Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Պաշտոնական Թեհրանը պնդում է, որ բանակցությունները Իրանի և Միացյալ Նահանգների միջև շարունակվում են։ Մայիսի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ երկու երկրներն էլ շարունակում են Պակիստանի միջոցով կարգավորման իրանական ծրագրի վերաբերյալ մեկնաբանություններ և առաջարկներ փոխանակել։
«Նախորդ շաբաթ, չնայած այն հանգամանքին, որ ամերիկյան կողմը հրապարակայնորեն անընդունելի որակեց իրանական ծրագիրը, մենք պակիստանցի միջնորդի միջոցով ստացանք մի շարք մեկնաբանություններ և առաջարկներ։ Մեր մեկնաբանություններն ամերիկյան կողմին ուղարկելու անմիջապես հաջորդ օրը մենք Պակիստանից ստացանք առաջարկների փաթեթ, որի վերաբերյալ մեր տեսակետներն ուղարկել ենք երկու օր առաջ», – Tasnim գործակալության հաղորդմամբ, ասել է Բաղային։
Նրա գնահատմամբ՝ բանակցային գործընթացն անխափան շարունակվում է։
ԱԳՆ խոսնակը հիշեցրել է, որ Իրանի կողմից ուրանը հարստացնելու իրավունքը ճանաչվել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի հիման վրա, և անհրաժեշտություն չկա, որ որևէ մեկը ևս դա ճանաչի։ «Մենք ամեն քայլափոխի առաջ ենք մղելու մեր երկրի սկզբունքային դիրքորոշումները»,- ասել է Բաղային։



