Ի՞նչ կադրային փոփոխություններ են արվել ռազմական հետախուզության և օպերատիվ կառավարման ոլորտներում
168.am-ը ուսումնասիրել էր, թե իշխանափոխությունից հետո 2018-2023 թթ. ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ բանակային կորպուսներում քանի հրամանատար է փոխվել և ինչ հաճախականությամբ: Իսկ պատերազմից հետո մանրամասն անդրադարձել էինք ՊԲ-ում և ՀՀ ԶՈՒ-երում 44-օրյայից առաջ ոչ պատահական կադրային փոփոխություններին, ինչպես նաև՝ տվյալ ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի նշանակման ոչ պատահական լինելու հանգամանքին։
Այս անգամ մեր դիտակետում ԳՇ հետախուզության և օպերատիվ գլխավոր վարչություններում կատարված կադրային փոփոխություններն են: Ի դեպ, սկզբում դրանք գլխավոր վարչությունների կարգավիճակ չեն ունեցել:
Կադրային փոփոխությունները ռազմական հետախուզությունում
2016 թվականի հունիսի 17-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վաղինակ Սարգսյանը նշանակվել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ՝ փոխարինելով Արշակ Կարապետյանին, ով ազատվել էր այդ պաշտոնից Ապրիլյան պատերազմից հետո՝ 2016 թվականի ապրիլի 26-ին: Այսինքն, Արշակ Կարապետյանի ազատումից հետո այս պաշտոնը մի քանի ամիս թափուր է մնացել:
Հիշեցնենք՝ երբ 2018-ի ապրիլի 23-ին Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիային հանկարծակի միացան ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ՝ համազգեստներով, այդ ժամանակ Վաղինակ Սարգսյանն արդեն ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարն էր:
Այդ օրերին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հայտնել էր, որ խոսքը 209 զինծառայողի մասին է, և հորդորել էր հաջորդ նախարարին շատ կոշտ արձագանքել ծառայողական քննությունից հետո, ինչը տեղի չունեցավ, իսկ Վաղինակ Սարգսյանին Փաշինյանի իշխանությունը նշանակեց ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, որին ավելի ուշ ազատեց:
Ի դեպ, նա խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար էր նշանակվել 2017 թվականի սեպտեմբերի 28-ին, այսինքն՝ ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնը զբաղեցրել է մոտ 1 տարի 3 ամիս:
2017 թվականի սեպտեմբերի 29-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ նշանակվեց Առաքել Մարտիկյանը:
2019 թվականի հուլիսի 4-ին ՀՀ կառավարությունը որոշում է ԳՇ հետախուզության վարչությունը վերակազմավորել գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության:
2019 թվականի նոյեմբերի 28-ին Առաքել Մարտիկյանը նշանակվեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից:
2021 թվականի օգոստոսի 9-ին Առաքել Մարտիկյանին ազատեցին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
2021թ. օգոստոսի 9-ին այս պաշտոնում Առաքել Մարտիկյանին փոխարինեց Արայիկ Հարությունյանը:
2022 թվականի փետրվարի 18-ին Արայիկ Հարությունյանին ազատեցին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
Հավելենք, որ գեներալ Արայիկ Հարությունյանը այժմ կալանքի տակ է, նա մեղադրվում է 2021-ի մայիսին ադրբեջանական առաջխաղացումների համատեքստում, երբ նա զբաղեցնում էր 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը:
2023 թվականի հունվարի 24-ին գնդապետ Սամվել Մովսիսյանը նշանակվեց ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ: Այսինքն, Արայիկ Հարությունյանի պաշտոնանկությունից մոտ 1 տարի հետո միայն ունեցանք ռազմական հետախուզության պետ:
2022-ի հոկտեմբերի 13-ին 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ փորձելով պարզել, թե ինչն է պատճառը, որ մինչև հիմա ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչությունը ղեկավար չունի, սակայն ՊՆ-ից հրաժարվել էին պատասխանել հարցին:
Ինչ վերաբերում է Սամվել Մովսիսյանին, ապա նա 2020թ. նոյեմբերի 3-ին Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ և ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել էր ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ, իսկ երբ արդեն հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնը թափուր էր, Մովսիսյանը կատարում էր պետի պաշտոնակատարի պարտականությունները:
Կադրային փոփոխությունները զինված ուժերի օպերատիվ կառավարման համակարգում
2017 թվականի սեպտեմբերի 29-ին գեներալ Տիրան Խաչատրյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ:
2018 թվականի հունիսի 18-ին գեներալ Խաչատրյանը վերանշանակվել էր ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետի պաշտոնում, բայց այս անգամ նա համարվում է նաև ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ:
2019 թվականի հուլիսի 4-ին Կառավարությունը որոշում է ԳՇ օպերատիվ վարչությունը վերակազմավորել, և այն դառնում է ԳՇ օպերատիվ գլխավոր վարչություն՝ իր մեջ ներառելով նաև ռազմավարական պլանավորման վարչությունը և ռազմական հաղորդակցությունների բաժինը: Այսինքն, 2 վարչություն և 1 բաժին միավորում են և ստեղծում ԳՇ օպերատիվ գլխավոր վարչությունը:
2019 թվականի նոյեմբերի 28-ին գեներալ Տիրան Խաչատրյանը նշանակվեց նորաստեղծ ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ՝ համարվելով նաև ԳՇ պետի տեղակալ:
2020 թվականի հունիսի 12-ին Խաչատրյանին ազատեցին այս պաշտոնից, որից հետո նա դարձավ արդեն ԳՇ պետի առաջին տեղակալ:
2020թ. հունիսի 12-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ է դառնում Կարեն Աբրահամյանը (ՊԲ նախկին հրամանատար):
2021թ. մայիսի 4-ին Աբրահամյանը հրաժեշտ տվեց այս պաշտոնին:
2021թ. մայիսի 21-ին Կարեն Աբրահամյանին ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԳՇ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնում փոխարինեց Էդվարդ Ասրյանը՝ ազատվելով ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետի պաշտոնից, որը ստանձնել էր 2019թ. նոյեմբերի 29-ին:
Ինչպես արդեն նշեցինք, 2019-ի հուլիսի 4-ին օպերատիվ վարչությունը, ռազմավարական պլանավորման վարչությունը և ռազմական հաղորդակցությունների բաժինը միաձուլվում են՝ ստեղծելով գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչություն:
Այսինքն, 44-օրյա պատերազմի ժամանակ Էդվարդ Ասրյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետն էր: Իսկ պատերազմից հետո արդեն ղեկավարում էր ԳՇ օպերատիվ գլխավոր վարչությունը:
2021 թվականի սեպտեմբերի 27-ին գեներալ Ասրյանին ազատեցին ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից:
2022 թվականի փետրվարի 24-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնում Ասրյանին փոխարինեց Արմեն Գյոզալյանը:
2023 թվականի փետրվարի 1-ին Գյոզալյանն այս պաշտոնից ազատվեց և նշանակվեց Հատուկ բանակային կորպուսի հրամանատար:
Այս պահի դրությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ դեռ նշանակված չէ:
Սակայն ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչությունն ունի ղեկավար՝ գնդապետ Նվեր Մարտիրոսյան, նա նշանակվել է այս պաշտոնին 2021-ի օգոստոսի 17-ին (վերևում նշեցինք, որ 2021թ.-ի մայիսի 21-ին Էդվարդ Ասրյանն ազատվել էր այս պաշտոնից և ստանձնել ընդհանուր՝ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության ղեկավարումը):
Հիշեցնենք, որ 2018-ի իշխանափոխությունից մինչ օրս մի քանի ԳՇ պետ ենք փոխել:
Մովսես Հակոբյան- 03.10. 2016-24.05.2018
Արտակ Դավթյան-24.05.2018-08.06.2020
Օնիկ Գասպարյան-08.06.2020-18.03.2021
Արտակ Դավթյան-22.03.2021-24.02.2022
Էդվարդ Ասրյան-14.07.2022-մինչ օրս։
Նշենք, որ գեներալ Ասրյանի նշանակումը ԳՇ պետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը համարել էր ճիշտ որոշում:
Ի դեպ, «թավշյա հեղափոխությունից» հետո նաև պաշտպանության մի քանի նախարար ենք փոխել:
168.am-ը 2022 թվականի մայիսին գրել էր, թե նրանցից յուրաքանչյուրն ինչ առաքելությամբ էր նշանակվել, և ինչո՞ւ ազատվեցին:
Վերադառնալով ԳՇ պետ Էդվարդ Ասրյանին, նշենք, որ օրերս նա հրավիրվել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով և մոտ 3 ժամ պատասխանել ՔՊ-ականների հարցերին: Ի դեպ, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շատ գոհ է այդ հանդիպումից:
Թե ի՞նչ է ասել Ասրյանը կամ ո՞ւմ դեմ, ժամանակը ցույց կտա: Կրկնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Էդվարդ Ասրյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետն էր:
ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչությունը գլխավոր շտաբի կառուցվածքային առաջատար ստորաբաժանում է, որն ապահովում է խաղաղ և պատերազմական պայմաններում զինված ուժերի առջև դրված խնդիրների պլանավորումը, զորքերի (ուժերի) օպերատիվ կառավարումը: