Պաշտպանության նախարարներից ով՝ ինչ առաքելությամբ էր նշանակվել, և ինչո՞ւ ազատվեց. Փաշինյանի և Տեր-Պետրոսյանի այլ «նմանությունների» հետքերով

168.amանդրադարձել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետերի ազատման հրամանագրային և ոչ հրամանագրային պատճառներին: Մասնավորապես, ուշադրություն էինք հրավիրել այն փաստի վրա, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանն Օնիկ Գասպարյանին մեղադրում է Սահմանադրության 14-րդ հոդվածի 2 կետը  խախտելու մեջ, որը սահմանում է՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են»:

Սակայն ԳՇ պետի պաշտոնից գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին ազատելու Նիկոլ Փաշինյանի առաջարկության մեջ կամ ազատման հրամանագրում այս խախտումն ամրագրված չէր: Փոխարենը՝ հիշատակվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը, այս կարգավորմամբ, ըստ էության, սահմանվում է, որ բարձրաստիճան զինվորականին պաշտոնից կարելի է ազատել առանց պատճառի:

Հաշվի առնելով, որ պաշտպանության նախարարների ազատման հրամանագրային պատճառներն ուշագրավ չեն կարող լինել, քանի որ նրանց ազատման որոշումը կայացվում է՝ հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, այս դեպքում, այսպես ասած, ինտրիգը նրանց պաշտոնավարման քաղաքական նպատակներն են, նրանց պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած նախապատերազմական, պատերազմական, հետպատերազմյան քաղաքական զարգացումները: Այսինքն՝ երբ և ինչու Նիկոլ Փաշինյանը նրանց որոշեց պաշտպանության նախարար նշանակել և ազատել:

Դավիթ Տոնոյան- 2018-ի մայիսին Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ նախկինների կառավարության անդամ Դավիթ Տոնոյանը պիտի լինի ՀՀ պաշտպանության նախարար, ՊՆ վարչական համալիրում նա իր այդ որոշումը հիմնավորեց մի քանի տեսանկյունից:

Առաջին, Տոնոյանը երկար տարիներ աշխատել, ծառայել է ՊՆ-ում, զինված ուժերում, այսինքն՝ տիրապետում է պաշտպանական ոլորտին: Սա խոսում էր Փաշինյանի իշխանության կադրային ռեսուրս չունենալու մասին, ինչի առումով, ըստ էության, բան չի փոխվել:

Երկրորդ, Այս նշանակումը, ըստ Փաշինյանի, արտահայտում էր այն քաղաքականությունը, որ իրենք պատրաստվում են վարել զինված ուժերի զարգացման ուղղությամբ:

Երրորդ, Կառավարության փոփոխության պրոցեսը, Փաշինյանի խոսքով, պիտի լիներ օրգանական, և զինված ուժերը քաղաքական որևէ ցնցման ազդեցություն չզգան: Այսինքն, Դավիթ Տոնոյանի թեկնածությունն ամենահարմարն էր այս առումով և միտված էր իբր թե բանակի ապաքաղաքականացմանը: 

Չորրորդ, Բանակը, ԶՈՒ-երը պետք է ամուր թիկունք լինեն Հայաստանի դիվանագիտության և բանակցային գործընթացի համար:

Թե որքանով զարգացան զինված ուժերն այս ընթացքում, կամ որքանով կիրառման մեջ դրվեց 2020-ի հունիսին հրապարակված Դավիթ Տոնոյանի՝ բանակի առաջնահերթությունների մասին տեսլականը, թերևս, կարիք չկա ևս մեկ անգամ մանրամասնելու:

Իսկ եթե կարճ, ապա հատկապես այս ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանը «ռազմական» PR շոուներ արեց՝ «սնունդ», «մայկա-տրուսիկ», «կլուբնիկ» օպերացիաներից մինչև Սու-30-ի ձեռքբերում, ինչը, բնականաբար, բանակի մարտունակությունը, բնավ, չամրապնդեց: Իսկ մնացած սպառազինությունը, ըստ էության, նախկինների կնքած պայմանագրերի համատեքստում էր:

Ինչ վերաբերում է բանակի ապաքաղաքականացմանը, ապա, ըստ էության, նախկինների բանակը քաղաքականացված չի եղել, և այն էլ՝ երկրի անվտանգությանը սպառնալու աստիճանի: Նախ, որովհետև սկզբում պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքացիական չէր, իսկ այդպիսին դառնալուց հետո կարմիր գծեր չեն հատվել երբեք: Ավելին, NEWS.am-ի հարցին ի պատասխան՝ Դավիթ Տոնոյանը գրավոր խոստովանել էր՝ «ստացվեց այնպես, որ «քաղաքականությունն» իմ կամքից անկախ սկսեց զբաղվել ինձանով»:

Չորրորդ կետը, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի իշխանության որդեգրած վտանգավոր թեզերից է՝ բանակը պիտի աջակցի, հարմարվի դիվանագիտությանը:

Նախկինում դիվանագիտությունը պիտի աներ այնպես, որ պատերազմական իրավիճակ չլիներ, իսկ ինչ-ինչ դեպքերում կարողանար «մարսեցնել» բանակի հաղթանակները:

Եվ թեպետ Նիկոլ Փաշինյանը մեղադրում է նախկինների վարած դիվանագիտությանն իր օրոք սանձազերծված պատերազմի համար, բայց պատերազմը սկսվեց, այն պարտվեցինք նաև, որովհետև նախկինների որդեգրած վերոնշյալ բանաձևը Նիկոլ Փաշինյանը ոտքից գլուխ շրջել էր, և բանակն արդեն այդ ժամանակ սկսել էր ծառայեցնել սեփական հեռուն գնացող քաղաքական նպատակներին: Եվ ոչինչ, որ Դավիթ Տոնոյանը ժամանակ առ ժամանակ հիշեցնում էր, որ իր ղեկավարած գերատեսչությունը Պաշտպանության նախարարությունն է, և առաջին հերթին անվտանգության մասին պիտի մտածեն, հետո բարենպաստ պայմաններ ստեղծեն բանակցային գործընթացի համար: Իսկ սա հնարավոր է, երբ դիրքերդ ամուր են և կարողանում ես խաղաղություն պարտադրել:

Ի դեպ, արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ ԱԳՆ-Զինված ուժեր կապը, մեղմ ասած, լավ չէր գործում: Այսինքն, անգամ փոխլրացում պահ չկար:

Վերադառնանք Դավիթ Տոնոյանին նշանակելու որոշմանը հեղափոխությունից անմիջապես հետո, 168.am-ի հարցերին իր գրավոր պատասխանում նա նշել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը ղեկավարելու Փաշինյանի առաջարկի ընդունումն իր կողմից եղել է հաստատակամ որոշում, և այդ որոշումը կայացնելիս քաջ գիտակցել է՝ «քաղաքական թիմի» անդամ երբեք չի լինի:

Միաժամանակ, Դավիթ Տոնոյանը համաձայնել էր մեր դիտարկման հետ՝ Նիկոլ Փաշինյանին ինչ-որ ժամանակի համար ինքը պետք էր՝ որպես «անցումային» պաշտպանության նախարար: Իսկ այդ ժամանակը, պարզվեց, 2.5 տարին էր, երբ Տոնոյանը կհասցներ տեսնել 2020-ի հուլիսյան մարտերը, այնուհետ՝ 44-օրյա պատերազմը, և պարտվել:

Գուցե այս պատերազմի սկսման հեռանկարն աչքի տակ ունենալո՞վ էր, որ Փաշինյանը չհեռացրեց Դավիթ Տոնոյանին մինչև պատերազմը՝ չնայած իր թիմի առանձին անդամների անդադար պնդումներին և ջանքերին:

Ի դեպ, այս հարցը փոխանցել ենք հրթիռների գործով անցնող և կալանքի տակ գտնվող Դավիթ Տոնոյանին, սակայն դեռ պատասխանը չենք ստացել: Իսկ պատերազմից հետո Տոնոյանն ինքը հեռացավ, որպեսզի իրավիճակը լիցքաթափվի: Իր խոսքերով ասած՝ հրաժարական չի տվել, պաշտոնավարումն է դադարեցրել: Գուցե սրա տողատակը ևս մի օր հանրայնացնի, ինչպես նաև այն, թե ինչու է իրականում որոշել հրաժարվել իրեն ազատ արձակելու միջնորդությունից, որի համար երկար պայքարում էր:

Վաղարշակ Հարությունյան– Նրա համար Նիկոլ Փաշինյանը հետպատերազմյան այլ «սև գործ» էր նախատեսել: Մասնավորապես, հայկական զորքերը Սյունիքից 2020-ի դեկտեմբերին հետ են քաշվել ստորագրված փաստաթղթի հիմքով։

168.am«Վաղարշակ Հարությունյանի սև գործի «վտանգավոր» հետևանքները» վերտառությամբ հոդվածում անդրադարձել էր 2021թ. փետրվարին համացանցում տարածված ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների՝ նոյեմբերի 9-ին կնքված համատեղ հայտարարության 9-րդ կետի վերաբերյալ եռակողմ հուշագրին՝ իր համապատասխան դրույթներով, որով սահմանվում են Գորիս-Դավիթ Բեկ-Կապան-Ճակատեն ավտոճանապարհի անվտանգ օգտագործման պայմանները։

 Փաստաթղթի առաջին հոդվածում նշվում է, որ «հայկական կողմը 2020թ. դեկտեմբերի 18-ին դուրս է հանում իր զինված կազմավորումներն Ադրբեջանի Զանգելան և Կուբաթլու շրջաններից»։

Երկրորդ հոդվածը սահմանում է, որ Գորիս-Դավիթ Բեկ-Կապան-Ճակատեն ավտոճանապարհի անվտանգությունն ապահովում են Հայաստանը և Ադրբեջանը՝ համապատասխանաբար այն տարածքներում, որոնք նրանց տիրապետության տակ են։ Այսինքն, այնպես, ինչպես վերևում բացատրում էր Վաղարշակ Հարությունյանը:

Երրորդ հոդվածի համաձայն՝ երկու կողմերը երաշխավորում են մարդկանց, տրանսպորտի, բեռների անվտանգությունն այդ ճանապարհներին, ինչպես նաև՝ այդ ճանապարհներից մինչև սահմանապահ ուժերի տեղակայման վայր ընկած հատվածում այլ զինված կազմավորումների բացակայությունը, խաղաղ բնակչության անվտանգությունը:

Չորրորդ հոդվածով՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ մարմինները ապահովում են ճանապարհներին անվտանգ շարժը և հետևում, որպեսզի կողմերը կատարեն ձեռք բերված պայմանավորվածությունները։

Հինգերորդ հոդվածում նշվում է, որ Ադրբեջանն ապահովում է հայկական բնակչության և բեռների տեղաշարժը Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհով և իրացնում այդ ճանապարհահատվածից օգտվելու իր իրավունքը։

Ելնելով շրջանառված փաստաթղթի պահանջներից, դեկտեմբերի 17-ին Սյունիք կատարած այցի ժամանակ Հարությունյանը մեկ օր ժամանակ էր տվել՝ բոլոր դիրքերից պետք է հետ քաշվեն զորքերը:

Մինչդեռ ՊՆ-ի հաղորդագրության մեջ նշվում էր, թե իբր Վաղարշակ Հարությունյանը Սյունիք է մեկնել՝ տեղում ծանոթանալու Ադրբեջանի հետ սահմանային շրջաններում իրականացվող ամրաշինական, մարտական հենակետերի կառուցման աշխատանքներին, ինչպես նաև հետևելու մարտական հերթապահության կրման ընթացքին։

Դեկտեմբերի 18-ին 168.am-ի հարցին՝ մամուլում և սոցցանցերում շրջանառվում են լուրեր, թե Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով գաղտնի պայմանագիր է ստորագրել ռուսական կողմի հետ՝ Սյունիքի դիրքերի պաշտպանությունը հանձնելով ռուս սահմանապահներին, ռազմական գերատեսչությունից պարզաբանել էին.

«Պաշտպանության նախարարն ի պաշտոնե չի կարող ստորագրել որևէ փաստաթուղթ, որն առնչվում է ՀՀ սահմաններին: Ըստ այդմ՝ Պաշտպանության նախարարը չի ստորագրել, չէր կարող ստորագրել մի փաստաթուղթ, թեկուզ՝ գաղտնի, որը վերաբերում է ՀՀ-ի, մասնավորապես՝ Սյունիքի սահմաններին»:

Նշենք, որ սյունիքյան այցից օրեր առաջ՝ դեկտեմբերի 12-ին, պաշտպանության նախկին նախարարը մեկնել էր Մոսկվա, իսկ դրանից առաջ էլ՝ նոյեմբերի 21-ին, ՌԴ նախարար Սերգեյ Շոյգուն էր եկել Հայաստան:

Այցի ավարտին Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն ստորագրել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործողությունների շրջանակը կարգավորող փաստաթղթերի փաթեթ:

2020-ի դեկտեմբերի 20-ին, սակայն, «Զինուժ մեդիա»-ի հարցերին պատասխանելով, ըստ էության, Վաղարշակ Հարությունյանը հաստատել էր Գորիս-Դավիթ Բեկ, Կապան-Ճակատեն ճանապարհների մասով շրջանառված փաստաթղթի բովանդակությունը:

Ավելի ուշ ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների հարցապնդումների արդյունքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էրոր ինքն է Սյունիքից զորքերի հետքաշման հրամանը տվել, իսկ Վաղարշակ Հարությունյանն ընդամենը կատարել է այն:

Եվ եթե հաշվի առնենք ՊՆ-ի՝ վերևում հիշատակված պարզաբանում-հերքումը 168.am-ի հարցմանն ի պատասխան, ի՞նչ է ստացվում՝ Վաղարշակ Հարությունյանը սահմանների հետ կապված փաստաթղթի տակ ստորագրելով՝ անօրինականությո՞ւն է թույլ տվել, և սրա համա՞ր էր, որ Նիկոլ Փաշինյանը Վաղարշակ Հարությունյանին վարձահատույց եղավ՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոն «շնորհելով»:

Հարց է՝ ո՞վ է գլխավոր մեղավորը՝ հրաման տվո՞ղը, թե՞ կատարողը, թե՞ երկուսը հավասարապես մեղավոր են: Իսկ գուցե մի օր Նիկոլ Փաշինյանն ասի, որ Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է իրավիճակը, ինքն էլ ընդամենը համապատասխան հրամա՞ն է տվել: Նա սովորություն ունի իր սխալները բարդել ուրիշների վրա: Մի բան հստակ է՝ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարներից յուրաքանչյուրին նշանակել է կոնկրետ առաքելությամբ, Վաղարշակ Հարությունյանի դեպքում, ինչպես ասում են՝ миссия выполнена:

Այս համատեքստում սահուն անցում կատարենք Արշակ Կարապետյանին, որն ինչ-որ պահի հրաժարվեց սպասարկել Նիկոլ Փաշինյանի օրակարգը: Իսկ այդ օրակարգը դելիմիտացված, դեմարկացված սահմաններ ունենալն էր և ապաշրջափակումը:

168.amգրել էր, որ Նիկոլ Փաշինյանի՝ Արշակ Կարապետյանից ազատվելու որոշման պատճառը դիրքեր տալ-չտալու շուրջ եղած տարաձայնություններն են եղել:

ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել: Միաժամանակ շեշտվել էր, որ սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈՒ զրահատեխնիկա է մտել՝ չի համապատասխանում իրականությանը։

Մինչդեռ ավելի ուշ հրավիրված Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ՊՆ-ին «մեղադրել» էր ստախոսության մեջ և հայտարարել, որ ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով ՀՀ ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ․ ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից:

Վերադառնալով Արշակ Կարապետյանին, նշենք, որ նոյեմբերի 7-ին նա այցելել էր Սյունիքի մարզ, մասնավորապես` Սև լճի տարածք:

Կարապետյանը շրջել էր լճի ափամերձ հատվածով, հանդիպել դիրքապահ զինծառայողներին, շնորհակալություն հայտնել իրականացվող շուրջօրյա մարտական հերթապահության համար։

Իսկ նոյեմբերի 10-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ տեղեկություն տարածեցին այն մասին, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, և, որ մի խումբ հայ զինծառայողներ հայտնվել են շրջափակման մեջ։

Ավելի ուշ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե 60 հայ զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ, և միայն ռուսական կողմի միջնորդությամբ են նրանք ազատ արձակվել։

Մեր ՊՆ-ն սա որակել էր ապատեղեկատվություն և պնդել՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ իրադրությունը Սև լճի տարածքում գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

168.am-ին հայտնի էր դարձել, որ Սև լճի տարածքում հայկական կողմը, ադրբեջանական դիրքի հարևանությամբ, նոր դիրք է դրել: Սա հաստատեցին նաև ադրբեջանական տելեգրամյան ալիքները:

«Արշակ Կարապետյանը «դոստուպ» է ստացել Սև լճի մոտ հասնելու՝ այն բանից հետո, երբ հայկական կողմը նոր դիրքեր է դրել այդտեղ»,- գրել էին ադրբեջանական օգտատերերը:

Ի դեպ, Կարապետյանը նոյեմբերի 8-ին մեկնել էր Արցախ, որն առաջացրել էր Ադրբեջանի դժգոհությունը: Նոյեմբերի 9-ին նախկին նախարարը մեկնել էր Մոսկվա, իսկ դրանից առաջ, 168.am-ի տեղեկություններով, ՊՆ-ում բարձրաստիճան ռուս զինվորականների էր ընդունել: Իսկ նոյեմբերի 15-ին՝ ազատվել զբաղեցրած պաշտոնից:

Արշակ Կարապետյանն անմիջական լավ շփումներ ուներ ռուսական կողմի հետ, իր քայլերը նրանց հետ էր համաձայնեցնում, ինչը գուցե դուր չի եկել Նիկոլ Փաշինյանին: Այսինքն, Փաշինյանը հայտնվել էր ինչ-ինչ դեպքերում խաղից դուրս վիճակում, ինչը, բնականաբար, չի հանդուրժել, Կարապետյանն էլ իր հերթին՝ չի հանդուրժել դիրքերի շուրջ սեփական որոշմանը հակադրվելը ոչ ռազմական գործչի կողմից:

2021-ի օգոստոսին ՊՆ վարչական համալիրում, երբ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր Արշակ Կարապետյանին իր քաղաքական օրակարգը, Կարապետյանն արձագանքել էր.

«Ուզում եմ Ձեզ հավատացնել, որ մենք հասկանում ենք ստեղծված իրավիճակը, մենք հասկանում ենք, թե ինչ պայմաններում ենք ստանձնում այս պաշտոնները, և չենք վերաբերվում դրանց՝ որպես պաշտոն: Ես խոսել եմ Կորպուսի հրամանատարների հետ, որոնք մեզ լսում են, խոսել եմ Պաշտպանության բանակի հրամանատարի հետ: Մենք սա համարում ենք որպես պարտականություն, հայ տղամարդու, հայ սպայի պարտականություն՝ իր երկիրը պաշտպանելու համար»:

Այսինքն, Արշակ Կարապետյանը մի կողմից՝ ակներև համաձայնել էր առաջ տանել Փաշինյանի օրակարգը, մյուս կողմից՝ ակնարկել, որ Կորպուսի հրամանատարները, ՊԲ հրամանատարն իրեն լսում են:

Ի դեպ, այստեղ հարկ է նշել, որ քաղաքացիական պաշտոնում զինվորական Արշակ Կարապետյանի նշանակումը նաև քաղաքական նպատակներ էր հետապնդում, ասել է թե՝ նա պիտի նաև զսպեր զինվորականների հնարավոր դժգոհություններն ընդդեմ Փաշինյանի, ինչը չէր կարող անել այդ ժամանակ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցնող Արտակ Դավթյանը: Սա, թերևս, հաջողվեց նրան, մյուս կողմից, այնպես չէ, որ գեներալիտետի կողմից ուժեղ ընդվզում կար, բայց, ամեն դեպքում, իրավիճակը պետք էր վերահսկողության տակ պահել:

Հոդվածն ավարտենք Սուրեն Պապիկյանով, որը Նիկոլ Փաշինյանի ոչ միայն թիմի անդամն է, այլև ասում են, որ Նիկոլ Փաշինյանն իրենից հետո Պապիկյանին է «պրիզնատ» գալիս: Ըստ այդմ՝ սկսած գործը պետք է ավարտին հասցնել վստահելի մարդու ձեռամբ: Եվ հենց ամենասկզբից ենթադրելի էր, որ կապիտուլյացիոն երկրորդ կամ վերջնական փաստաթուղթը Նիկոլ Փաշինյանը ստորագրելու է Սուրեն Պապիկյանի ձեռքով նաև: Այսինքն, Արշակ Կարապետյանի չիրականացրած Փաշինյանի քաղաքական օրակարգը դելիմիտացիայի, դեմարկացիայի և ապաշրջափակման՝ առաջ է տանելու Սուրեն Պապիկյանը, ինչը և արվում է: Ձևավորված է սահմանագծման, սահմանազատման հանձնաժողով, որում նաև ՊՆ-ն և ԳՇ-ն ներկայացուցիչներ ունեն:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը նաև այսօրինակ հարցերում է ընդօրինակել Լևոն Տեր-Պետրոսյանին:

Մի հարցազրույցում Վազգեն Մանուկյանը, անդրադառնալով իր պաշտպանության նախարար նշանակվելու շարժառիթներին՝ պատմել էր․

«Սկզբում ես գնացի պաշտպանության գծով պետնախարար, Վազգեն Սարգսյանը նախարար էր, բանակը նոր էր ձևավորվում, բայց արդեն այդ պրոցեսը կար: Լաչինում դժվար վիճակ ստեղծվեց, ես խնդրեցի, որ Վազգեն Սարգսյանը հրավիրի Երկրապահներին, զինված ջոկատներին և իրենց համոզի, որ հիմա պետք է կամավորական ձևով գնալ, քանի որ Լաչինում վտանգավոր վիճակ է ստեղծվել: Մյուս օրը մարդ չգնաց: Նորից հավաքվեցինք, ես ու Վազգեն Սարգսյանը գնացինք խոսեցինք: Նորից չգնացին: Եվ ես Վազգեն Սարգսյանին ասեցի՝ եթե արդեն վստահություն չկա քո նկատմամբ, ուրեմն դու պիտի դուրս գաս ՊՆ պաշտոնից: Հետո մենք 3-ով խոսեցինք՝ ես, Վազգեն Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, ես առաջարկեցի՝ կամ ես պիտի լինեմ ՊՆ, կամ՝ Տեր-Գրիգորյանցը: Բայց ես կողմնակից եմ, որ Տեր-Գրիգորյանցը լինի: Վազգեն Սարգսյանը գտնում էր, որ Տեր-Գրիգորյանցը կադրավիկ լինելով և չիմանալով, չհասկանալով Երկրապահի, զինված ջոկատների խնդիրները, չի կարողանա ղեկավարել: Մի խոսքով, կանգնեցին այն մտքի վրա, որ ես պետնախարարի հետ միասին լինեմ նաև պաշտպանության նախարար: Եվ ես վերցրեցի այդ ծանր բեռը ինձ վրա: Լևոն Տեր-Պետրոսյանի այդ սկզբնական առաջարկության մեջ, ինձ թվում է, որ կար մի բան՝ միևնույնն է՝ որևէ բան չի ստացվի: Նա վստահ էր, որ ռազմական հաղթանակներ հնարավոր չեն: Եվ դրա մասին բացահայտ ԱԺ փակ նիստում ասել էր: Ինձ թվում է՝ նպատակն էր, որ այդ պատասխանատվությունը պարտությունների նաև ինչ-որ չափով ում ուսերին դրվեր: Բայց պարզվեց՝ իր հաշվարկները սխալ են: Ե՛վ Ղարաբաղի ժողովուրդը, և՛ Ղարաբաղի բանակի ղեկավարությունը, նաև՝ ՀՀ-ի ժողովուրդը և ՀՀ արդեն ձևավորվող բանակը, զինված ջոկատներն այնքան ներքին ուժ ունեին, որ շատ ծանր պայմաններում հրաշք տեղի ունեցավ: Եվ մեր միացյալ բանակը՝ Ղարաբաղ, ՀՀ, կարողացան հաջողությունների հասնել: Եվ ես կարծում եմ, որ երբ որ այդ հաղթանակները եղան, և իմ հեղինակությունը և՛ բանակում էր բարձրացել, և՛ ժողովրդի մոտ, Լևոն Տեր-Պետրոսյանին, բացի ամեն ինչից, մտահոգում էր, որ միգուցե իշխանության փոփոխություն տեղի ունենա»:

Վազգեն Մանուկյանը շարունակել էր, որ երբ ինքը Փարիզում էր, իմանում է երկրապահների առաջին համախմբման մասին, և մտածում էր, որ դա ոչ միայն քաղաքական հենարան էր լինելու Տեր-Պետրոսյանի համար ապագայում, այլ նաև իր դեմ էր, թեպետ բանակում տարբեր հանդիպումների ժամանակ միշտ ասել է՝ բանակն իրավունք չունի հեղաշրջում անելու:

«Բայց բանակն իրավունք ունի չենթարկվելու հրամանին, եթե հրաման է գալիս բանակն ուղղել ժողովրդի դեմ»,- նշել էր Մանուկյանը՝ «Մարդու ժամանակը» հաղորդման ժամանակ:

Ինչևէ, 1993 թ. օգոստոսին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով Վազգեն Մանուկյանն ազատվում է զբաղեցրած պաշտոնից, երբ հաղթանակներով փոխվել էր պատերազմի ընթացքը, ձևավորվել էր կանոնավոր բանակը:

Ըստ էության, նույն բանը կատարեց Նիկոլ Փաշինյանը, նա ազատվեց Օնիկ Գասպարյանից՝ ՀՀ ԶՈՒ հայտարարությունը որակելով ռազմական հեղաշրջում, թեպետ գեներալիտետը դա հերքում էր: Միակ տարբերությունն այս դեպքում իրավիճակն էր՝ մի դեպքում՝ հաղթանակ, մի դեպքում՝ այդ իսկ հաղթանակների մսխում:

Տեսանյութեր

Լրահոս