
ՀԱՄԱՍ-ը համաձայնագրի շրջանակներում պատանդներին վերադարձնելու պատրաստակամություն է հայտնել, Իսրայելը պայմաններ է առաջադրել

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ պատրաստ է Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու համապարփակ համաձայնագրի շրջանակում ազատ արձակել բոլոր պատանդներին Իսրայելի կողմից պահվող պաղեստինցի բանտարկյալների համաձայնեցված թվի դիմաց։ Այս մասին հայտնում է Asharq լրատվական կայքը։ ՀԱՄԱՍ-ը հավելել է, որ համապարփակ համաձայնագիր կնքելու իր պատրաստակամությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հարկավոր է, որ «Գազայի հատվածում պատերազմը դադարեցվի, ամբողջ Գազայի հատվածից բոլոր օկուպացիոն ուժերը դուրս բերվեն, անցակետերը բացվեն՝ Գազայի բոլոր կարիքները հոգալու և վերակառուցման գործընթաց սկսելու համար»։
Շարժումը նաև վերահաստատել է իր համաձայնությունը տեխնոկրատներից կազմված անկախ ազգային վարչակազմի ստեղծմանը՝ Գազայի հատվածի բոլոր գործերը կառավարելու և բոլոր ոլորտներում իր պարտականություններն անմիջապես ստանձնելու համար։
Ի պատասխան դրա՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ պատանդներին ազատ արձակելու պատրաստակամության մասին ՀԱՄԱՍ-ի հայտարարությունը «քարոզչական մանևր» է։
Իսրայելական կողմը պնդում է, որ Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցման պայմանը, բոլոր պատանդների ազատ արձակումից բացի, պետք է լինի ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափումը և պաղեստինյան անկլավի ապառազմականացումը։