
ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ է տրամադրել Լեհաստանին. կայացել է Թրամփ-Նավրոցկի հանդիպումը

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին, գնահատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպումը, հատուկ գոհունակություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ Վաշինգտոնը Վարշավային անվտանգության երաշխիքներ է տրամադրել։
Նավրոցկու խոսքերը մեջբերել է լեհական Polsat հեռուսատաալիքը:
«Նախագահ Թրամփը, և դա ինձ հատկապես ուրախացնում է, Լեհաստանին անվտանգության երաշխիքներ է տրամադրել՝ նշելով մեր համագործակցությունը ռազմական ոլորտում», – ասել է Նավրոցկին։
«Ես այս հանդիպումը համարում եմ մեծ հաջողություն, մենք, մասնավորապես, քննարկել ենք Լեհաստանում ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնումը», – ասել է նա։Ինչպես հայտնել է լեհ առաջնորդը, «հինգշաբթի օրը (սեպտեմբերի 4-ին) Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը և Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Սլավոմիր Ցենցկևիչը կքննարկեն թեմաներ, որոնք, անկասկած, օգուտ կբերեն Լեհաստանին»։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Նավրոցկին ընդգծել է, որ լուրջ հնարավորություն է տեսնում Լեհաստանում ամերիկյան զորքերի մշտական ներկայության համար։ Նա նշել է, որ Հեգսեթի և Ցենցկևիչի միջև բանակցությունների ընթացքում կքննարկվեն և՛ Լեհաստանում ամերիկյան զորքերի մշտական ներկայությունը, և՛ անվտանգության երաշխիքները, և՛ այն նախագծերը, որոնք նոր կլինեն Լեհաստանի անվտանգության ենթակառուցվածքների համար։
Reuters գործակալությունը նշում է, որ լրագրողների հետ զրույցում Թրամփը ևս հայտնել է, որ կմեծացնի ամերիկյան զորքերի ներկայությունը Լեհաստանում, «եթե նրանք ցանկանան»։ Նա նաև խոստացել է ապահովել երկրի պաշտպանությունը։