«Ռիսկը շատ մեծ է, առաջին հերթին վերաբերում է կյանքի անվտանգությանը». Արա Ղազարյան

Երեկ Կամիր խաչի միջազգային կոմիտեն պաշտոնապես հայտարարեց, որ Բաքվում գտնվող իր գրասենյակը փակվել է։

«ԿԽՄԿ-ն, համաձայն իր հանձնագրի և Ադրբեջանի՝ Ժնևի կոնվենցիաներով նախատեսված պարտավորությունների, շարունակելու է համագործակցել Ադրբեջանի իշխանությունների հետ՝ աջակցելու միջազգային մարդասիրական իրավունքով հովանավորվող անձանց։ Մենք մտադիր ենք պահպանելու երկխոսությունը մարդասիրական դիվանագիտության, միջազգային մարդասիրական իրավունքի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մարդասիրական այլ խնդիրների շուրջ։ 1992 թվականից ի վեր ԿԽՄԿ-ն աջակցել է հակամարտությունից տուժած համայնքների հրատապ և կենսական կարիքներին, տրամադրել հոգեսոցիալական աջակցություն տուժած անձանց, իրականացրել կենսական ենթակառուցվածքների բարելավման ծրագրեր, ինչպես նաև խթանել ականների վտանգի մասին իրազեկվածությունն ու ապահով վարքագծի դրսևորումը զինամթերքով աղտոտված տարածքներում»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը Բաքվում փակվել է Ադրբեջանի իշխանությունների պահանջով։ Այն միակ կառույցն էր, որի ներկայացուցիչներն այցելում էին Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիներին ու պատանդներին, ստեղծում հնարավորություն, որպեսզի նրանք հեռախոսազրույց ունենան իրենց ընտանիքի անդամների հետ։

Բաքվում մարդասիրական այս գրասենյակի փակումից հետո ի՞նչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել, որպեսզի գերիներն ու պատանդները կարողանան կապ պահել իրենց հարազատների հետ, Կարմիր խաչից զատ, միջազգային որևէ կառույց կարո՞ղ է նման լիազորություններ ստանձնել։

Կարդացեք նաև

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի խոսքով՝ նախ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությունը ոչ թե իրավական էր, այլ զուտ մարդասիրական։

«Նույնիսկ Ադրբեջանի ներքին օրենքներով պետք է այդ մարդիկ կապը պահեն իրենց հարազատների հետ, դա այն իրավիճակը չէ, որ անձին ձերբակալում են, ու առաջին 1 ամիսը պետք է նա կապ չունենա որևէ մեկի հետ, նման բաներ լինում են, որ մարդու կապը խզում են հարազատների հետ, բայց ոչ երբեք՝ փաստաբանի հետ։ Սրանք  սովորական քրեադատավարական կանոններ են։ Բայց Բաքվում դատ է ընթանում, որը հրապարակային է, եթե այն հրապարակային է, մեղադրանքն արդեն ներկայացված է, ապացույցների գերակշիռ մասն արդեն ապացուցված է, հետևաբար՝ նույն Ադրբեջանի օրենքներով հիմքեր չկան, որպեսզի չապահովեն այդ մարդկանց կապը հարազատների հետ՝ ընդհուպ մինչև ֆիզիկական շփումները, հեռախոսային խոսակցությունները, էլ չեմ ասում՝ փաստաբանի հետ։ Եթե այս ամենը չկա, նշանակում է՝ նրանք հետապնդում են այլ նպատակներ»,- 168.am հետ զրույցում շեշտեց Արա Ղազարյանը։

Նրա խոսքով, եթե իրավական գործընթաց լիներ, ապա պետք է լիներ իր նշած ճանապարհով, նման երաշխիքներ ապահովում են նաև միջազգային օրենքները, այդ թվում՝ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը։ Իրավական հինքեր շատ կան, բայց դրանք Ադրբեջանը չի կիրառում։

«Ի վերջո, մեր հայրենակիցները ռազմագերիներ չեն, սովորական կալանավորներ են, մենք ենք ասում՝ ռազմագերիներ, նրանք քաղաքացիական անձինք են՝ ինչ-որ «հանցագործության» մեջ «մեղադրվող», այդպիսիք Ադրբեջանում շատ կան։ Նրանց ներկայիս խափանման միջոցը պետք է վաղուց վերացված լիներ, տային կա՛մ տնային, կա՛մ վերահսկվող կալանք, բայց որևէ հիմք չկա, որ նրանց կապը մինչև հիմա արտաքին աշխարհի հետ կտրված են պահում, պարզ է, որ սա քաղաքական հետապնդում է, և այդպես են անում՝ դատական գործընթացը վերահսկելու համար»,- հավելեց Արա Ղազարյանը։

Նրա բնորոշմամբ՝ եթե Ադրբեջանը լիներ ոչ թե ավտորիտար, այլ նորմալ պետություն, ապա հայկական կողմը կարող էր փաստաբան վարձել, որպեսզի նա այցելեր Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին, կամ ապահովեր, որպեսզի հարազատներն այցելեին նրանց։

Այսօր Հայաստանում կան բանտարկված օտարերկրացիներ, որոնց կարողանում են այցելել իրենց հարազատները, օտարերկրյա փաստաբանները գալիս են, Հայաստանում ստանում ժամանակավոր լիցենզիա, մասնակցում են դատավարություններին։

«Ադրբեջանն ավտորիտար երկիր է, այս պահին չկա որևէ ռեալ հնարավորություն, որոշումը քաղաքական է։ Բայց իրավական շատ գործիքներ կան, առաջին հերթին՝ հենց Ադրբեջանի օրենքները, որն այդ ամբողջ հնարավորությունները տալիս է։

Եթե կարդաք Ադրբեջանի քրեական օրենսդրությունը, կտեսնեք, որ ամբողջը վերցված է եվրոպական օրենքներից։ Այլ բան է, որ դրանք մեր կալանավորների նկատմամբ չեն կիրառվում, նրանց նկատմամբ կիրառվում է հատուկ ռեժիմ։ Նույնիսկ Կարմիր խաչի գրասենյակը փակեցին, որպեսզի կապ չլինի հայերի հետ՝ նրանց վերահսկելու համար։ Հակառակ դեպքում դատավարությունը չի գնա այն հունով, ինչպիսի սցենար գծել են»,- շեշտեց միջազգային իրավունքի մասնագետը։

Արա Ղազարյանը նաև մտահոգություն հայտնեց հայ գերիներին ու պատանդներին սպառնացող վտանգների մասին՝ շեշտելով, որ նրանց նկատմամբ կարող է տեղի ունենալ կյանքի, հոգեկան, ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքների խախտումներ, նաև արդար դատաքննության իրավունք չլինել։ Հայերն այս պահին չեն կարողանում ազատ շփում ունենալ իրենց փաստաբանների հետ։

«Ռիսկը շատ մեծ է, որն առաջին հերթին վերաբերում է նրանց կյանքի անվտանգությանը, որովհետև կալանավայրերում կալանավորների վրա ազդելու բազմաթիվ տեսանելի և ոչ տեսանելի եղանակներ կան։ Մեկ գործ ունեմ, որն Ուկրաինայի դեմ շահել եմ, որտեղ կալանավորին սնդիկով թունավորել էին, նա շատ լուրջ հիվանդություններով է հիվանդացել։ Նաև՝ անձանց իրենց պաշտպանությանը նախապատրաստելու իրավունքն է, որը նման պայմաններում ռեալ չէ»,- ընդգծեց Արա Ղազարյանը։

Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն Արցախի դեմ սկսած պատերազմից հետո խաղաղ բնակիչներին սպանելու սպառնալիքի տակ սեպտեմբերի 27-ից սկսած գերեվարեց Արցախի նախկին բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջից Ադրբեջանը գերեվարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Իսկ սեպտեմբերի 28-ին Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։

Այս պահին Բաքվում գերության մեջ են նաև Արցախի Հանրապետության նախկին երեք նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը,  ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։ Նրանց բոլորին տարբեր ծանր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել, կալանքի ժամկետները մի քանի անգամ արդեն երկարաձգվել են։ Այս պահին ընթանում է շինծու դատական գործընթացը։

Տեսանյութեր

Լրահոս