Իրանն անվտանգային բնույթի մարտահրավերներին ստիպված է լինելու դիմակայել իր անմիջական սահմաններին. Արամ Շահնազարյան

Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալման համատեքստում ստեղծված իրավիճակում Իրանն առնվազն չհաղթեց, եթե չասենք՝ պարտվեց, քանի որ, ինչպես 168.am-ի հետ զրույցում նշել էր «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը, ընդդիմադիր խմբավորումների իշխանության գալուց հետո պաշտոնական Թեհրանի դիրքերն էականորեն թուլանալու են, քանի որ Ասադի կառավարման ժամանակահատվածում Իրանն ուղիղ ճանապարհ ուներ Լիբանան հասնելու և այնտեղ գործող «Հեզբոլլահին» աջակցություն տրամադրելու Իսրայելի դեմ հակամարտությունում։

Ավելին, Իրանը ոչ միայն հեշտ ճանապարհ ուներ Սիրիայով Լիբանան մուտք գործելու համար, այլև հենց Սիրիայի ներսում տարբեր պրոքսի ուժերի առանցքներ էր ստեղծում Իսրայելի դեմ պայքարելու նպատակով։ Իսկ այսօր, ըստ փորձագետի, սահմանափակվելու են Իրանի՝ Միջերկրական ծով դուրս գալու ուղիները և այլն:

Ինչո՞ւ Իրանը պարտվեց, և էլ ի՞նչ կորցրեց Սիրիայում Ասադի ռեժիմի տապալման և երբեմնի ահաբեկիչների իշխանության գալու արդյունքում, թեմայի շուրջ 168.am-ը զրուցել է Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանի հետ:

Ի դեպ, օրեր առաջ Իրանի ԱԳՆ-ն հայտնել է, որ դեռ Իրանի և Սիրիայում իշխող ուժերի միջև ուղիղ կապ չկա:

Կարդացեք նաև

– Սիրիայում Իրանի կորուստներն իսկապես ծանր և աննախադեպ են։ Իրանը կորցրեց իր ռազմավարական խորության ամենակարևոր բաղադրիչը։ Սիրիան այն օղակն էր, որն ապահովում էր Իրանի ցամաքային լոգիստիկ կապն իր տարածաշրջանային ամենակարևոր արբանյակային ուժի` լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման հետ։ Հիմա այդ կապն այլևս գոյություն չունի, և հայտնի չէ, թե ինչպիսին կլինի «Հեզբոլլահի» ճակատագիրն առանց այդ կապի։

Բացի այդ, Սիրիան ապահովում էր Իրանի ռազմական ներկայությունն իր տարածաշրջանային ախոյանի` Իսրայելի անմիջական սահմաններին, ինչը լուրջ առավելություն էր Իրանի համար Իսրայելի հետ հակամարտության ֆոնին։ Սիրիան նաև ռազմավարական առանցքային նշանակություն ուներ Իրանի անվտանգային մթնոլորտի պահպանման և կայունության գործում։ Սիրիան կորցնելով Իրանի ռազմավարական խորությունը, կրճատվել է մինչև Իրաք, որտեղ, ի դեպ, վերջին շրջանում այնքան էլ ամուր չեն Իրանի դիրքերը, իսկ սա նշանակում է, որ Իրանն անվտանգային բնույթի մարտահրավերներին ստիպված է լինելու դիմակայել իր անմիջական սահմաններին։ Եթե ամփոփենք, ապա կարող ենք միանշանակ նշել, որ ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում Սիրիան Իրանի համար վստահելի դաշնակցից վերածվեց թշնամական տարածքի, որտեղ այլևս խաղի կանոններ թելադրողները Թուրքիան և Իսրայելն են, և, բնականաբար, ԱՄՆ-ը։ Իսկ ինչ վերաբերում է պարտության պատճառներին, ապա դրա համար կան բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, որոնք, ըստ իս, առանձին քննարկման թեմա են։

Արդեն նշեցիք, որ Սիրիայում հաղթեցին Թուրքիան և Իսրայելը, այլ հարց է, որ Իսրայել-Թուրքիա հենց այս ֆոնին արդեն իսկ որոշակի տարաձայնություններ կան, և կարող են լինել նաև ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև: Այս ամենը հաշվի առնելով՝ Իրանում ի՞նչ հետևություններ են արել, որքանո՞վ են ռիսկեր և վտանգներ տեսնում Հարավային Կովկասի վրա ազդեցության և Իրանի դեմ գործողությունների իրականացման հարցում:

Նախ պետք է նշեմ, որ գոնե այս պահին Սիրիայի հարցով ես խորքային որևէ տարաձայնություն չեմ տեսնում Անկարայի և Թել Ավիվի միջև։ Ընդհակառակը, համոզված եմ, որ նրանք չափազանց համադրված են գործում Սիրիայում։ Այլ հարց է, որ ապագայում, հատկապես քրդերի հիմնահարցի հետ կապված՝ կարող են լուրջ խնդիրներ առաջանալ մի կողմից՝ Իսրայելի, իսկ մյուս կողմից՝ ԱՄՆ-ի հետ։ Իսկ ինչ վերաբերում է Իրանի հետևություններին, ապա հստակ է, որ Թեհրանում գիտակցում են՝ այս ամենը չի սահմանափակվելու Սիրիայով։ Հաջորդ թիրախը տրամաբանորեն կարող է լինել Իրաքը, ինչպես նաև Հարավային Կովկասը։

Իրանի տարածաշրջանային ախոյանների, ինչպես նաև հավաքական Արևմուտքի նպատակը հստակ է՝ չեզոքացնել Իրանի ազդեցությունն ու դերակատարությունը մեծ Մերձավոր Արևելքում, որը սկսվում է Միջերկրական ծովից ու ձգվում հասնում է մինչ Հարավային Կովկաս ու Կենտրոնական Ասիա, և հասնել Իրանում քաղաքական համակարգի փոփոխության։ Սա միանշանակ է, այս առնչությամբ երկու կարծիք լինել չի կարող, և այս ֆոնին Իրաքում կամ Հարավային Կովկասում Իրանի դեմ գործողությունները ոչ միայն բացառված չեն, այլ ընդհակառակը՝ դրանց հնարավորությունը չափազանց բարձր է։

– Սիրիայում հաղթանակից հետո «Զանգեզուրի միջանցքի» ուղղությամբ Թուրքիայի ուշադրությունն առավել է ակտիվացել, Իրանն ի վիճակի՞ է պահել իր կարմիր գծերը, որքանո՞վ և ո՞ր դեպքում դրանք կարող են ենթարկվել փոփոխման:

«Զանգեզուրի միջանցքի» հարցով Իրանի կարմիր գծերը շարունակում են մնալ նույնը և անփոփոխ։ Միջանցք կոչվածը միանշանակ հակասում է Իրանի տարածաշրջանային շահերին և լրջագույն մարտահրավեր է՝ ուղղված Իրանի ազգային անվտանգությանը։ Այնպես որ, կարելի է ենթադրել, որ Իրանը փորձելու է անել հնարավորն այդ չարաբաստիկ նախագծի կյանքի կոչումը բացառելու համար։

Այս համատեքստում, սակայն, պետք է հաշվի առնենք այն իրողությունը, որ Սիրիայի իրադարձությունների հետ կապված Իրանի անվտանգային օրակարգում կարող են տեղի ունենալ առաջնահերթությունների որոշակի փոփոխություններ։ Տրամաբանորեն Իրանի ուշադրությունն այս պահին կենտրոնացած է Իսրայելի և Արևմուտքի կողմից եկող անմիջական մարտահրավերների չեզոքացմանը և Մերձավոր Արևելքում վերադիրքավորմանն ու եղած դիրքերի ամրապնդմանը։

Իհարկե, կա մտավախություն, որ սա կարող է ժամանակավորապես շեղել Իրանի ուշադրությունը հարավկովկասյան ճակատից, ինչը կարող է Սիրիայի պես անդառնալի հետևանքներով հղի լինել։ Ի դեպ, այս մասին ահազանգում և զգուշացնում են Իրանի փորձագիտական շրջանակները` նշելով, որ մերձավորարևելյան իրադարձությունների ֆոնին ոչ մի դեպքում չպետք է երկրորդական պլան մղել հարավկովկասյան ուղղությունը, որը կարող է երկրորդ Սիրիայի վերածվել Իրանի համար, և այս անգամ՝ իր անմիջական սահմանների հարևանությամբ։

Թրամփի վարչակարգը որքանո՞վ է վտանգավոր լինելու Իրանի համար, և արդյո՞ք Իրանի դեմ պատերազմ սկսելու հայտարարություններին Իրանում լուրջ են վերաբերվում, որքանո՞վ են պատրաստ դրան:

– Պետք է սպասել Թրամփի վարչակարգի հաստատմանը և աշխատանքի մեկնարկին՝ հասկանալու համար, թե ինչպիսին են լինելու նրա մոտեցումներն Իրանի հարցով։ Անշուշտ, կան որոշակի մտավախություններ, որոնք հիմնականում պայմանավորված են Թրամփի պաշտոնավարման նախորդ շրջանի հետ։ Կարելի է ենթադրել, որ Իրանի դեմ պատժամիջոցների և ճնշումների քաղաքականությունը կարող է սաստկանալ, սակայն կա նաև առկա խնդիրները բանակցությունների (որոնք, ինչ խոսք, կլինեն չափազանց բարդ ու բազմաշերտ եթե, իհարկե, կայանան) միջոցով որոշակիորեն կարգավորելու հնարավորություն։ Չմոռանանք, որ իր պաշտոնավարման նախորդ շրջանի համեմատությամբ Թրամփն ամբողջովին փոխել է իր քաղաքական, ռազմական և անվտանգային թիմը։ Այլևս չկան այն դեմքերը, որոնք բացեիբաց խոսում էին Իրանի վրա հարձակման և ռազմական գործողությունների անհրաժեշտության մասին։ Սակայն, ինչպես նշեցի, ամեն ինչ ցույց կտա ժամանակը։

Չանտեսենք Ադրբեջան-Իրան, Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները, որոնք իրենց նրբություններն ունեն: Ի դեպ, Ադրբեջանը դարձավ «Իսլամական ութնյակի» անդամ նաև Իրանի շնորհիվ:

– Իրան-Ադրբեջան հարաբերությունների տրամաբանությունը հստակ է. երկու կողմերն էլ գիտակցում են, որ այս պահին հարաբերություններում առճակատումը և հավելյալ սրացումն անհրաժեշտ չէ ոչ մեկին, և փորձում են հարաբերությունները զարգացնել այդ տրամաբանությամբ։ Ադրբեջանի հետ կապված պաշտոնական Թեհրանը գործում է հստակ, այն է՝ ապահովել Ադրբեջանի առավելագույն ներգրավվածությունը երկկողմ և բազմակողմ համագործակցության տարբեր ձևաչափերում, այդ միջոցով փորձելով նվազագույնի հասցնել Բաքվից եկող անվտանգային բնույթի մարտահրավերները։

Սակայն, ինչպես փորձագետներն են հուշում, այս տրամաբանությունը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ չկա տարածաշրջանային այնպիսի առճակատման հնարավորություն, որտեղ Իրանի դեմ ռազմաքաղաքական բնույթի գործողություններում առանցքային դեր վերապահված կլինի Ադրբեջանին։ Նույն տրամաբանությունը գործում է նաև Իրան-Թուրքիա հարաբերություններում, բայց այն տարբերությամբ, որ սիրիական վերջին իրադարձություններից հետո Անկարան ստացել է ռազմավարական հստակ առավելություն։

Դա գիտակցում են Թեհրանում և փորձում են Անկարայի հետ հարաբերությունները համապատասխանեցնել նոր իրողությանը։ Թուրքիայի հետ հարաբերություններում, ի դեպ, կա մի հավելյալ գործոն, որը տեսանելի ապագայում կարող է նպաստել երկու երկրների միջև մարտավարական բնույթի համագործակցության կայացմանը. դա քրդական հիմնախնդիրն է, որը նույնաբովանդակ մարտահրավերներ է պարունակում երկու կողմի համար։

Տեսանյութեր

Լրահոս