Իշխանափոխությունից մինչ օրս ՀՀ ԶՈՒ բանակային կորպուսների քանի՞ հրամանատար է փոխվել. Փաշինյանի կադրային փոփոխությունների հետքերով

Պատերազմից հետո 168.am-ը մանրամասն անդրադարձել էր ՊԲ-ում և ՀՀ ԶՈՒ-երում 44-օրյայից առաջ ոչ պատահական կադրային փոփոխություններին,  նչպես նաև՝ տվյալ ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի նշանակման ոչ պատահական լինելուն:

Այս անգամ ուսումնասիրել ենք, թե իշխանափոխությունից հետո 2018-2023 թթ.  ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ բանակային կորպուսներում քանի հրամանատար է փոխվել և ինչ հաճախականությամբ:

Առաջին բանակային կորպուս

2018 թվականի հունիսի 18-ին Արարատ Մելքումյանին (Չոլկա) ազատում են Առաջին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Նրա փոխարեն՝ նշանակվում է Ժիրայր Պողոսյանը:

Կարդացեք նաև

Նշենք, որ Արարատ Մելքումյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2018-ի  փետրվարի 15-ին՝ փոխարինելով գեներալ Տիգրան Փարվանյանին, ով այդ պաշտոնին էր 2013-ի մարտից և այնուհետ նշանակվել էր հայ-ռուսական միացյալ զորքերի խմբավորման հրամանատար և մինչ օրս այդ պաշտոնին է:

2021 թվականի օգոստոսի 13ին Ժիրայր Պողոսյանին ազատում են Առաջին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։

Ավելի ուշ Առաջին բանակային կորպուսի բազայի վրա ստեղծվում է Հատուկ բանակային կորպուսը, և 2021 թվականի օգոստոսի 26-ին նորաստեղծ կորպուսի հրամանատար է նշանակվում Արտակ Բուդաղյանը:

2023 թվականի փետրվարի 1-ին Արտակ Բուդաղյանն ազատվում է այս պաշտոնից, նրան փոխարինում է Արմեն Գյոզալյանը՝ ազատելով նրան ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:

Նշենք, որ Արմեն Գյոզալյանը ԳՇ էր գնացել Հատուկ բանակային կորպուսից, այդ ժամանակ նա Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետի ու կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում:

Երբ Արմեն Գյոզալյանին 2022 թվականի փետրվարի 24-ին ազատեցին Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետի ու կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից և նշանակեցին ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, կարծիքներ հնչեցին, որ սխալ նշանակում է կատարվել: Փաստորեն 1 տարի հետո Արմեն Գյոզալյանին ազատեցին նշված պաշտոնից և հետ ուղարկեցին Հատուկ բանակային կորպուս, բայց այս անգամ՝ որպես հրամանատար:

Երկրորդ բանակային կորպուս

2016 թվականի հուլիսի 7-ին 2-րդ բանակային կորպուսի հրամանատար էր նշանակվել այդ ժամանակ գնդապետ Դավիթ Մանուկյանը՝ դաշնակցական Գեղամ Մանուկյանի եղբայրը:

Փաշինյանի իշխանափոխությունից մեկ տարի հետո՝ 2019 թվականի դեկտեմբերի 18-ին այս պաշտոնին է նշանակվում Արայիկ Հարությունյանը:

2021 թվականի օգոստոսի 9-ին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնում Արայիկ Հարությունյանին փոխարինում է Վահրամ Գրիգորյանը:

2023 թվականի հունվարի 19-ին Գրիգորյանին ազատում են զբաղեցրած պաշտոնից: Գրիգորյանը պաշտոնանկ արվեց Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում գիշերը բռնկված հրդեհից հետո, որը 15 զինծառայողի կյանք խլեց:

Ի դեպ, այս դեպքից հետո գլխատվեց ամբողջ կորպուսը, փոխվեցին նաև կորպուսի հրամանատարի տեղակալները, որոնցից մեկն ընդամենը 1 տարի առաջ էր նշանակվել: 

2023 թվականի հունվարի 19-ին 2-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվում Ազգային հերոս Գարեգին Պողոսյանը:

Հավելենք, որ գեներալ Արայիկ Հարությունյանը կալանքի տակ է, նա մեղադրվում է 2021-ի մայիսին ադրբեջանական առաջխաղացումների համատեքստում:

2022-ի դեկտեմբերի 14-ին Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ, մասնավորապես, նշվում է, որ 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ՀՀ պետական սահմանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Կութ բնակավայրերին և Նորաբակ համայնքին հարող շփման գծի այն հատվածներով, որտեղ հրամանատարության անգործության հետևանքով սահմանված չի եղել մարտական հերթապահություն, անարգել հատել և մխրճվել են ՀՀ պետական սահմանից ներս, տեղակայել մարտական դիրքեր՝ վերահսկողություն սահմանելով ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ:

Այդ ժամանակ գեներալ Հարությունյանը 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, և այս տարածքները նրա պատասխանատվության գոտում էին:

Երրորդ բանակային կորպուս

2016 թվականի հուլիսի 7-ին 3-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվում այդ ժամանակ գնդապետ, այսօր՝ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը՝ փոխարինելով Օնիկ Գասպարյանին, ում նշանակել էին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ։ Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը նրան ԳՇ պետի պաշտոնը վստահեց՝ 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ:

2021 թվականի հուլիսի 8-ին Գրիգորի Խաչատուրովին ՀՀ նախագահի հրամանագրով ազատեցին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:

168.am-ը մի քանի անգամ անդրադարձել է գեներալ Խաչատուրովից ազատվելու պատճառներին:

Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովը մեկն է այն փորձառու գեներալներից, ով ստորագրել էր ՀՀ ԶՈՒ հայտարարության տակ, և երբ պարզ դարձավ, որ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն «իրավունքի ուժով» ազատված է ԳՇ պետի պաշտոնից, 3-րդ բանակային կորպուսի հրամանատարը հայտարարություն էր տարածել և հաստատել իր պահանջը:

«Անիմաստ եմ համարում հայտարարության մեջ շատ ընդլայնվել, սակայն միայն այն փաստը, որ երեք տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակվել և ազատվել են թվով չորս բարձրագույն զինվորական կոչում ունեցող պաշտոնատար անձինք, դա հաստատում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ոչ ադեկվատ և անպատասխանատու լինելը:

Յուրաքանչյուր օր, ժամ, Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելով՝ քայքայվում է ՀՀ անվտանգությունը և կասկածի տակ դրվում մեր հայրենիքի ապագան:

Ուստի կրկին անգամ վերահաստատելով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի 2021թ. փետրվարի 25-ի հայտարարությունը, կրկին պահանջում եմ Ն. Փաշինյանի անհապաղ հրաժարականը»,- նշված էր Գրիգորի Խաչատուրովի հայտարարության մեջ:

2021 թվականի օգոստոսի 6-ին 3-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվում Ալեքսանդր Ցականյանը:

Չորրորդ բանակային կորպուս

2016 թվականի հուլիսի 7-ին 4-րդ բանակային կորպուսի հրամանատար էր նշանակվել Վալերիկ Քոչարյանը՝ փոխարինելով Անդրանիկ Մակարյանին:

2019 թվականի դեկտեմբերի 18-ին 4-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվում Արտակ Բուդաղյանը:

2021 թվականի օգոստոսի 26-ին նա ազատվում է 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից և նշանակվում նորաստեղծ Հատուկ կորպուսի հրամանատար:

4-րդ կորպուսը, ըստ էության, լուծարվում է:

Հինգերորդ բանակային կորպուս

2017 թվականի սեպտեմբերի 25-ին 5-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվում Արտակ Դավթյանը: 2018 թվականի մայիսի 24-ին նա նշանակվում է ԳՇ պետ:

Եվ 2018-ի հունիսի 18-ին այդ ժամանակ գնդապետ, այսօր արդեն գեներալ և Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը նշանակվում է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար:

Հիշեցնենք, որ պատերազմից հետո Փիլոյանը մեղադրվեց խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, 2022թ. մարտի 31-ին կալանավորվեց, իսկ հոկտեմբերի 10-ին ազատ արձակվեց 15 միլիոն գրավի դիմաց:

2020 թվականի դեկտեմբերի 30-ին 5-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակեցին Սմբատ Գրիգորյանին:

2023 թվականի փետրվարի 17-ին Գրիգորյանին փոխարինում է Սասուն Բադասյանը:

Արցախի ՊԲ հրամանատարներ-պաշտպանության նախարարներ

Համարելով, որ ՊԲ-ն, ըստ էության, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանում է, ամփոփել են նաև ՊԲ կադրային փոփոխությունները:

Լևոն Մնացականյան– 15.06.2015-14.12.2018

Կարեն Աբրահամյան – 14.12.2018- 24.02.2020

Ջալալ Հարությունյան- 24.02.2020-27.10.2020

Միքայել Արզումանյան– 27.10.2020-11.09.2021

Կամո Վարդանյան- 11.09.2021-մինչ օրս

Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանը և Միքայել Արզումանյանը մեղադրվում են 2020-ին պատերազմի տարբեր դրվագներով, մասնավորապես, Ջալալ Հարությունյանը՝ հայտնի օպերացիան ձախողելու, իսկ Միքայել Արզումանյանը՝ Շուշիի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու համար:

Տեսանյութեր

Լրահոս