«Միասնության թևեր»-ը ներկայացրել է թոշակի անցած մասնագետների ներուժն արդյունավետ օգտագործելու ծրագիր
«Միասնության թևեր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Արման Թաթոյանը ներկայացրել է թոշակի անցած մասնագետների ներուժն արդյունավետ օգտագործելու ծրագրային դրույթը՝ կարևորելով նրանց շարունակական ներգրավվածությունը պետության զարգացման գործում։
«Մենք պետք է պետական ծրագրերով նրանց ներգրավենք մեր պետության զարգացման գործին։ Օրինակ՝ մի դեպքում կարող ենք կրթական հաստատություններում մեր երեխաների, ուսանողների կրթության հարցում ներգրավել, ասենք, վաստակաշատ մանկավարժի։ Անցել է թոշակի, բայց ինչքա՞ն կարող է գիտելիք ու փորձ փոխանցել։ Սա նաև հնարավորություն կտա, որ սերունդների միջև կապը ապահովվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր հրապարակած տեսանյութում նշել է Արման Թաթոյանը։
Նրա առաջարկած ծրագրի համաձայն՝ թոշակի անցած փորձառու մասնագետները կկարողանան պետական հատուկ ծրագրերի միջոցով ներգրավվել կրթական, հանրային և մասնագիտական ոլորտներում՝ փոխանցելով իրենց փորձը երիտասարդ սերնդին։
Մայիսի 8-ին մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։
Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցության քվեաթերթիկի համարը 6-րդ է, կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված է 80 թեկնածու: Կուսակցության վարչապետի թեկնածուն Արման Թաթոյանն է։



