Արշակ-Նիկոլ տարաձայնությունների հարցը

Այսօր ՀՀ նախագահի հրամանագրով Արշակ Կարապետյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից:

168.am-ի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի՝ Արշակ Կարապետյանից ազատվելու որոշման պատճառը դիրքեր տալ-չտալու շուրջ եղած տարաձայնություններն են եղել:

Հիշեցնենք, որ երեկ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել: ՊՆ-ն միաժամանակ շեշտել էր, որ սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈՒ զրահատեխնիկա է մտել՝ չի համապատասխանում իրականությանը։

Մինչդեռ այսօր հրավիրված Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ՊՆ-ին «մեղադրեց» ստախոսության մեջ և հայտարարեց, որ ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով ՀՀ ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ․ ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից:

Վերադառնալով Արշակ Կարապետյանին, նշենք, որ նոյեմբերի 7-ին պաշտպանության արդեն նախկին նախարարն այցելել էր նաև Սյունիքի մարզ, մասնավորապես` Սև լճի տարածք:

Կարապետյանը շրջել էր լճի ափամերձ հատվածով, հանդիպել դիրքապահ զինծառայողներին, շնորհակալություն հայտնել իրականացվող շուրջօրյա մարտական հերթապահության համար։

Իսկ նոյեմբերի 10-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ տեղեկություն տարածեցին այն մասին, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, և, որ մի խումբ հայ զինծառայողներ հայտնվել են շրջափակման մեջ։

Ավելի ուշ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե 60 հայ զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ, և միայն ռուսական կողմի միջնորդությամբ են նրանք ազատ արձակվել։

Մեր ՊՆ-ն սա որակեց ապատեղեկատվություն և պնդեց՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ իրադրությունը Սև լճի տարածքում գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

168.am-ին պարզ դարձավ, որ Սև լճի տարածքում հայկական կողմը, ադրբեջանական դիրքի հարևանությամբ, նոր դիրք է դրել: Սա հաստատեցին նաև ադրբեջանական տելեգրամյան ալիքները:

«Արշակ Կարապետյանը «դոստուպ» է ստացել Սև լճի մոտ հասնելու՝ այն բանից հետո, երբ հայկական կողմը նոր դիրքեր է դրել այդտեղ»,- գրել էին ադրբեջանական օգտատերերը:

Ի դեպ, Կարապետյանը նոյեմբերի 8-ին մեկնել էր Արցախ, որը առաջացրել էր Ադրբեջանի դժգոհությունը: Նոյեմբերի 9-ին նախկին նախարարը մեկնել էր Մոսկվա, իսկ դրանից առաջ, 168.am-ի տեղեկություններով, ՊՆ-ում բարձրաստիճան ռուս զինվորականներ են եղել:

Ի՞նչ է ստացվում՝ Արշակ Կարապետյանը անմիջական լավ շփումներ ունի ռուսական կողմի հետ, իր քայլերը նրանց հետ է համաձայնեցնում, ինչը դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի՞ն: Այսինքն, Փաշինյանը հայտնվել է ինչ-ինչ դեպքերում խաղից դուրս վիճակում, ինչը, բնականաբար, չի հանդուրժել, Կարապետյանն էլ իր հերթին՝ չի հանդուրժել դիրքերի շուրջ սեփական որոշմանը հակադրվելը ոչ ռազմական գործչի կողմից: Ինչևէ, ժամանակը ցույց կտա, թե այս հակադրությունը ո՞ւր կտանի և ինչի՞ կհանգեցնի: Փաստն այն է, որ հերթական անգամ անվտանգային բարդ իրավիճակում Նիկոլ Փաշինյանի քմահաճույքով ռազմական գերատեսչության ղեկավար է փոխվում, որը հղի է վտանգներով, ինչը մենք արդեն տեսել ենք:

Ի դեպ, երբ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 3-ին ՊՆ անձնակազմին ներկայացնում էր Արշակ Կարապետյանին, հայտարարել էր, որ «ճակատագիրը հենց մեր վրա է դրել՝ այս օրակարգն առաջադրել, և մենք պետք է պատվով դուրս գանք այս մարտահրավերներից», այնուհետ շարունակել.

«Այստեղ Պաշտպանության նախարարի դերը դժվար է գերագնահատել: Պարոն Կարապետյան, Ձեզ հաջողություն եմ մաղթում այս օրակարգը սպասարկելու և առաջ տանելու գործում»:

Իսկ օրակարգը դելիմիտացված, դեմարկացված սահմաններ ունենալն է և ապաշրջափակումը: Վերջինը, ըստ Փաշինյանի, ոչ թե ադրբեջանական, այլ հայկական օրակարգ է:

Իր հերթին՝ Կարապետյանը նշել էր.

«Ուզում եմ Ձեզ հավատացնել, որ մենք հասկանում ենք ստեղծված իրավիճակը, մենք հասկանում ենք, թե ինչ պայմաններում ենք ստանձնում այս պաշտոնները, և չենք վերաբերվում դրանց՝ որպես պաշտոն: Ես խոսել եմ Կորպուսի հրամանատարների հետ, որոնք մեզ լսում են, խոսել եմ Պաշտպանության բանակի հրամանատարի հետ: Մենք սա համարում ենք որպես պարտականություն, հայ տղամարդու, հայ սպայի պարտականություն՝ իր երկիրը պաշտպանելու համար»:

Այսինքն, Արշակ Կարապետյանը մի կողմից՝ ակներև համաձայնել էր առաջ տանել Փաշինյանի օրակարգը, մյուս կողմից՝ ակնարկել, որ Կորպուսի հրամանատարները, ՊԲ հրամանատարն իրեն լսում են:

Այստեղ տեղին է հիշեցնել օրեր առաջ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, երբ դրա նախորդ օրը հասարակության համար անսպասելի թշնամին սկսել էր մաքսակետեր-սահմանակետեր տեղադրել Հայաստանի տարածքում. «Երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, նոյեմբերի լույս 11-ի կեսգիշերից նրանք պատրաստվում են մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և բեռների նկատմամբ։ Ծանուցումը ստացվելուց հետո մենք որոշում ենք կայացրել այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր Մ2 ավտոճանապարհ և այստեղով իրականացնել երթևեկությունը»։ Այնպես որ, որոշումներն այլ տեղերում են կայացվում: Տվյալ դեպքում՝ Ալիևը որոշում է, տեղեկացնում է, Նիկոլը կատարում է:

 

Տեսանյութեր

Լրահոս