Երևան-Բաքու բանակցային միջնորդից կախված՝ Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղու հարցը կարող է տարբեր կերպ քննարկվել
Վերջին շրջանում Բաքուն և Անկարան ավելի քիչ են անդրադառնում իրենց, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» կոչվող չարաբաստիկ պրոյեկտին։ Սակայն այն շարունակում է մնալ թյուրքական երկրների օրակարգում։
Պարզապես Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևն իր վերջին հարցազրույցներում, այսպես կոչված, միջանցքը չի ներկայացնում՝ որպես Երևանին ուղղված պաշտոնական պայման կամ պահանջ, ինչպես ՀՀ Սահմանադրության, Անկախության հռչակագրի փոփոխության և հայ-ադրբեջանական սահմանից երրորդ ուժերի դուրսբերման հարցերը։ Թե ինչո՞վ է պայմանավորված այս կասկածելի «լռությունը»՝ բարդ է ասել, կամ կարելի է տարբեր պատճառներ մատնանշել, սակայն Բաքվի ռազմատենչ, պրեսինգի քաղաքականությունը Երևանի նկատմամբ շարունակվում է նոր թափով, և այս իրավիճակում քիչ հավանական է, որ Բաքուն պատրաստվում է փոխզիջումային դիրքորոշում ստանձնել այս երթուղու հարցում։
Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ շեշտելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» կարևորությունը, ասել է, որ տրանսպորտային միջանցքները կամրապնդեն միջմայրցամաքային կապերը և կբարձրացնեն տարանցիկ փոխադրումների լոգիստիկ արդյունավետությունը։ Անկարան ցանկանում է տարածաշրջանում հզոր դերակատար լինել, ասել է թուրք նախարարը՝ ընդգծելով «Թուրքիայի դարի» իրենց տեսլականը։
«Թուրքիան աշխատում է Միջին միջանցքի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծից մինչև Զանգեզուր միջանցք»,- ասել է թուրք նախարարը՝ նշելով, որ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են։
Դեկտեմբերի սկզբին Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը Բաքվում հայտարարեց, թե, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» բացումը խաղաղության հաստատման կարևոր պայման է։
Երևանն ու Բաքուն այս հարցի շուրջ 4 տարի է՝ բանակցում են, բայց անարդյունք: Բաքուն պնդում է, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ պետք է կապ ունենա Սյունիքով, բայց առանց մաքսային ու սահմանային հսկողության։ Երևանն էլ հայտարարում է, որ պատրաստ են ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապի համար` առանց Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը կասկածի տակ դնելու:
Ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ Բաքուն և Անկարան չեն հրաժարվել իրենց պրոյեկտից, պարզապես բանակցություններն ընթանում են ըստ հերթականության՝ քայլ առ քայլ, ինչպես նաև աշխարհաքաղաքական առաջնահերթություններից ելնելով։
Ըստ նրա, ներկայումս Անկարան կենտրոնացած է սիրիական ուղղության վրա, իսկ Բաքուն փորձում է դեռևս ամրապնդել, ավելին՝ ֆիքսել Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հաղթանակի արդյունքները։
Նա հավաստիացնում է՝ Բաքվի նպատակն է հարցն այնպես փակել, որպեսզի այն հնարավոր չլինի ապագայում որևէ կերպ «վերակենդանացնել»։
«Ամիսներ առաջ որոշում կայացվեց կոմունիկացիաների հարցը տարանջատել բանակցվող փաստաթղթից։ Այդ մասին հայտարարել էր ադրբեջանական կողմը։ Այդ հարցն անջատվեց երկկողմ որոշմամբ, բանակցությունը հետաձգելով անորոշ ժամկետով։ Սակայն «միջանցքի» հարցը դուրս չի եկել օրակարգից, պարզապես, ինչպես տեսնում ենք՝ նույնիսկ առանց այդ հարցի՝ Երևանն ու Բաքուն չեն կարողանում համաձայնության հասնել մնացած հարցերի շուրջ։ Իսկ ճանապարհների հարցը, կարծում եմ, քննարկվում է կուլիսներում թե Անկարայի, թե Մոսկվայի հետ։ Ինչո՞ւ Մոսկվայի հետ, որովհետև նոյեմբերի 9-ի փաստաթղթում այդ հարցը ներառված է։ Կախված բանակցային իրավիճակներից, միջնորդներից, Ադրբեջանը Նախիջևանին կապող ՀՀ-ով անցնող երթուղու ձևաչափի հարցը կքննարկվի այս կամ այն կոնտեքստում։ Կարծում եմ՝ կողմերը մի քանի տարբերակներ ունեն, սակայն ոչ վերջնական որոշում, ինչպես նաև փոխըմբռնում։
Չպետք է մոռանալ նաև այս հարցի վերաբերյալ Իրանի նյարդային դիրքորոշման մասին։ Այսինքն՝ այստեղ կան դիրքորոշումներ, որոնք պետք է համաձայնեցվեն Մոսկվա-Թեհրան-Անկարա հարթությունում ևս»,- ասաց վերլուծաբանը։
Խրամչիխինի կարծիքով, եթե կողմերը, որոնք դեռ չեն կողմնորոշվում՝ բանակցել ուղի՞ղ, թե՞ միջնորդավորված, օրինակ, Մոսկվայում, որոշեն, որ Մոսկվան կարող է վերականգնել իր միջնորդական ջանքերը, ապա նա ցանկանալու է հիմք ընդունել նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան կետը, որին դեմ է Երևանը։
«Ուղիղ բանակցություններում էլ, հայտնի է, որ Ադրբեջանը կփորձի առաջ մղել իր օրակարգը, ինչը մնացած բոլոր հարցերում անում է։ Այս հարցում էլ Բաքվին աջակցում է Անկարան։ Երևանին ակնհայտորեն աջակցում է միայն Թեհրանը, որն այս հարցի նկատմամբ, ի տարբերություն Մոսկվայի և Անկարայի, ավելի քիչ ազդեցություն ունի։ Ուստի ոչ հեշտ իրավիճակ է ստեղծվել կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ։
Սակայն պետք է հիշեցնել նաև, որ Արևմուտքի դիրքորոշումը ոչնչով չի տարբերվում Ադրբեջանի դիրքորոշումից։ Ամերիկացի և բրիտանացի պաշտոնյաները կարևորում են Միջին միջանցքը և Երևանին կողմնորոշվելու և որոշում կայացնելու կոչ էին անում»,- պարզաբանեց վերլուծաբանը։
Իսկ Բաքուն և Անկարան, Խրամչիխինի խոսքով, ինչպես քննարկում են համատեղ հետաքրքրության յուրաքանչյուր հարցը, այնպես էլ այս նպատակը, որը չի իրագործվել։
Նա գտնում է, որ Անկարան ակնհայտորեն ցանկանալու է իր պայմաններն առաջ մղել Անդրկովկասում։ «Հենց այդ պատճառով էլ խոսվում է «Թուրքիայի դարի» մասին, որն առավելապաշտական քաղաքականություն է, ինչի ականատեսն ենք դառնում Սիրիայում»,- նկատեց նա։
Վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենաղարիշվիլին մեզ հետ զրույցում ասաց՝ եթե Արևմուտքին չհաջողվի վերականգնել մասնակցությունը բանակցություններին, ապա, ամենայն հավանականությամբ, Մոսկվան ջանքեր կներդնի այս հարցում իր ազդեցությունը հաստատելու համար։ Իսկ Արևմուտքի մասնակցությունից, ըստ նրա, հնարավոր չէ վստահ խոսել, քանի որ Արևմուտքում մեծ փոփոխություններ են տեղի ունենում ԱՄՆ-ում վարչակարգի փոփոխության ֆոնին։
«Տեսնում ենք, որ գուցե Արևմուտքը փոխի իր որոշ առանցքային մոտեցումներ Ուկրաինայի հարցում, իսկ դա ամենախոշոր հարցն է, որից շատ բան է կախված։ Միանշանակ չենք կարող ասել, որ տեսնելու ենք Արևմուտքի պասիվությունն այս հարցի վերաբերյալ։ Սակայն դա հնարավոր է։
Այդ դեպքում բնականաբար գործ կունենանք այնպիսի զարգացումների հետ, երբ ռեգիոնալ ավելի ազդեցիկ ուժերը կցանկանան այդ հարցը ներառել ռեգիոնալ քննարկումների հարթակ։ Լավագույնը կլիներ այն, որ կայացվեր բոլորի համար ընդունելի որոշում, սակայն սա այն հարցն է, որը տեխնիկապես հնարավոր չէ այդպես կազմակերպել»,- նշեց վրացի վերլուծաբանը։
Մենաղարիշվիլին գտնում է, որ ամենայն հավանականությամբ այս հարցն ակտիվորեն կքննարկվի Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի կնքումից հետո։