Իրանի և Թուրքիայի հարաբերություններն այսօր բավականին բազմաշերտ ու հետաքրքիր են. որոշակի խնդիրներում համագործակցությունից մինչ տարաձայնություններ և մրցակցություն, հատկապես` Հարավային Կովկասում։ Փաստ է, որ երկու երկրները տնտեսական, քաղաքական և անվտանգային ոլորտներում փորձում են գործնական կապեր պահպանել։
Իրանի տարածաշրջանային ախոյանների, ինչպես նաև հավաքական Արևմուտքի նպատակը հստակ է՝ չեզոքացնել Իրանի ազդեցությունն ու դերակատարությունը մեծ Մերձավոր Արևելքում, որը սկսվում է Միջերկրական ծովից ու ձգվում հասնում է մինչ Հարավային Կովկաս ու Կենտրոնական Ասիա, և հասնել Իրանում քաղաքական համակարգի փոփոխության։ Սա միանշանակ է, այս առնչությամբ երկու կարծիք լինել չի կարող, և այս ֆոնին Իրաքում կամ Հարավային Կովկասում Իրանի դեմ գործողությունները ոչ միայն բացառված չեն, այլ ընդհակառակը՝ դրանց հնարավորությունը չափազանց բարձր է։