
Հարավային Կովկասում խաղաղության դիսկուրսը՝ գործիք թյուրքական աշխարհի ձեռքին․ ինչպես են Ալիևն ու Էրդողանը ամրապնդում ԹՊԿ-ն

Գաբալայում ընթացող Թյուրքախոս պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիբ Էրդողանն ուշագրավ հայտարարություններ են արել և հատկապես ոգևորությամբ անդրադարձել հարավկովկասյան զարգացումներին։ Ըստ Իլհամ Ալիևի, այսօր ԹՊԿ-ն ոչ միայն համագործակցության հարթակ է, այլև խոշոր աշխարհաքաղաքական կենտրոն է։
«Աշխարհի առջև ծառացած ժամանակակից աշխարհաքաղաքական և անվտանգային մարտահրավերների ֆոնին կարևոր է, որ թյուրքալեզու պետությունները, համաձայն անցյալ տարի Շուշիում կայացած ոչ պաշտոնական գագաթնաժողովում ընդունված Ղարաբաղի հռչակագրի և այսօրվա գագաթնաժողովի՝ «Տարածաշրջանային խաղաղություն և անվտանգություն» թեմայի, գործեն՝ որպես միասնական ուժային կենտրոն»,- ասել է Ալիևը։
Իր ելույթում նա առաջարկել է անցկացնել անդամ պետությունների համատեղ զորավարժություններ. «Հաշվի առնելով մեր երկրների միջև ռազմական, պաշտպանության և անվտանգության ոլորտներում լայնածավալ համագործակցությունը՝ մենք առաջարկում ենք 2026 թվականին Ադրբեջանում անցկացնել ԹՊԿ անդամ պետությունների համատեղ զորավարժություններ»։
Խոսելով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման մասին՝ Ալիևը նշել է, որ այն Հարավային Կովկասը կվերածի խաղաղության տարածքի։
Վաշինգտոնի գագաթնաժողովի մեկ այլ կարևոր արդյունք էր, նրա խոսքով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ «Զանգեզուրի միջանցքը մեծ նշանակություն ունի՝ որպես նոր տրանսպորտային զարկերակ և երկրորդ երթուղի՝ ինչպես Միջին միջանցքում, այնպես էլ՝ Հյուսիս-Հարավ միջանցքում»,- ընդգծել է Ալիևը։
Ի դեպ, ուշագրավ է, որ Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի յոթերորդ գագաթնաժողովի շրջանակում Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո ևս Ալիևը շարունակում է օգտագործել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» տերմինն այն դիսկուրսի ֆոնին, թե այդ հանդիպմանը կրկին քննարկվել է այդ տերմինը չօգտագործելու հարցը։
Վերադառնալով Ալիևի ելույթին, նշենք՝ նա ընդգծել է, որ թյուրքական աշխարհի ներուժը տրանսպորտի, կապի, տարանցման և այլ ոլորտներում օգտագործելու ուղղությամբ կատարված աշխատանքը հանգեցրել է համաշխարհային նշանակության նախագծերի իրականացմանը՝ Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքներ։
Թուրքիայի նախագահն իր ելույթում ևս անդրադարձել է Հարավային Կովկասին, ասելով, թե այս ռեգիոնում ծավալվող գործընթացներում Թուրքիան ոչ թե դիտորդի դերակատարություն է որդեգրել, այլ «ակտիվորեն աջակցում է խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին»։ Էրդողանն ասել է՝ Անկարան հույս ունի, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրի կյանքի կոչումը կշարունակվի: Նրա խոսքով, թյուրքական աշխարհի երկրները կարող են ավելի արդյունավետ դեր խաղալ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործում։
Իսկ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը ԹՊԿ ԱԳ նախարարների խորհդի նիստում նշել է, որ տարածաշրջանում մշտական խաղաղության ու երկարատև կայունության հասնել հնարավոր է միայն Թյուրքական պետությունների կազմակերպության բոլոր անդամների միջև շարունակական համակարգման և գործընկերության ամրապնդման միջոցով։
Նա ասել է, որ թյուրքական աշխարհն այժմ պետք է լինի տարածաշրջանային հավասարակշռությունը ձևավորող առանցքային դերակատար, և, որ Թյուրքական պետությունների կազմակերպության ամենամեծ ուժն անդամների միջև խորացող փոխադարձ վստահությունն ու համագործակցությունն է։ Ֆիդանն իր խոսքում անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։
Նա նշել է Հարավային Կովկասում մշտական խաղաղության հասնելու գործում գրանցված նշանակալի առաջընթացը, որը վճռական նշանակություն ունի ընդհանուր աշխարհագրության կայունության համար, նաև վերահաստատել իր գոհունակությունը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված համատեղ հռչակագրի կապակցությամբ։ Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով՝ այս ձեռք բերված ազդակի շնորհիվ տարածաշրջանում նոր տրանսպորտային և հաղորդակցական գծերի բացումը կնպաստի պատմական Մետաքսի ճանապարհի վերակենդանացման ջանքերին։
Նույն նիստում Հայաստան-Ադրբեջան թեմային անդրադարձել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա կրկին հնչեցրել է Ադրբեջանի պահանջն այն մասին, որ Հայաստանը պետք է իր Սահմանադրությունից հեռացնի Ադրբեջանի նկատմամբ պահանջները:
«Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում կայացած գագաթնաժողովը և ստորագրված փաստաթղթերը պատմական նշանակություն ունեն։ Այս պատմական հնարավորությունը պատշաճ կերպով գնահատելու և խաղաղության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը վերացնի Ադրբեջանի նկատմամբ իր տարածքային պահանջները, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ»,- նշել է նա։
Բայրամովը Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում նշել է, որ ԹՊԿ անդամ պետությունները, իրենց աշխարհագրական դիրքի շնորհիվ, ձևավորում են բնական տրանսպորտային, լոգիստիկ և տարանցիկ ուղիներ՝ ծառայելով որպես կամուրջ Եվրոպայի և Ասիայի միջև.
«ԹՊԿ անդամ պետությունները հսկայական ներուժ ունեն այս ոլորտում: Այս երթուղին նաև Միջին միջանցքի անբաժանելի մասն է կազմում: Վաշինգտոնի գագաթնաժողովում TRIPP երթուղու մասին հայտարարությունը, որը կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև անխափան կապը «Զանգեզուրի միջանցքի» միջոցով, նույնպես կարևոր քայլ է մեր տարածաշրջանում կապերի դիվերսիֆիկացման գործում»,- ասել է Բայրամովը:
Թյուրքախոս պետությունների կազմակերպությունը վերջին տարիներին ակտիվորեն փորձում է վերածվել ոչ միայն խորհրդանշական, այլև քաղաքական, որոշակի առումով՝ նաև ռազմական, ազդեցություն ունեցող կառույցի՝ հատկապես Հարավային Կովկասում 44-օրյա ողբերգական պատերազմից հետո ձևավորված աշխարհաքաղաքական նոր միջավայրում։ Դատելով ԹՊԿ այս գագաթնաժողովի ելույթներից՝ այս կազմակերպությունն Ադրբեջանի ու Թուրքիայի առաջնորդությամբ փորձում է Հայաստան-Ադրբեջան գործընթացները և պայմանավորվածություններն օգտագործել ազդեցությունը խորացնելու, այսպես կոչված, խաղաղության օրակարգը գրավել և այն թուրքական ազդեցության գործիք դարձնել։
ԹՊԿ-ի համար խաղաղության հեռանկարը դիտվում է ոչ թե՝ որպես պարզապես նոր իրողություն, այլ որպես գործիք՝ տնտեսական, տրանսպորտային և քաղաքական ինտեգրացիան խթանելու նպատակով։
Եվ այդ ճանապարհին TRIPP-ը, որն Ալիևը շարունակում է անվանել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք», այս ձգտումների ամենատեսանելի ու վառ դրսևորումն է, որը ներկայացվում է՝ որպես տարածաշրջանային կապերի վերականգնման ու խաղաղության միջոց, սակայն իր խորքային էությամբ ենթադրում է Անկարայի և Բաքվի ազդեցության ընդլայնում դեպի Կենտրոնական Ասիա՝ շրջանցելով Հայաստանի ու Իրանի շահերը։
Ըստ էության թյուրքական աշխարհաքաղաքական նախագծերը փորձ են անում լեգիտիմացնել խաղաղության դիսկուրսի միջոցով, որն ավելի ընդունելի գուցե դիտարկվի միջազգային հանրության համար։
Հարավային Կովկասում խաղաղության դիսկուրսն Ադրբեջանի ու Թուրքիայի միջոցով ԹՊԿ-ի ձեռքում վերածվել է փափուկ ուժի գործիքի։ Այն թույլ է տալիս կազմակերպությանն ամրապնդել իր ներկայությունը տարածաշրջանում՝ ձևավորելով նոր քաղաքական օրակարգ, որտեղ գոնե նոմինալ խաղաղությունը, դատելով հայտարարություններից, ներկայացվում է ոչ թե՝ որպես միջազգային միջնորդի նախաձեռնություն, այլ՝ «թյուրքական աշխարհի» ռազմավարակն ձեռքբերում։