Հասկացե՛ք, ժողովուրդ… Եթե գտնում եք` Արարատ սարը պետք է հանվի անձնագրերից, Եկեղեցու դեմ պայքարն էլ պիտի շարունակվի, գնացե՛ք, ընտրե՛ք այս իշխանությանը. Ղամբարյան

«Դասեր» հաղորդաշարի հյուրը ՀՀ Քննչական կոմիտեի նախկին փոխնախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ներկայիս իշխանությունը մտել է մի փուլ, երբ սիմվոլների դեմ պայքար է մղում ու դա անում է չափազանց արդյունավետ ու գրագետ կերպով: Մենք պետք է հասկանանք՝ ինչպես արդյունավետ կերպով հակազդել դրան: Հասարակական անտարբերությունը մտահոգիչ է, և այս հարցերը պետք է դառնան սոցիոլոգիական ուսումնասիրության առարկա: Նոր սերունդը՝ երիտասարդությունը, անտարբեր է գործընթացների նկատմամբ:
  • Այս ընտրությունները գաղափարախոսական երկու հակադիր թևերի միջև ընտրություններ են: Մի ամսից կտեսնենք՝ հասարակությունը հա՞շտ է տեղի ունեցողի հետ, թե՞ չէ: Կտեսնենք՝ ժողովուրդն ընտրում է Արարատ սարի վերացման ու ազգային ինստիտուտների կործանման ճանապա՞րհը, թե՞ մեկ այլ ճանապարհ:

Կարդացեք նաև

  • Ներկայիս իշխանությունը հիմա ամեն ինչ պարզ ասում է, ոչինչ չեն թաքցնում, ուղիղ ասում են՝ ինչ են անելու: Հասկացե՛ք, ժողովուրդ, պետք է հասկանալ՝ ինչ գաղափարախոսության կողմնակից է այս քաղաքական ուժը: Եթե գտնում եք, որ Արարատ սարը պետք է հանվի անձնագրերից ու ամեն տեղից, Եկեղեցու դեմ պայքարն էլ պիտի շարունակվի, գնացե՛ք, ընտրե՛ք այս իշխանությանը:
  • Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս իշխանությունը հայտնի է իր ապատեղեկատվությամբ, ակնհայտ ստով, բայց շատ ցավոտ հարցերի վերաբերյալ ուղիղ ասում են իրենց մտադրությունները, չեն թաքցնում: Թող ինձ ճիշտ հասկանան՝ ես չեմ ասում՝ այս իշխանությունն ազնիվ է, ասում եմ՝ անկեղծ է, ասում են՝ ինչ են անելու:
  • Կասկած կա՞, որ ՔՊ-ի նախընտրական ծրագրում Եկեղեցուն նվիրված դրույթները հակասահմանադրական են… Իհարկե ոչ: Իրենք էլ դա գիտեն, բայց գրել են, որ հետո ընտրվեն, ասեն՝ ինձ լեգիտիմություն են տվել Եկեղեցու դեմ պայքարելու, իմ ծրագրում սրա մասին գրված էր, ու մարդիկ ինձ են ընտրել: Ուզո՞ւմ ենք, որ մեր հոգևորականներին նորից տանեն կալանքի, Եկեղեցու դեմ հարձակումները շարունակեն, ուրեմն ընտրենք, որ 2 ամիս հետո ասեն՝ ժողովրդի կամքն ենք կատարում: Էսօր դիմադրության միակ ինստիտուտը մնացել է միայն Եկեղեցին:
  • Գիտնականը՝ որպես ստեղծագործող մարդ, պիտի լինի ընդդիմադիր: Խոսքը պետք է լինի ոչ թե գովերգող, այլ համակարգի խնդիրները վեր հանող, քննադատական:
  • Բուհերից մեկում կազմակերպվում է գիտական կոնֆերանս, որտեղ գիտնականներից մեկն առաջարկում է պետություն-եկեղեցի սահմանադրաիրավական հարաբերությունների վերաբերյալ զեկույց, զեկույցը չեն ընդգրկում օրակարգում, ասում են՝ քաղաքական հարց է: Սա գիտական հիմնարկ է: Իշխանությունը պետք է գար, ասեր՝ ինչի՞ եք օրակարգ մտցրել: Հետո էլ խոսում են գիտական ազատությունների մասին:
  • Պետություն-եկեղեցի հարաբերություններն Աշխատանքային օրենսգրքով չեն կարգավորվում, բայց ի՞նչ արեց Արմավիրի մարզի դատարանը, բոլորս տեսանք: Նոր իրողություներ են ի հայտ գալիս, որոնք խորքային արմատներ ունեն:
  • Կարելի է հանդիպել երկրի ղեկավարի հետ, ես էլ կհանդիպեի, բայց ի՞նչ օրակարգով: Սա է հարցը:

  • Վարչապետն ասում է՝ «կա՞ դատավոր, որ իմ ասածը չի անի»: Դատական համակարգը չհակադարձեց, համարեց, որ դա քաղաքական հայտարարություն է: Ես բնավ չեմ ակնկալում, որ դատավորները պետք է լինեն հերոսներ, Մոնթե կամ Վազգեն Սարգսյան, բայց ես դատավորներից ակնկալիք ունեմ, որ նրանք գոնե արդարության նվազագույն շեմը պահպանեն: Մենք չենք ասում՝ եղեք գործող իշխանություններին ընդդիմադիր, բայց կա մի սահման, որից ներքև չի կարելի իջնել, և հասկանալով, որ արարքն ակնհայտ հանցակազմ չի պարունակում, ինչպես Միքայել սրբազանի կամ Սամվել Կարապետյանի դեպքում: Ինչպե՞ս կարելի է Վեհափառ Հայրապետի նկատմամբ խափանման միջոց կիրառել:
  • Քաղաքացու ավտոմեքենան գողացել են, պետությունն՝ իր իրավական համակարգով, քրեական գործով չի կարողանում հետ բերել, բայց էդ քաղաքացուն ասում են՝ պիտի գույքահարկ վճարես: Բայց փառք Աստծո, կան բարոյական արդարադատություն իրականացնող դատավորներ, կան և հակառակ դիրքորոշման դատավորներ:
  • Ես երդվյալ ատենակալների ինստիտուտի կողմնակից եմ: Կան որոշումներ, որոնք պետք է հասարակությունը կայացնի:
  • Կյանքը, բացի իրավաբանական պատասխանատվությունից, շատ ավելի շատ օրինաչափություններ ունի: Այն դատավորները, ովքեր հեշտությամբ ապօրինի կալանքի որոշումներ են կայացնում, թող մի քանի ժամով գտնվեն քրեակատարողական հիմնարկներում, այնտեղ վերապատրաստում անցնեն:
  • Մարդիկ կան, որ միգուցե գրագետ են, բայց իրենց անձնային տեսակով վախկոտ են, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն չունեն: Բայց կան նաև գիտելիքի բացակայություն ունեցող քննիչներ, դատավորներ ու դատախազներ, ում նաև ես եմ թույլ տվել, որ դուրս գան իրավաբանական համայնք՝ որպես դասախոս: Ֆիլտրերը շատ ավելի խիստ պետք է լինեն: մի մեղքի բաժին էլ մենք ունենք: Որ անգրագետ են, ո՞նց հայտնվեց այդտեղ: Չեն հասկանում, որ իրավաբանի մասնագիտությունը հանրային կոմպոնենտ ունի:

  • Դատական համակարգն իմունային համակարգ չունի: Դատավորներն իսկի իրենք իրենց չեն կարողանում պաշտպանել: Հիշե՛ք դատավոր Բորիս Բախշիյանի գործը: Նրան կալանավորելու թույլտվություն տվողները դատավորները չէի՞ն: Ակնհայտ անմեղ մարդուն, առանց ապացույցների, թույլ տվեցին կալանավորել, որոշ ժամանակ անց մարդն արդարացվեց: Կառավարության ղեկավարը մի ոչ կոռեկտ արտահայտություն արեց՝ «վնգստացող դատավորներ»: Մտածելու տեղիք է տալիս:
  • Հույսը չպետք է դնել քաղաքացու ինքնագիտակցության կամ ռացիոնալության վրա: Պետք է գործի դնել ընտրական տեխնոլոգիաները համարժեք կերպով:
  • Ներկայիս իշխանության վերընտրվելու դեպքում կգրվի նոր Սահմանադրություն, որի մեջ չի լինի հղումն Անկախության հռչակագրին, զինանշանի ու եկեղեցու հետ կապված նոր կարգավորումներ կլինեն: Սա արդյունք է այն բանի, որ ժամանակին հասարակական ընդվզում չեղավ: Դուք կմտածեի՞ք երբևէ, որ պայքար կտարվի Արարատ սարի ուրվականի դեմ: Հասարակությունը պետք է արձագանքի սրան:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031