
Բաքվում ՌԴ քաղաքացիների ազատ արձակումը կարևոր քայլ կդառնա դեպի հարաբերությունների կարգավորում. Զախարովա

Բաքվում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիների ազատ արձակումը կարևոր քայլ կդառնա Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման տանող ճանապարհին: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ընդգծում ենք՝ Ռուսաստանի քաղաքացիների ազատ արձակումը կարևոր քայլ է ՌԴ-ի և Ադրբեջանի միջև հարաբերություններում իրադրության կարգավորման ճանապարհին», – ասել է Զախարովան Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Նա հավելել է, որ ՌԴ ԱԳ նախարարությունը «մշտական կապի մեջ է իրավապահ մարմինների և ձերբակալվածների հարազատների հետ»։
«Մենք օգնություն ենք ցուցաբերում մեր առանձին քաղաքացիների համար փաստաբանների գործունեության ֆինանսավորման հարցում՝ նրանց խնդրանքով։ Կազմակերպվել է հյուպատոսական աշխատակիցների կողմից երեք այցելություն Ռուսաստանի քաղաքացիներին Բաքվի հետաքննչական մեկուսարանում», – հավելել է դիվանագետը։
Կողմերի միջև հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Ռուսաստանի իրավապահները գործողություններ էին իրականացրել Եկատերինբուրգում՝ ձերբակալելով մի քանի ադրբեջանցիների, որոնք կասկածվում էին նախկին տարիներին տեղի ունեցած մի շարք սպանությունների մեջ:
Ձերբակալված ադրբեջանցիներից երկուսը մահացել էին։ Ադրբեջանը դատապարտել էր տեղի ունեցածը՝ դա անվանելով սպանություն, և բողոք էր հայտնել ՌԴ անվտանգության ուժերի գործողությունների դեմ։ Դրանից հետո Բաքվում կալանավորվել էին «Sputnik Ադրբեջան» գործակալության ղեկավարը և գլխավոր խմբագիրը։ Լրատվամիջոցի աշխատակիցները մեղադրվում են մեքենայության, անօրինական ձեռնարկատիրության համար։
Բացի այդ, կալանավորվել են ՌԴ մի շարք այլ քաղաքացիներ, որոնք մեղադրվում են Իրանից թմրանյութերի մաքսանենգության և կիբերհանցագործությունների համար։