Փաշինյանի վստահության «կոդեքսը» կամ բանակին չվստահելու խոսուն փաստեր. Որքանով է բանակը վստահել
Հունիսի 15-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սխալվել են՝ վստահելով բանակին, որի համար իբր ոչինչ չեն խնայել:
«Մենք վստահել ենք մեր բանակին, վստահել ենք: Ընդ որում, իմացել ենք քաղաքական կապվածությունների մասին, ինչ-որ բաների առաջ աչք փակելով՝ վստահել ենք: 2018-ից մինչև այսօր չկա մի դեպք, որ մեր բանակում ինչ-որ բան տեղի ունեցած չլինի այն պատճառով, որ կառավարությունը ասի՝ փող չկա: Բացառված է, չի կարող նման բան լինել: Գուցե դա՞ է եղել մեր ամենամեծ սխալը, որ վստահել ենք բանակին»,- նշել է նա:
Երկրի ղեկավարը ԶՈՒ զարգացման պլան է հաստատել՝ առանց հասկանալու
Նախ՝ Փաշինյանն իր վստահությունն այստեղ հիմնավորում է՝ բանակն ինչ ուզել, ինչ պահանջ դրել է, գնել են, բավարարել են: Այս տեսակ վստահությունը, ըստ էության, գալիս է ռազմական գործից հեռու լինելուց, սպառազինության, ռազմական տեխնիկայի վերաբերյալ տարրական գիտելիքների բացակայությունից, ինչը թույլ չի տվել, թերևս, գոնե հարցադրումներով հակադարձել:
Այս պնդումը, ըստ էության, Փաշինյանը հաստատել էր 2022 թվականի սեպտեմբերի 14-ին՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:
ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հարցին՝ ի՞նչ է արել հաղթանակ ապահովելու համար, Փաշինյանը պատասխանել էր.
«Էդքան քննադատված Սու-30ՍՄ-ի դեպքը դրա ամենավառ օրինակն է: Վարչապետը, նույնիսկ՝ պաշտպանության նախարարը, ԳՇ պետը, որը, ենթադրենք, հրետանավոր է, սակրավոր կամ հետևակի մասնագետ, ինքը պարտավոր չի փորձագետ լինել՝ է՞ս օդանավը, է՞ս օդանավը, թե՞ էն օդանավը: Դրա համար կան ռազմաօդային ուժեր, որոնք գնահատում են իրենց կարիքը: Մենք պատկերացնում ենք, չէ՞, որ դա գերժամանակակից ինքնաթիռ է՝ խելագար գնով: Զինված ուժերն ինձ ներկայացրել են ԶՈւ սպառազինության և տեխնիկայի պլան առաջիկա 10 տարվա համար, եթե չեմ սխալվում, որի ընդհանուր արժեքը եղել է 12 միլիարդ դոլար: Ես հիմա չգիտեմ՝ ինչի համար են բերել: Ես ասել եմ՝ ոչ մի խնդիր չկա, կանենք: Բոլորը զարմացել են՝ 12 միլիարդ դոլարի մենք կարանք ներդրում անե՞նք, ես ասել եմ՝ այո, կարող ենք, համոզված եմ, որ կարող ենք: Ինչ եմ արել, մի քանի դրվագի մասին խոսել եմ և փորձել եմ էդ կամքը նաև մեր որոշ բարձրաստիճան զինվորականների մոտ ձևավորել: Բայց հիմա մարդիկ կան, որ պատերազմից հետո, 2020-ի նոյեմբերի 9-ից հետո հոխորտում են՝ բերանները բացած, իսկ պատերազմի մեկնարկի վայրկյաններից նրանց միտքը եղել է՝ ոնց ժամ առաջ ճողոպրեն ռազմի դաշտից: Սա է փաստը: Եվ էսօրվա քրեական գործերով հիմա հիմնավորվում է, որ դա ոչ միայն իմ տպավորությունն է՝ քաղաքական, այլև շատ կոնկրետ փաստերով և փաստարկներով հիմնավորված: Կամ՝ ես ասում եմ՝ առաջին անգամ պատերազմը մեկնարկելուց հետո եմ իմացել, որ մեր բանակում կա սաղավարտի և զրահաբաճկոնի խնդիր:
Ինձ արձագանքում են և ասում՝ ՍՌՏ չգիտեմ որերորդ ծրագրի որերորդ էջում գրված է՝ սաղավարտ և բան: Կներեք, բայց վարչապետը պարտավոր չի հարյուր քանի էջանոց փաստաթուղթը կարդա տողերով և ասի՝ վայ, էս ի՞նչ է գրած: Ինձ ինչ զեկուցվել է, բանակը դա ստացել է: Ինձ էկել-ասել են, որ 15 միլիարդ է պետք, որ բանակի սնունդն ապահովվի, ասել եմ՝ կտանք, ասել են՝ հարյուր քանի միլիոն դոլար է պետք, որ ինքնաթիռ առնենք, ասել եմ՝ կտանք, ասել են՝ արկեր առնելու համար 5-30 միլիոն փող է պետք, ասել եմ՝ կտանք: Իսկ հիմա քրեական գործերով ոմանք դատվում են, որովհետև պարզվում է՝ էդ իմ տված 10 միլիոնը տարել են և իրենց գարաժներում պահվող 1973 թվի սնարյադների փոշին վրայից մաքրել ու ՊՆ-ի պահեստ են մտցրել: Եվ այդպես շարունակ, համենայնդեպս, նյութերն այդ մասին են վկայում՝ որևէ մեկի անմեղության կանխավարկածը չխախտելով»:
Հարցին՝ ինչո՞ւ հիմա չեն կիրառվում մեր Սու-երը, արդյո՞ք կարիքը չկա, Փաշինյանն արձագանքել էր՝ ամեն ինչ չէ, որ այս պահին կիրառվում է, քանի որ արդյունավետության հարց կա։
«Մյուս կողմից, չեմ կարծում եմ, թե քաղաքական իշխանությունը պիտի զանգի և ասի՝ սրանով կամ նրանով կրակեք»,- շեշտել էր նա՝ չբացառելով դեպքերը, երբ պետական միջոցներով ձեռք բերված սպառազինությունը կարող է կիրառելի չլինել:
Հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն իր փաստաբանական թիմի միջոցով և 168.am-ի հարցերին ի պատասխան՝ արձագանքել էր Փաշինյանի հայտարարությանը, մասնավորապես, զրահաբաճկոնների հետ կապված:
«Նախ նշեմ, որ ՀՀ կառավարության կողմից վերահաստատված «Սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրում» նշվում է ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերումների ընդհանուր պահանջարկն առնվազն 5 տարվա կտրվածքով և բաշխված է՝ ըստ տարիների: Այն իր մեջ ներառում է և՛ այդ իրավիճակում զինված ուժերի կիրառման ապահովումը, և՛ խաղաղ պայմաններում զինված ուժերի ամենօրյա գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ռազմական նշանակության արտադրանքի հաշվարկման քանակական և մոտարկված ֆինանսական միջոցների պահանջարկը:
Քանի որ այդ պահանջարկը գերազանցում է պետական բյուջեի հնարավորությունները, հաշվի առնելով ՀՀ կառավարության կողմից հատկացվող ֆինանսական միջոցները, ՀՀ պաշտպանության նախարարությունը հնարավորինս բաշխում է կատարում տարեկան պաշտպանական ծախսերում՝ ըստ առաջնահերթությունների:
Չեմ կարծում, որ հազարավոր անուն նյութական և ֆինանսական միջոցների պահանջարկի դեպքում ես կամ որևէ այլ պաշտոնյա պետք է ՀՀ վարչապետի ուշադրությունը կենտրոնացներ հենց սաղավարտների և զրահաբաճկոնների վրա, մասնավորապես այն պարագայում, երբ յուրաքանչյուր տարի դրանք հնարավորինս ձեռք են բերվել ըստ ՀՀ գլխավոր շտաբի կողմից ներկայացված օպտիմիզացված հայտերի:
44-օրյա պատերազմի ժամանակ զինված ուժերը համալրված են եղել զրահաբաճկոններով և սաղավարտներով, իսկ զորահավաքի պահանջարկը բավարարված է եղել մասամբ։
Ամբողջական զորահավաքի համար քանակը երբեք՝ 30 տարվա մեջ, ապահովված չի եղել և չէր էլ կարող լինել՝ պահանջարկի և ֆինանսական միջոցների անհամապատասխանության պայմաններում»,- մանրամասնել էր Տոնոյանը:
ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանն էլ մեզ հետ զրույցում ասել էր.
«Առաջին՝ ծրագիրը եղել է ոչ թե 10 տարվա, այլ 5 տարվա: Երկրորդ՝ շատ վատ է, որ ինքը փաստաթուղթ է ստորագրում և չի կարդում՝ ինչ է ստորագրում: Այսինքն, երկրի ղեկավարը Զինված ուժերի զարգացման պլան է հաստատել՝ առանց հասկանալու, թե ինչ է հաստատել, չընթերցելով այն: Ասեմ, որ այդպիսի մի քանի պլան ես կազմել եմ ժամանակին, և դրա վրա ծախսվել է 3-4 ամիս ժամանակ: Մասնագետները ժամանակ են ծախսում այն կազմելու համար, իսկ ղեկավարը հարկ չի համարում այն ընթերցել»:
Այսինքն, տվյալ դեպքում, կրկնում ենք՝ խնդիրը բանակին վստահել-չվստահելը չի:
Փաշինյանը չի վստահել բանակին
Իսկ իրականում իրեն գերագույն գլխավոր հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանը բանակին չի վստահել, եթե հիմնվենք ծանրակշիռ կոնկրետ փաստերի վրա:
44-օրյա պատերազմից հետո 168.am-ը մանրամասն անդրադարձել էր ՊԲ-ում և ՀՀ ԶՈՒ-երում 44-օրյայից առաջ ոչ պատահական կադրային փոփոխություններին, ինչպես նաև՝ տվյալ ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի նշանակման ոչ պատահական լինելուն:
168.am-ը ուսումնասիրություններ էր ներկայացրել նաև, թե 2018-ից հետո ինչ կադրային փոփոխություններ են արվել ռազմական հետախուզության և օպերատիվ կառավարման ոլորտներում և ՀՀ ԶՈՒ ԳՇ քանի պետ է փոխվել, թե իշխանափոխությունից մինչ օրս ՀՀ ԶՈՒ բանակային կորպուսների քանի հրամանատար է փոխվել, թե 2018թ. իշխանափոխությունից հետո ՀՀ-ի և Արցախի ԱԱԾ-ներում ինչ կադրային փոփոխություններ են կատարվել և ինչ իրադարձություններ են դրանց նախորդել և հաջորդել, թե վերջին հինգ տարվա ընթացքում Փաշինյանի հրահանգով քանի ՀՀ պաշտպանության նախարար է փոխվել, երբ և ինչ հանգամանքներում: Այսինքն, ՀՀ պաշտպանության նախարարներից ով՝ ինչ առաքելությամբ էր նշանակվել, և ինչո՞ւ էր ազատվել: Այս ամենն առանձին-առանձին և մանրամասն ներկայացվել է, ուստի վերաշարադրման անհրաժեշտություն չկա:
Սակայն այս համատեքստում մի քանի դրվագի մասին հարկ ենք համարում հիշեցնել:
Գիտակցել եմ՝ «քաղաքական թիմի» անդամ երբեք չեմ լինի
Դրվագ 1
2022 թվականի ապրիլի 13-ին ԱԺ-ում, անդրադառնալով պատերազմի ժամանակ եղած բացթողումներին, Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո բանակում իրենց քաղաքական թիմից որևէ մեկին պաշտոնի չեն նշանակել, և շեշտել, որ Դավիթ Տոնոյանը, որին վստահեցին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, եղել է նախկին կառավարության անդամ:
Նման միտք Նիկոլ Փաշինյանն արտահայտել էր նաև 2021-ի փետրվարին` Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում:
168.am-ն անազատության մեջ գտնվող Դավիթ Տոնոյանից փաստաբանի միջոցով փորձել էր պարզել՝ «ի՞նչ է սա նշանակում`ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ հասկացել է, որ սխալվե՞լ է Ձեր հարցում, թե՞ բավարար չափով չի էլ վստահել երբեք», ինչին նախկին նախարարը պատասխանել էր.
«Եթե ՀՀ վարչապետը «դիլեմայի» առջև է կանգնած, ապա ՀՀ պաշտպանության նախարարությունը ղեկավարելու նրա առաջարկի ընդունումն իմ կողմից եղել է հաստատակամ որոշում, որը կայացրել եմ տասնամյակների պետական ծառայության ընթացքում ձևավորված պարտքի զգացումի թելադրանքով, ինչպես նաև` բազմաթիվ ընկերներիս և ՀՀ զինված ուժերի զարգացման համար մտահոգ գործընկերների քաջալերման արդյունքում: Այդ որոշումը կայացնելիս քաջ գիտակցել եմ, որ «քաղաքական թիմի» անդամ երբեք չեմ լինի՝ հաշվի առնելով իմ հոգեկերտվածքը և անցած ճանապարհը»:
Մեր դիտարկմանը՝ գուցե անցումային նախարա՞ր էր պետք Նիկոլ Փաշինյանին, Տոնոյանը համաձայնել էր.
«Այո, վարչապետի խոսքերից կարելի է եզրակացնել, որ նրան և իր քաղաքական թիմին անհրաժեշտ էր «անցումային» պաշտպանության նախարար: Բայց չնայած այդ թիմի առանձին անդամների անդադար ջանքերին, նա ինձ պաշտոնից չհեռացրեց անգամ պատերազմի ընթացքում: Պաշտոնավարել եմ 2.5 տարի, իմ պաշտոնանկությունից հետո անցել է 1.5 տարի, որոնց ընթացքում նշանակվել է պաշտպանության 3 նախարար, ինչը կադրային քաղաքականության որակի խոսուն ցուցիչ է»:
Այսինքն, իրապես, Փաշինյանի՝ ռազմական և պաշտպանական ոլորտում կադրային փոփոխություններն ունեցել են զուտ հետին մտքեր և նպատակներ: Այլ կերպ՝ երբ ինչ-որ պահի չեն համաձայնել իր հետ, ազատվել է նրանցից:
Ի դեպ, երբ Սուրեն Պապիկյանին Պաշտպանության նախարար նշանակեցին, Նիկոլ Փաշինյանն այն հիմնավորել էր, որ պաշտպանական և արտաքին քաղաքական պաշտոնները պետք է սեփական քաղաքական թիմի անդամներին վստահել: Արդյոք 2021թ. նոյեմբերի 15-ից մինչ օրս Սուրեն Պապիկյանի նկատմամբ ինչ-որ պահերի Փաշինյանը կասկածներ կամ նրան չվստահելու առիթներ ունեցե՞լ է, հնարավոր է: Որքանո՞վ է հիմա վստահում, չենք կարող ասել, բայց նաև չենք կարող բացառել, որ ինչ-որ պահի կարող է նաև իր թիմակցին չվստահել 100 տոկոսով, եթե փոքր-ինչ հակադրություն լինի իր քաղաքական օրակարգին:
Դրվագ 2
Ո՞ր պահին Փաշինյանը կորցրեց Օնիկ Գասպարյանի նկատմամբ ունեցած 100 տոկոս «եղբայրական» վստահությունը
2021 թվականի փետրվարի 25-ին, երբ ՀՀ զինված ուժերը՝ Օնիկ Գասպարյանի ղեկավարությամբ, պահանջեց Փաշինյանի և նրա թիմի հրաժարականը, Փաշինյանը դադարեց նրան վստահել: Եվ սա՝ չնայած նրան, որ 2020 թվականի նոյեմբերի 17-ին դեռևս ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն իր ուղերձում ասել էր, որ պատերազմի 4-րդ օրն ԱԽ նիստում առաջարկել է 2-3 օրվա ընթացքում կանգնեցնել պատերազմը, ինչը, ի դեպ, Փաշինյանը սկզբում չէր հերքել, խոսքից հետ էր կանգնել, երբ ԳՇ-ն պահանջել էր նրա հրաժարականը, և սկսվել էր Օնիկ Գասպարյան-ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան հեռակա բանավեճը:
Մասնավորապես, 2021 թվականի փետրվարի 25-ին իր աջակիցների հետ հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր.
«Օնիկ Գասպարյանը, որին ես նշանակել եմ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, որին ես շնորհել եմ գեներալ-լեյտենանտի կոչում, որին ես շնորհել եմ իմ միջնորդությամբ գեներալ-գնդապետի կոչում, որին ես պատերազմի ընթացքում վերաբերվել եմ 100 տոկոս վստահությամբ, հիմա հետահայաց հասկանում եմ, որ շատ դրվագներում այդքան էլ ճիշտ չեմ վերաբերվել, ճիշտ չեմ վարվել, որ 100 տոկոսով վստահությամբ եմ վերաբերվել»:
Նույն միտքը Փաշինյանը կրկնել էր 2021 թվականի հունիսի 11-ին՝ նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ:
«Ես Օնիկին վստահել եմ հարազատ եղբոր նման: Ես իր ասածները երբեք կասկածի տակ չեմ դրել: Նույնիսկ ինքը երբ նշանակված էր ԳՇ պետ, հուլիսյան պատերազմի մասին ԱԱԾ-ն ինձ ասեց՝ դրվագ է եղել, ինքը քեզ սխալ է զեկուցել: Ես ասեցի՝ բացառված է, ինքն էլ ասեց՝ բացառված է, ես սխալ բան չեմ զեկուցել, ես էլ ասեցի՝ քեզ եմ հավատում: Պատերազմի ժամանակ եղել են դրվագներ, երբ Արցախից մեր գործընկերները ասել են՝ էս դրվագը սենց ա, ես էլ ասել եմ՝ ի՞նչ կասես, Օնիկ ջան: Եկել ենք այն եզրահանգման, որ պատերազմի ժամանակ ես պետք է լսեմ միայն իրեն, քանի որ ինքն ա ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը:
Նոյեմբերի 20-ին տեղի ա ունենում հետևյալը: Օնիկ Գասպարյանը գնում է Սյունիքի մարզ, հանդիպում է ունենում որոշակի շրջանակների հետ: Ինչ-ինչ պատճառներով ճանապարհին հեռախոսազրույց է ունենում Սերժ Սարգսյանի հետ, այդ խոսակցության մեջ իմ մասին ասում են ամենավերջին բառերը, հետո պայմանավորվում են, որ իրար հետ պետք է հանդիպեն: Էդ իրիկունը Օնիկն ասում ա՝ ուզում եմ հանդիպենք, ասում եմ՝ արի: Հանդիպում ենք Կոնդի առանձնատանը: Ինքը ինձ ասում ա՝ որոշում կայացրու, հրաժարական տուր: Ես իրան հետևյալն եմ պատասխանում՝ Օնիկ ջան, քանի՞ օր ա չես քնել: Ինքը պատասխանում ա՝ երևի 4-5 օր: Ասում եմ՝ գնա, քնի հանգստացի, էս խոսակցությունը մոռանանք: Ասում եմ՝ Օնիկ, ես քեզ անվերապահորեն վստահել եմ, ուզում եմ էլի անվերապահորեն վստահել՝ հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ: Հետո զգում եմ, որ քաղաքական ազդեցություններ կան Գլխավոր շտաբի վրա: Հետո ի հայտ են գալիս դրվագներ, որ ես հասկանում եմ՝ բաներ կան, որոնք ինձ ճիշտ չի զեկուցվել: Ճիշտ չզեկուցվելու արդյունքում ի հայտ են գալիս խնդիրներ: Ի վերջո, ակնարկներ են լինում, որ ԳՇ-ն իմ հրաժարականը հնարավոր է պահանջի: Ես ասում եմ՝ Օնիկ ջան, եղբայր, չգիտեմ՝ ինչքանով ես ինձ ճանաչում, բայց ինձ մոտ տենց բաները չեն անցնում»:
Այսինքն, Փաշինյանն այսքան բանից հետո Օնիկ Գասպարյանին վստահել է, և վստահությունն անհետացավ, երբ ԳՇ-ն հրապարակավ պահանջեց նրա հրաժարակա՞նը: Իսկ եթե այդ անվստահությունն ավելի վաղ է տեղի ունեցել՝ հուլիսյան մարտերի օրերին, 44-օրյա պատերազմի ընթացքում կամ դրանից անմիջապես հետո, ուրեմն Փաշինյանը, իրապես, կոնկրետ նպատակով է պահել Օնիկ Գասպարյանին՝ նրա հաշվով կասկածներ ունենալով հանդերձ, ինչը ոչ միայն ազնիվ չէ, այլև՝ վտանգավոր: Եվ կրկնակի վտանգավոր, եթե այդ ժամանակվա ռազմական ղեկավարությունն այս ամենը զգացել է և լռել, ավելին, եթե առաջին չվստահողն իրենք են եղել:
Ի դեպ, ավելի ուշ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը 2021 թվականին նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ հաստատել էր Օնիկ Գասպարյանի հետ նոյեմբերին ունեցած զրույցի փաստը:
«Կարող եմ հաստատել փաստը, որ, այո՛, պատերազմից հետո, եթե չեմ սխալվում` նոյեմբերի 20-ի կողմերը, Օնիկ Գասպարյանն ինձ զանգահարել է: Այդ ընթացքում, իհարկե, կոշտ-կոպիտ խոսքեր եղել են, ես նույնիսկ չեմ հիշում` հայհոյել ենք, թե չենք հայհոյել։ Բա ի՞նչ անեինք, գովաբանեի՞նք, ասեինք` ապրե՞ք, որ մեր հայրենիքի կեսը հանձնել եք, որ 5000 զոհ եք տվել, ասեինք` մալադե՞ց: Անկեղծորեն պիտի ասեմ, որ Օնիկ Գասպարյանը մեր զինվորականների լավագույն հատվածին էր պատկանում: Ես տևական ժամանակ ճանաչել եմ Օնիկ Գասպարյանին, որտեղ ինքն աշխատել է, իր պարտականությունները շատ նորմալ կատարել է: Բայց չե՞ք կարծում, որ ծիծաղելի է՝ Նիկոլ Փաշինյանից այդքան պաշտոններ և կոչումներ ստացած անձը զանգահարում է ինձ և իր անհամաձայնությունն է հայտնում ինքն իրեն գերագույն գլխավոր հրամանատար հռչակած մարդու հանդեպ։ Բայց դա չի կարևորը, այլ այն, թե ինչպիսի փոխհարաբերություններ են նրանք ունեցել հենց ռազմական գործողությունների ժամանակ. արդյունքում եղել է այն, որ մենք գնացել ենք կանխամտածված պարտության: Հիմա այդ ընթացքում Օնիկ Գասպարյանը կատարել է Փաշինյանի ցուցումները, թե ինքնուրույն է որոշումներ կայացրել` դա դեռ կերևա, երբ մենք հետաքննություն անցկացնենք: Երբ Օնիկ Գասպարյանն ինձ զանգել է, ասել է՝ ես Սյունիքում եմ, և այստեղ դժվար իրավիճակ է, հարցնում եմ՝ ի՞նչ դժվար իրավիճակ է, ասում է՝ կարծեք թե մենք պետք է ավելին հանձնենք, քան հանձնել ենք: Ես էլ ասել եմ՝ մի արատավորիր քո գեներալի պագոնները, որևէ կերպ պետք չէ նպաստել այլ որոշումներ կայացնելուն կամ այլ գործողություններ կատարելուն, որոնք նշված չեն կապիտուլյանտի ստորագրած փաստաթղթում»,- ասել էր Սերժ Սարգսյանը:
Այսինքն, պատերազմի ընթացքում Օնիկ Գասպարյանը, թերևս, ինչ-ինչ անհամաձայնություններ է ունեցել, այլ հարց է՝ որքանով է իր առաջարկներն անցկացրել, և թե որքանով է այդ մասին խոսում, այդ թվում՝ քննչական մարմիններում, և որքանով է խոսել Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովում:
Երկրորդ՝ Փաշինյանի հանդեպ եղել է վստահության պակաս, ինչի մասին վերևում նշեցի: Երրորդ՝ Փաշինյանը, օրինակ, միանձնյա է որոշել Սյունիքից հետ քաշել հայկական զորքը, նրա այդ որոշմանը ԳՇ ղեկավարությունը կողմ չի եղել, ինչո՞ւ չէ՝ Գորիս-Կապան ճանապարհի մասին գրավոր համաձայնության մասին հնարավոր է, որ ուշ են իմացել, ինչի մասին խոսակցություն, թերևս, եղել է հենց 2020 թվականի նոյեմբերից վերջից, երբ որոշեց ՊՆ պաշտոնից հեռանալ Դավիթ Տոնոյանը, և որի մասին ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը խոսել էր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Ո՞ւմ համար էր հետախուզության լավ ընկեր Արշակ Կարապետյանը՝ Սերժ Սարգսյանի՞, թե՞ Նիկոլ Փաշինյանի
Դրվագ -3
Ապրիլյան պատերազմից հետո՝ 2016թ․ ապրիլի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արշակ Կարապետյանին ազատել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնից, որը նա զբաղեցնում էր 10 տարի:
Սրանից հետո թե՛ ներկա իշխանություններից շատերը, երբ ընդդիմություն էին, և թե՛ փորձագիտական, լրագրողական շրջանակները խոսում էին հետախուզական տվյալների՝ ժամանակին չլինելու մասին: Իսկ 2018-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կարդացել է բազմաթիվ գաղտնի նյութեր և դրանցում չի գտել հետախուզական տվյալների բացակայություն:
Չնայած սրան՝ Արշակ Կարապետյանը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած Ապրիլյան պատերազմի հանգամանքները հետաքննող հանձնաժողով երկու անգամ էր հրավիրվել:
Ընդ որում, երկրորդ անգամ նրան հրավիրել էին հանձնաժողով Սերժ Սարգսյանի այցից հետո:
Ի դեպ, Արշակ Կարապետյանը, ըստ մամուլում շրջանառված տարբեր տեղեկությունների, Մարտի 1-ի գործով Փաշինյանի համար շահեկան ցուցմունք էր տվել: Օրինակ, որ «Սերժ Սարգսյանն առաջարկեց ստեղծել առանձին զինվորական վարչակազմ»:
Իսկ գո՞ւցե սա էր պատճառը, որ իշխանափոխությունից հետո Արշակ Կարապետյանը նշանակվեց Փաշինյանի խորհրդական, այնուհետև դարձավ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, հետո 2021 թվականի հուլիսի 20-ին Կարապետյանը նշանակվեց Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, իսկ 2021-ի օգոստոսի 2-ին նրան վստահվեց Պաշտպանության նախարարի պաշտոնը:
Իսկ արդեն 2021 թվականի նոյեմբերի 15-ին Փաշինյանը որոշեց, որ Արշակ Կարապետյանը պետք է հեռանա:
168.am-ը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի՝ Արշակ Կարապետյանից ազատվելու որոշման պատճառներից մեկը դիրքեր տալ-չտալու շուրջ եղած տարաձայնություններն են եղել: Իհարկե, կլինեն նաև այլ պատճառներ, որոնց մասին դեռ հայտնի չէ:
Դրվագ 4
Կառավարությունը, ի դեմս Պաշտպանության նախարարության, որոշել է օրենսդրական փոփոխությամբ արգելել զինվորականներին քաղաքական կոչեր կամ հայտարարություններ հնչեցնել, ինչպես նաև՝ զինվորական կամ ծառայողական համազգեստով հավաքների կամ բողոքի միջոցառումների մասնակցել:
- զինվորական կամ այլ ծառայողական համազգեստով մասնակցել հավաքների կամ հանրային բողոքի ներկայացման բնույթ ունեցող այլ միջոցառման:
- անհատական կամ կոլեկտիվ ձևաչափով հրապարակային հնչեցնել ծառայության հարցերով կամ քաղաքական բնույթ ունեցող կոչեր կամ հայտարարություններ,
- համացանցով և զանգվածային լրատվության կամ հանրային հասանելիության այլ միջոցներով տարածել, քննարկել զինված ուժերի գործունեության կամ տեղակայման, կամ իր և այլ զինծառայողների ծառայողական գործունեության վերաբերյալ տեղեկություններ, տեսանյութեր, լուսանկարներ` բացառությամբ պաշտոնական բնույթ ունեցող հրապարակումների:
Կարո՞ղ ենք ենթադրել՝ Փաշինյանը վստահ չէ, որ ինչ-որ պահի բանակի դուրս չի գա իր դե՞մ: Հնարավոր է: Սա ևս խոսում է բանակի նկատմամբ պակաս վստահության մասին:
Ըստ էության, բանակը ևս որոշակի փուլերում Փաշինյանի նկատմամբ վստահության խնդիր է ունեցել: Այլ հարց է, որ բանակը կամ որոշակի հատված դուրս են եկել սահմանադրական պահանջներից և մասնակցություն ունեցել «թավշյա հեղափոխությանը»:
Այն բանակը, որին Փաշինյանը վերջին 5 տարում վնասել է, իսկ 44-օրյա պատերազմից հետո ճանաչել պարտության հիմնական մեղավորը: Իսկ ՀՀ 3-րդ նախագահը, որին, ըստ էության, բանակն ինչ-որ առումով «դավաճանեց», երբեք դուրս չեկավ բանակի դեմ, ոչ էլ առանձին գեներալների, և պաշտպանեց նրանց Նիկոլ Փաշինյանից:
Վերադառնանք Փաշինյանի սկզբնական մտքին, որ վստահել է բանակին:
Եթե հաշվի առնենք, որ տարբեր փուլերում Փաշինյանը բանակին է վստահել իր որդուն և կնոջը, որոնք անվնաս են դուրս եկել բոլոր «փորձություններից», այո՛, վստահել է, բայց այս դեպքում չենք կարծում, որ սխալվել է…
Իսկ թե որքանո՞վ է բանակը վստահել Փաշինյանի կողքին կանգնելով, դրա մասին ավելորդ է արդեն խոսել:
Ցավոք սրտի, բանակը, գեներալները, սպաները շարունակելու են պատվի առնել իրենց չվստահող գերագույն հրամանատարին: Ավելի ճիշտ՝ շարունակելու են պատվի առնել առանց արհամարհական հայացքի՝ ձիգ և ձգված երակներով…