
Հայ-ադրբեջանական կոնֆլիկտը չլուծվեց, «զակատ արվեց»՝ ապագայում բացելու համար. Սուրեն Սուրենյանց
«Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը մենք համաձայնեցրել ենք Վաշինգտոնում»,- ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպման ժամանակ իր ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Իլհամ Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ արած հայտարարությանը։
Հիշեցնենք, որ ՇՀԿ գագաթնաժողովի ժամանակ Ալիևը հայտարարել էր, թե «Զանգեզուրի միջանցքը» շուտով կդառնա Միջին միջանցքի, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» միջանցքի ևս մեկ կարևոր հատված:
Հայաստանի տարածքի և Հայաստանով անցնող երթուղու մասին խոսելիս Իլհամ Ալիևը նաև ասել է՝ «Զանգեզուրի միջանցքը օգուտ կբերի Ադրբեջանի բոլոր մոտ և հեռավոր հարևաններին»։
Ի դեպ, նիստին ներկա է եղել Նիկոլ Փաշինյանը, որը հայտարարում էր, թե «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը տարածքային պահանջ է Հայաստանի դեմ։
Ինչո՞ւ Փաշինյանը նեղվեց Ալիևի հայտարարությունից և որոշեց դրա մասին հայտարարել ՇՀԿ գագաթնաժողովում, 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քննարկեցինք «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցի հետ։
«Փաշինյանը բողոքեց, որովհետև Ալիևը խախտեց նրա նախընտրական անդորրը։ Այստեղ խնդիրը տերմինները չեն, այլ այդ տերմինների բովանդակությունը, որոնց, ի դեպ, Փաշինյանը չանդրադարձավ»,- ասաց Սուրեն Սուրենյանցը։
Նրա խոսքով՝ Ալիևը չի շեղվել իր ուղուց, շատ լավ գիտի, որ «Թրամփի ուղին» «Զանգեզուրով միջանցքի» փաթեթավորումն է։
«Սարսափելին այն է, որ «Զանգեզուրով միջանցք» ասվածն Ալիևը ներկայացրեց ադրբեջանական աչքերով։ Փաշինյանը նեղվեց, որովհետև գիտի՝ ինքը Վաշինգտոնում միջանցք է տվել, բայց դա բարձրաձայնելով՝ Ալիևն իր նախընտրական անդորրը խախտեց։ Այնպես որ, ունենք մի վիճակ, որ Վաշինգտոնում հայ-ադրբեջանական կոնֆլիկտը չլուծվեց, «զակատ արվեց»՝ ապագայում բացելու համար»,- ասաց Սուրենյանցը։
Մանրամասները՝ տեսանյութում