Բաժիններ՝

«Շեղում բացառվում է, նույնիսկ քարերի չափերի մեջ շեղում չպետք է լինի». Սաշուր Քալաշյան

Հանրությունը, մասնավորապես՝ բազմաթիվ ճարտարապետներ, շարունակում են մտահոգություններ հայտնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման, Հավերժության տաճարի թեք մույթերի և վարչական մասնաշենքի տանիքի նորոգման աշխատանքների վերաբերյալ։

Արդեն երրորդ ամիսն է՝ մասնագիտական հանրույթը բարձրաձայնում է, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի նորոգման աշխատանքները շեղվել են բուն ընթացքից, չեն պահպանվում հեղինակային իրավունքն ու միտքը։

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի նորոգման աշխատանքների վերաբերյալ մտահոգություններ հայտնեց նաև ճարտարապետ, «Արթուր Թարխանյան» կենտրոնի հիմնադիր նախագահ Անահիտ Թարխանյանը։

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի նախագծի համահեղինակներից ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը շտապեց փարատել այս մտահոգությունները, ասելով՝ հուշահամալիրը վերանորոգումից հետո ստանալու է այն տեսքը, ինչ նախկինում։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ գրեթե ամեն օր գնում է հուշահամալիր՝ ծանոթանալու աշխատանքներին և մասնագիտական խորհուրդներ տալու։

«Շեղում այստեղ բացառվում է, նույնիսկ քարերի չափերի մեջ շեղում չպետք է լինի։ Ես չգիտեմ՝ ինչո՞ւ են նման բաներ տարածում, որևէ բան չի փոխվելու։ Եթե մասնագիտական լեզվով նայենք կամ գնահատենք, ապա իրենց ասածը չէ։ Այս հարցը հո մեկ կամ երկու հոգի չի՞ լուծել, մի ամբողջ հանձնախումբ է աշխատել տարիներ շարունակ, որպեսզի հասկանան, թե ինչ ճանապարհ կա վիճակը շտկելու համար։ Սա հո կայծակնային արագությամբ ընդունած որոշում չէ՞, որ ասենք՝ քննարկեիք, նոր որոշում ընդունեիք»,- 168.am հետ զրույցում ասաց Սաշուր Քալաշյանը։

Նրա խոսքով՝ վերանորոգումից հետո որևէ մեկը չի էլ նկատի, որ հուշարձանը վերանորոգվել է, քանի որ ամբողջովին նույն տեսքն է ունենալու, ինչ եղել է մինչ այս։

«Աշխատանքները դժվար են, ավարտը մի քիչ երկար է, մանրամասն գործ է, արագ անել հնարավոր չէ։ Եթե արագ անենք, ապա որակի հաշվին է լինելու։ Մի մասն այս տարի կարվի, մյուս մասը՝ հաջորդ։ Մեծ մասամբ աշխատանքները կարվեն ամառային ժամանակաշրջանում, որպեսզի տեղումներ չլինեն։

Այնպես չէ, որ հուշահամալիրն ամբողջությամբ փակ է, ապրիլին բաց  կլինի, բայց աշխատանքներն ավարտված չեն լինելու»,- հավելեց ճարտարապետը։

Դեռևս օգոստոսի վերջին մեզ հետ զրույցում Սաշուր Քալաշյանն ասել էր, որ ԿԳՄՍ նախարարությանն առաջարկել է չքանդել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ճակատային մասն ամբողջությամբ, այլ այն հատվածները, որոնք վնասված են, հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ այդ առաջարկը չընդունեց ԿԳՄՍՆ-ն, Սաշուր Քալաշյանը պատասխանեց՝ երբ ճակատային հատվածը մի փոքր քանդել են, հասկացել են, որ այլ տարբերակ չկա՝ պետք է քանդել ամբողջությամբ։

«Քարերն առանձին դուրս չեն գալիս, մենք կարծում էինք, որ սա հեշտությամբ կքանդվի, բայց՝ ոչ»,- ընդգծեց Սաշուր Քալաշյանը։

Նշենք, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը բացվել է 1995 թվականին՝ Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցի ժամանակ։ Թանգարան-ինստիտուտի ճարտարապետներ են Սաշուր Քալաշյանը, Արթուր Թարխանյանը,  քանդակագործն է Ֆերդինանդ Առաքելյանը։

ՀՀ ժամանող պաշտոնական պատվիրակությունների այցելությունը Հայոց ցեղասպանության թանգարան նախատեսված է պետական արարողակարգով։

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման աշխատանքներն ավարտվել են 1967 թվականին, բացումը տեղի է ունեցել նույն թվականի նոյեմբերի 29-ին՝ Խորհրդային իշխանության օրոք, երբ մերժված էր ազգային գաղափարախոսությունը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության հիշատակումը։

Հուշահամալիրը նվիրված է 1915 թվականին Արևմտյան Հայաստանում Օսմանյան իշխանությունների կողմից սպանված 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին։

Տեսանյութեր

Լրահոս