանն Ադրբեջանին որևէ ճանապարհ չտա Նախիջևանին կապող…, ավելի կոնկրետացնեմ՝ եթե այդ ճանապարհը չլինի, ուրեմն՝ այդ ճանապարհը լինելու է, և դրա անվտանգությունը վերահսկելու է ոչ թե Հայաստանը կամ Ադրբեջանը, այլ՝ ռուս-թուրքական զորախումբը, որի ղեկավարման կետը մինչև օրս Աղդամում գործում է: Դաժան հեռանկար է, բայց իրականությանը մոտ»:

• Չկա որևէ պաշտոնական հայտարարություն, որ Աղդամում տեղակայված ռուս-թուրքական զորախումբը դեռ գործում է: Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, եթե Ադրբեջանում որոշում լինի Թուրքիայի օգնությամբ վերցնել այդ միջանցքը, այն միանշանակ վերահսկելու է Ադրբեջանը։ Պատմության մեջ չկա օրինակ, որ թուրքերը հող վերցնեն ու դրա վերահսկողությունը հանձնեն ուրիշի։ Միջանցքի վերաբերյալ կա կոնսենսուս Իրանի կողմից։ Այսօր Զանգեզուրի միջանցքը բաց չէ միայն Իրանի պատճառով, որովհետև Իրանն ունի բավարար ուժ Միջանցքը չբացելու մասին իր արգումենտը հաստատուն պահելու։ Ադրբեջանի ու Թուրքիայի համար Միջանցքը վերցնելուն խանգարում է միայն միջազգային կոնսենսուսը։ Էրդողանը հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի հարցում միակ խոչընդոտողն Իրանն է, այսինքն՝ ՀՀ իշխանությունները համաձայն են: Հայաստանի իշխանությունը հայտարարեց, որ պատրաստ է այդ կոմունիկացիայի համար տրամադրել պարզեցված ձևաչափ։ Սա մի քայլ հետ է, որովհետև զիջման այդ հայտարարության դիմաց ՄԵՆՔ ՈՉԻՆՉ ՉՍՏԱՑԱՆՔ։ Այո՛, ակնհայտ է, որ Սիրիայից հետո Իրանի դիրքերը նվազել են, բայց մեզ համար կարևոր է, որ Իրանի հետ մեր սահմանը հսկում է Իրանի բանակը։ Եվ քանի դեռ միջազգային կոնսենսուս չկա, Միջանցքի հարցը մնում է առկախված։

• Հայաստանը հետ չի կանչել իր ստորագրությունը Նոյեմբերի 9-ի փաստաթղթից, բայց կողմերից չի էլ պահանջում կատարել մնացած կետերը։ Ադրբեջանի համար այդ պայմանագիրն այլևս հետաքրքիր չէ։ Ադրբեջաննիր ցանկալին ստանալուց հետո կարող է հանդես գալ նոր առաջարկով՝ նոր եռակողմ պայմանագիր՝ նոր ձևաչափով(նոր կողմերի ներգրավմամբ)՝ ամրագրելու համար իր մինչ այս պահն ունեցած ձեռքբերումները։ Ի դեպ, դրան մենք կարող ենք փորձել այլընտրանքային տարբերակ առաջարկել՝ բերելով Իրանին։

• Հայաստանի շահերը տարբեր երկրների հետ կարող է համընկնել առանցքային տարբեր հարցերում: Բացի Իրանից, նաև Եգիպտոսը, Հորդանանը և Միացյալ Արաբական Էմիրությունները շահագրգռված չեն Զանգեզուրի միջանցքի բացման հարցով։ Այս երկրները փորձում են Թուրքիային բալանսավորել, որովհետև վտանգ են տեսնում թուրքական քաղաքական իսլամի մեջ։ Բայց արդյո՞ք Հայաստանում քաղաքական որոշում կայացնողները պատրաստ են ընդունել նշածս երկրների առաջարկած օգնությունը՝ համադրելով փոխադարձ շահերը. վստահ չեմ, որովհետև դա կնշանակի դեմ գնալ Թուրքիային։ Այնպես որ, ճիշտ չեն ասում, թե Հայաստանը լրիվ միայնակ է մնացել:Ինչպես նշեցի՝ Մերձավոր Արևելքում առնվազն 3 երկրներ կան, ովքեր կարող են մեզ աջակցել։

• Իրանն արդեն տևական ժամանակ՝ ամիսներ շարունակ, լայնածավալ և տարբեր բնույթի ինտենսիվ զորավարժություններ է անցկացնում: 2-3 օրը մեկ Իրանը ցույց է տալիս իր նոր սպառազինությունը։ Սա երկու նպատակ ունի՝ արտաքին աշխարհին ցույց տալ, որ պետք չէ ռիսկի դիմել ու հարձակվել Իրանի վրա, երկրորդ՝ հանգստացնել սեփական հասարակությանը։ Ակնհայտ է, որ Իրանում պատրաստվում են պատերազմի։ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի ելույթը Դավոսում նշանակում էր՝ կարող է վատ լինել, քանի հնարավորություն կա, եկեք պայմանավորվենք, չկորցնենք այս պատմական պահը։ Փաստենք կարևոր մի հանգամանք՝ ԱՄՆ-ից սրա վերաբերյալ բացասական մեսիջ դեռ չի եկել։ Մյուս կողմից, Նեթանյահուն Իսրայելում իշխանության կարող է մնալ, ինչպես օրինակներն են ցույց տվել, միայն պատերազմի միջոցով։ Իրանի դեմ տեղի կունենա՞ հարված, թե՞ ոչ, կախված է միայն նրանից, թե իրեն ինչպես կդրսևորի Նեթանյահուն։ Այսպիսով՝ մենք ունենք թե՛ էսկալացիայի, թե՛ դեէսկալացիայի ինդիկատորներ։

• ԱՄՆ-ը կփորձի պայմանավորվել Ռուսաստանի և Իրանի հետ, որպեսզի սահմանափակի Չինաստանի հնարավորությունները։ Մենք միակ երկիրն ենք տարածաշրջանում, ով Չինաստանի հետ դեռ չի կնքել ռազմավարական պայմանագիր։Շուրջ 7 ամիս է` Չինաստանը Հայաստանում դեսպան չունի։

Ի դեպ, այս փաստն արձանագրել էր նաև քաղաքագետ Սուրեն Սարգսյանը և ներկայացրել այս աննախադեպ երևույթի պատճառները։

• Պատմության մեջ կարևոր է ՊԱՀԸ։ Ադրբեջանի դրած պահանջները Հայաստանը կատարել է կամ ամբողջովին, կամ մասամբ։ Մասամբ են դեռկատարել անկլավների, ԵԱՀԿ Մինսկի խմբի, Սահմանադրության հետ կապված պահանջները։ Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված կան ավելի գլոբալ պահանջներ, այսպես կոչված՝ Արևմտյան Ադրբեջանի և սպառազինության հետ կապված։ Հարցն այն է, որ Ադրբեջանը շատ լավ հասկանում է՝ աշխարհաքաղաքական և ռեգիոնալ զարգացումների դեպքում, եթե փոխվի տարածաշրջանի ուժային բալանսը, արդյո՞ք նույնպիսի հեշտությամբ Ադրբեջանը կստանա իր ուզածը։ Հետևաբար հիմա, քանի դեռ պատեհ պահ է, փորձում են լուծել բոլոր խնդիրները՝ ստանալ Փաշինյանից ամեն ինչ։

• Կարծում եմ՝ Ջոն Քենեդու և Մարթին Լյութեր Քինգի սպանությունների բացահայտման Թրամփի խոստումն ավելի շատ ներքին լսարանի համար է։ Ինձ հիշեցնում են ՀՀ այս իշխանությունների կողմից Մարտի 1-ի կամ Հոկտեմբերի 27-ի հանցագործությունների բացահայտման մասին հայտարարությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս