
ԱՄՆ-ն և Մեքսիկան կհամագործակցեն թմրակարտելների ոչնչացման գործում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը Մեքսիկայի մայրաքաղաքում կայացած հանդիպման ընթացքում վերահաստատել են հանձնառությունը՝ համագործակցելու թմրակարտելների և այլ անդրազգային հանցավոր խմբավորումների դեմ պայքարի հարցում: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ:
«Նրանք վերահաստատել են հաստատուն գործընկերությունը Միացյալ Նահանգների և Մեքսիկայի միջև և համատեղ հանձնառությունը կարտելների ոչնչացման, ֆենտանիլի խնդրի լուծման և անդրազգային հանցավոր խմբավորումների կողմից գործադրվող բռնության դեմ պայքարի, անօրինական միգրացիայի կանխարգելման և տնտեսական բարգավաճման և անվտանգության խթանման գործում», – ասվում է փաստաթղթում:
Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Խուան Ռամոն դե լա Ֆուենտեի հետ մամուլի ասուլիսում ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է շարունակել Կարիբյան ավազանում ոչնչացնել այն նավերը, որոնք օգտագործվում են թմրանյութերի փոխադրման համար:
Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ամերիկյան զինված ուժերը միջազգային ջրերում գործողության ընթացքում ոչնչացրել են Վենեսուելայի «Տրեն դե Արագուա» թմրակարտելի 11 անդամի: