«Այսօրվա պարտությունը մեր պատմության ավարտը չէ. դա շտկել կարելի է։ Եվ մենք դա անելու ենք ՝ միասին, արդար ու արդյունավետ». Արման Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի ելույթը:

Բարև՛ Ձեզ, սիրելի՛ հայրենակիցներ, տիկնայք և պարոնայք,

Ողջունում եմ ձեզ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության պաշտոնական մեկնարկի միջոցառմանը։

Ինձ երկար ժամանակ հարցնում էին, թե ինչո՞ւ քաղաքական կյանքում ավելի մեծ դերակատարում չեմ ստանձնում․ հարցնում և հորդորում էին քաղաքական ուղիղ մասնակցություն և դերակատարում ստանձնել և՛ մասնագետները, և՛ գործընկերները, և՛ լրագրողները։

Կարդացեք նաև

Ահա եկավ այն ժամանակը, և դա անխուսափելի դարձավ։

Այլևս չեմ կարող զուտ մասնագիտորեն վերաբերել քաղաքական կյանքին, որը հայանպաստ չէ կփորձեմ պետության և ժողովրդի շահերի պաշտպանությանն ուղղել իմ և իմ աջակիցների բոլոր ջանքերը, այդ թվում՝ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությամբ, որի մտահղացումը բխում է ժողովրդին սատարելու և բոլորիս ջանքերը միավորելու իմ ցանկությունից։

«Միասնության թևեր»-ը նշանակում են, որ մենք պետք է իրար թև ու թիկունք լինենք, նայենք առաջ ու իրար վեր բարձրացնենք։ Այն նաև նշանակում է հայ ժողովրդի միասնություն և համերաշխություն աշխարհում՝  Հայաստանում և Սփյուռքում։

Մեր խորհրդանիշը թևավոր ցուլն է, որի թևերին փարված են մեզ առաջնորդող յոթ արժեքները, իսկ ցուլն ինքնին խորհրդանշում է ուժ, աշխատասիրություն, հետևողականություն, համառություն, համբերություն և հաղթանակ։ Այս խորհրդանիշների ներքո էլ մենք շարժվելու ենք առաջ։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մեզ պետք է կերտել այնպիսի պատմություն, որտեղ Հայաստանը նորից ճիշտ է, որտեղ մենք նորից իրավացի ենք։ Գլխավորը զարգացման ծրագրերի բացակայությունը չէ. այսօր բոլորն են առաջարկում ծրագրեր, բայց դրանք թողնում կիսատ, ինչպես տասնամյակներ շարունակ կիսատ թողնված մեր Կասկադի շինարարությունը, կամ Մանկական աշխարհ նախկին խանութը Երևանի կենտրոնում։

Բոլորը միտված են ընտրություններում հաղթելուն, մենք՝ հիմնախնդիրների լուծմանը։

Ի՞նչ ենք ուզում։

Ուզում ենք պատմություն, որը մեզ կվերադարձնի ազգային արժանապատվությունն ու հպարտությունը։ Մեզ պետք է պատմություն հենց մեր մասին։

Այսօր հայաստանյան հասարակությունն ապրում է գոյաբանական ճգնաժամ, որն առավել խորացավ Արցախի ամբողջական հայաթափումից հետո։

Այն է՝ լինել կամ չլինել, հպատակվելու և ենթարկվելու վիճակին համակերպվել կամ չհամակերպվել, տագնապալի զգացումով քնել և արթնանալ։

Գլխավոր հարցը դարձել է ոչ թե այն, թե ով կարող է ավելի լավ կառավարել մեր տնտեսությունը, այլ այն, թե ինչպես ապրել այսքան նվաստացումներով։

Մենք պատմության մեջ հերթական անգամ ստացանք գլխավոր դասը, որը, ցավոք, մինչ այսօր բավարար չափով չենք յուրացրել, այն է կարելի է լինել իրավացի, ճիշտ, համարձակ, սակայն, պարտվել, եթե միասնական չենք, միմյանց չենք սատարում, ազգային շահերին միասնաբար միտված չենք, մեկս մյուսով չենք։

Քաղաքական գործիչները փորձում են հարցերին պատասխանել գեղեցիկ խոսքերով, բայց մարդիկ պահանջում են իմաստ,  նշանակություն, և արդյունք։

Մեզ պետք է գտնել այդ իրական իմաստը։

Արդյո՞ք մենք ինքներս ենք մեղավոր։

Ի՞նչ է այսօր մեզ առաջարկվում՝ բանաձև՝ պարտություն – համակերպվել – հանձնվել։

Մենք առաջարկում ենք քաղել դասեր – համատեղ աշխատել, ջանքեր գործադրել -վերածնել ու վերականգնել բանաձևը։

Ասում են՝  մեղավոր ենք,  ուրեմն՝ համակերպվենք, բայց դա մեզ չի վերադարձնում մեր հպարտությունը, դա օրինականացնում է նվաստացումը, խաչ քաշում մեր ազգային Ես-ի վրա։ կամ էլ առաջարկում են ապրել հիշողություններով, երրորդը՝ «որտեղ հաց, այնտեղ կաց» լինել, փող ունենալ, մնացած ամեն ինչը մոռանալ, չմտածել, չկարևորել։

Բայց քչերն են ասում՝ մենք ենք մեր երկրի ու ճակատագրի տերը, սխալվել ենք՝ ուրեմն՝ կուղղենք մեր և մեր հանդեպ մյուսների սխալը, կվերականգնենք այն, ինչ մերն է, նաև՝ մեր դրական որակներն ու կարողությունները, և առաջ կգնանք։

Երկրորդ համաշխարհային պատերազմում քանդված Եվրոպան, պարտված Գերմանիան և Ճապոնիան փլատակների մեջ էին, սակայն՝ ջանք գործադրեցին, միասնաբար աշխատեցին, մտածեցին, համբերատար վերականգնվեցին ու շատերից առաջ ընկան։ Մենք նույնպես կարող ենք, և պարտավոր ենք հենց այդ ճանապարհով գնալ։

Ցանկանում եմ ձեզ բոլորիդ ասել այսօրվա պարտությունը մեր պատմության ավարտը չէ։

Մեզ հիմա պետք է պատմություն այն մասին, թե ինչպես արժանապատվորեն դուրս գալ պարտված վիճակից ու վերականգնվել։

Ինչպե՞ս կրկին դառնալ մեկ միասնական երկիր։ Մեզ պետք է համերաշխություն և միավորում պառակտումից հետո։

Անցյալի փոխարեն մեզ պետք է ապագա. մենք ունենք ապագայի կարիք։ Պարզ ապագա, որ հիմնված չէ նախկինի սխալները կոծկելու կամ նախկինում իր լավ լինելը ապացուցելու մղումների վրա։ Հենց սրա համար է մեզ պետք միասնություն։

Մեր երեխաները, մենք ինքներս չպետք է կրենք անցյալի բեռը, բայց պետք է անցյալով խրատվենք, մեր դասերը քաղենք, ու թույլ չտանք, որ մեզ հետ կատարվածը նորից կրկնվի։

Բոլորս ենք հարցնում՝ ինչո՞ւ մենք պետք է ապրենք այնպիսի երկրում, որտեղ ամեն ինչ պատերազմի, պարտության կամ հանձնվելու մասին է։

Իրականում, մենք կառուցելու ենք ու շարունակելու ենք կառուցել։ Ուրախանալու ենք սկզբում փոքր, բայց հետո մեծ հաղթանակներով։ 

Այո, դժվար է լինելու։ Այո, մենք սխալվել ենք, այո մեր ուժերը ջլատված են, բայց մենք կարող ենք քայլ առ քայլ, կառուցել նոր կյանք։ Ուղղակի սովորական, բնական, բայց՝ արժանապատիվ կյանք։ 

Այդ ճանապարհին չպետք է լինեն հակադրություններ ու պառակտումներ, մենք բոլորով պետք է աշխատենք հանուն մարդկանց միավորման ու երկրի առաջընթացի, դա պետք է լինի միավորում հանուն պետության, ժողովրդի, ապագայի։

Մեր միասնական ջանքերը պետք է հենենք արդարության, գիտելիքի, պրոֆեսիոնալիզմի, աշխատասիրության և փոխօգնության վրա։

Այս ամենը մեր ժողովուրդը միշտ ունեցել է, սակայն՝ շեղվել, մոռացել, մասամբ՝ կորցրել։ Պետք է վերականգնել, վերհիշել, և գործադրել։

Հայաստանն ունի յուրաքանչյուր գյուղի ու քաղաքի կարիքը։ Մեր բնակիչները ոչ թե պարզապես ընտրազանգված են, այլ առաքելություն կրող, մեր պատմական Երկրի մասնիկները։ Մասնիկները կարող են բաժանվել, և այդ դեպքում երկիրը կքանդվի, եթե միավորվենք՝ Երկիրը կամրապնդվի և կուժեղանա։

Մենք մեր պետությունը հերոսական կռիվներով կերտողներին ու ամենօրյա աշխատանքով և ծառայությամբ պաշտպանողներին ասում ենք, որ ձեր սխրանքն իզուր չէ․ հենց ձեր շնորհիվ է, որ կանք, և լինելու ենք։

Մենք մեր մայրերին ասում ենք, որ մենք կառուցում ենք երկիր, որտեղ դուք չեք ունենալու վախ ձեր երեխաների ապագայի համար, կառուցում ենք երկիր, որտեղ պետք է ուղղակի ապրել։

Գործարարներին տալիս ենք հավատ, որ իրենց ջանքերն իմաստ ունեն և տալիս են արդյունքներ, այլ ոչ թե անորոշ հարցեր այն մասին, թե ինչպես հիմնել բիզնես մի երկրում, որը չի կարող ինքն իրեն պաշտպանել։ Ինչու ներդրում անել ապագայի մեջ, որն անորոշ է կամ կարող է անգամ չգալ։

Բոլորը խոսում են կրթության բարեփոխումների մասին, բայց ոչ ոք չի խոսում ուսուցչի մասնագիտության իմաստի մասին աղետից հետո։

Քաղած դասերից է այն, որ միայն արժանապատվությունն առանց ուժեղ լինելու պատրանք է։

Ինքնախաբեությամբ զբաղվելն առանց սեփական սխալները տեսնելու և հանուն պետության ու ազգի ապագայի դրանք չշտկելը կործանարար է հենց այդ պետության ու ազգի համար։

Մենք պետք է կառուցենք արժանապատվություն սթափ մոտեցումների վրա, այլ ոչ թե ապրենք սեփական հաջողություններից արբեցած ու շփացած։

Մենք մեղավոր չենք պարտության մեջ։ Մենք մեղավոր ենք նրա համար, որ տեղ ենք տվել պատրանքների, թուլացել ենք, մեծամտացել, լճացել, հույսը դրել այլոց վրա։

Մենք պետք է կառուցենք երկիր, որտեղ կարելի է ուղղակի ապրել և լավ ապրել, այլ ոչ թե գոյատևել։

Մեզ պետք է սթափություն, որովհետև մենք մտածում էինք, թե միայն արժանապատվությամբ հաղթելու ենք։

Մենք կարող ենք և ուզում ենք ապրել արժանապատիվ, և հենց մեր երկրում։

Մենք պետք է միավորվենք արդարության շուրջ։

Ինձ իրավապաշտպան աշխատանքը սովորեցրել է, որ անարդարության դեմ արդյունավետ պայքար հնարավոր է։

Իսկ եթե դա հնարավոր է, ուրեմն դա պետք է անել։

Պետք է այնպես անենք, որ ոչ թե ձեռք բերենք խնդիրներ լուծելու կարողություններ, այլ խնդիրներ չունենանք։

Մարդկանց միավորում ոչ թե վախերի միջոցով, այլ հանուն հույսի։

Մեղավորներ փնտրելու փոխարեն կենտրոնացում լուծումների վրա։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչպես ասել է Չինաստանի առաջնորդ Դեն Սյաոպինը ՝ կարևոր չէ, թե ինչ գույն ունի կատուն, կարևոր է, թե այն ինչպես է մկներ բռնում։ Ու ինչպես ասել է ԱՄՆ նախկին նախագահ Թեոդոր Ռուզվելտը, մենք պետք է ճգնաժամը վերածենք հնարավորության։

Դժվարությունն օգտագործենք հանուն հաջողության։

Մենք տնտեսական անարդարության հարցը կլուծենք հավասար հնարավորութոյւններ ստեղծելով ազնիվ բիզնեսի և արդարացի հարկային քաղաքականության միջոցով և կունենանք երկիր, որտեղ հաջողությունը կախված է յուրաքանչյուրի տաղանդից ու աշխատանքից։

Կոռուպցիայի դեմ պայքարը կլուծենք կառավարման թափանցիկ համակարգ ստեղծելու միջոցով, իսկ Իրավախախտների համակարգային պատժելիությունը՝ օրինահպատակ վարքագծի խթանելու միջոցով։

Ոչ թե դավաճանների փնտրտուք, այլ բոլոր հայրենասեր մարդկանց միավորում, ոչ թե անցյալի քննադատություն, այլ ավելի լավ ապագայի պլանավորում ու կառուցում, ոչ թե «մերոնքական» և «օտարների» բաժանում, այլ բոլոր քաղաքացիների համար ընդհանուր նպատակների ու պայմանների սահմանում։

Պետության համակարգում այնպիսի անձանց բացառում, որոնք չեն գիտակցում իրենց առաքելությունը և չարաշում են պաշտոնը՝ հօգուտ անձնական բարեկեցության, անձնական այլ նեղ կամ խմբային շահերի, քաղաքացիների իրավունքների հաշվին բացահայտ ցուցադրելով սեփական բարեկեցությունը և առավելություններն այլոց նկատմամբ: Հավասարապես վտանգավոր են իշխանության հետ սերտաճածները, որոնք նույն արատավոր գործն են անում:

Տնտեսության բնագավառում արդարություն՝ թափանցիկ պետական գնումներ առանց բացառության, արդարացի հարկահավաքություն առանց առավելությունների, արդար մրցակցություն առանց մենաշնորհների, պետական ծառայություններին հավասար մատչելիություն։

Մեր ծրագիրն է՝ Հայաստանը տեսնել մեծ «արտադրական տուն», որտեղ իրար են հանդի­պե­լու Հայրենիքի և Սփյուռքի աշխատավոր ձեռքը, գիտնականի միտքն ու ներդրումային կա­րո­­ղությունները՝ Սփյռւքն էլ այս ամենին համահեղինակ։

Գյուղատնտեսությունը պետք է լինի ոչ միայն ինքնաբավ, այլև արտահանող՝ բարձր արժեք ունեցող մթերքների, օրգանական արտադրանքի և նորարար գյուղատնտեսական տեխնոլոգիաների հիման վրա։ Հողը մշակողին մենակ չենք թողնելու, տալու ենք տեխնիկա, ռեսուրսներ և արտաքին շուկա։

Մենք կկառուցենք արդյունաբերական գոտիներ՝ ամբողջ Հայաստանով մեկ։ Այստեղ կհամադրվեն ուժեղ ենթակառուցվածքներ, մաքուր էներգիա, արդի տեխնոլոգիաներ։

Մենք չենք ուզում, որ գործարարները լքեն Հայաստանը․ մենք ուզում ենք, որ նրանք վերադառնան Հայաստան՝ իրենց գիտելիքով, կապիտալով և հավատքով։

Հայաստանը պետք է ունենա նոր հարկային համակարգ, որը ոչ թե պատժում է և տարածում վախ, պայմանավորված է այսրոպեական լուծումներով, այլ խթանում է արդարությունը և զարգացումը։

Պետք է անմիջապես չեղարկել վերջին տարիների անհե­ռա­տես և անհիմն փոփոխությունները իրավաբանական, հաշվապահական ու այլ ծառայությունների վերաբերյալ։

Պետք է մշակել հարկային քաղաքա­կանու­թյուն, որտեղ հիմքում ուղղակի հարկերն են, իսկ բիզնեսը՝ ազատ, պարզ և պատաս­խա­նատու։

Հայաստանը պետք է դառնա արդյունաբերական, տեխնոլոգիական, ինքնաբավ պետություն։

Այսպիսի երկրում պետք է երաշխավորված լինի սոցիալական արդարությունը, որտեղ մարդիկ լիարժեք տեղյակ են, թե ինչ իրավունքներ ունեն, իսկ պետությունը պատասխանատու է յուրաքանչյուրի համար։

Այս պահին մենք տեսնում ենք Սոցիալական ապահովության ոլորտի ծանր մարտահրավերներ

  • Հայաստանի բնակչությունը ծերանում է, իսկ ծնելիությունը նվազում է՝ 1.6–1.8 երեխա։ Ընդամենը մի քանի տասյակ տարի հետո ավագ սերունդը կկազմի մեր հասարակության մեծամասնթյունը, իսկ երիտասարդ ընտանիքները չեն ցանկանա 1-ից ավել երեխա ունենալ
  • Երիտասարդների զգալի մասը ոչինչով զբաղված չէ՝ դուրս է մնացել թե՛ կրթությունից, թե՛ աշխատանքից, ապրում է օրվա հացով, անտարբեր է իր ապագայի հանդեպ։
  • Կանայք մայրանալուց հետո հաճախ դուրս են մնում աշխատանքից, չեն իրագործում իրենց պոտենցիալը որպես մասնագետներ, խուսափում են 2 կամ 3րդ զավակ ունենալուց՝ հիմնականում ֆինանսական ու որ առավել դատապարտելի է խտրականության ու խարանի ենթարկվելու պատճառներով։

Մեր գլխավոր առաջնահերթություններից է լինելու սեփական քաղաքացու մասին հոգ տանելը,

Յուրաքանչյուր ծրագրի հիմքում պետք է լինի մարդու արժանապատվության երաշխավորումը։

Մենք հրաժարվելու ենք թոշակ հասկացությունից, կենսաթոշակը ողորմություն  չէ, որը վճարվում է պետության բարի կամքով։ Պետությունը պետք է իմաստության վաստակած ներդրումով հատուցի այն սերնդին, որն իր կյանքի տարիները նվիրել է երկրի զարգացմանը, մեզ շահել ու պահել է։

Առանց առողջ մարդկանց հնարավոր չէ երկիր զարգացնել։

«Առողջություն բոլորին» ծրագրով պետք է հասնել անվճար և ամենաբարձր որակի համընդհանուր բժշկական օգնության բոլորի համար, այո հենց բոլորի համար՝ անկախ ֆինանսական հնարավորություններից։

Բժշկական օգնությունը չի կարող կախված լինել միԱՅՆ մասնավոր ապահովագրողների կամքից ու ցանկություններից։

Քաղաքացին ձևավորել է պետական համակարգ ու հետևաբար հենց այդ պետական համակարգից էլ պահանջելու ունի անվճար բժշկական օգնություն իր համար, որ հիմնված է գիտության բարձր նվաճումների վրա։ Առաջնահերթը քաղաքացին է, որն ապրում է կրթության ու գիտելիքի հենքով զարգացող պետությունում։

Պետք է ապահովել երիտասարդների կրթության ամուր կապը աշխատաշուկայի հետ՝ ավագ դպրոցից սկսած, միջին մասնագիտական կրթօղակում և ԲՈՒՀ-ում՝ ոլորտը բացելով մասնավոր ընկերությունների համար, որպեսզի նրանք կրթեն և աշխատանքով ապահովեն երիտասարդներին, մանավանդ կանանց:

Պետություն, որտեղ ամենազորեղ են իրավունքի գերակայությունն ու մարդու իրավունքները, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի զգում է՝ ինչ է նշանակում ժողովրդավարությունը գործողության մեջ։

Միայն այսպիսի պետությունը կարող ունենալ անվտանգության իրական համակարգ, որտեղ պաշտպանված է ռազմական ներուժը, ապահովված է բարձր վստահություն նրանց նկատմամբ և սոցիալական բարձր պաշտպանություն։

Երկխոսություն Հայոց Սուրբ Եկեղեցու հետ

Հարգանք հոգևոր ավանդույթների նկատմամբ, Եկեղեցի-պետություն հարաբերությունների հստակ տարանջատում, յուրաքանչյուրի դերի հստակեցում,  պետության կողմից եկեղեցու ինքնավար ու պետությունից անջատ լինելու դերի հաստատում՝ որպես ազգային եկեղեցի, բայց նաև համագործակցություն սոցիալական աջակցության, սփյուռքի հետ հարաբերությունների և հոգևոր անվտանգության հարցերում։

Միասնականություն սփյուռքի հետ։

Սփյուռքը ոչ թե «նրանք» են, այլ «ՄԵՆՔ»։ Մենք մեկ միասնական ազգ ենք։ Ոչ թե արտերկիրն է օգնում, այլ ազգը միավորված է։ 

Մենք սփյուռքին ասում ենք՝

Դուք հյուրեր չեք։ Դուք հովանավորներ չեք։ Դուք օտար չեք։ Դուք հայ ազգի անբաժան մասն եք, հայկական քաղաքակրթության, հայկական ինքնության կրողը։

Մենք պետք է ունենանք սկզբունքնորեն վերարժեվորված մոտեցումներ սփյուռքի հետ հարաբերություններում.

Սիրելի՛ սփյուռքահայեր,

Ձեր առաքելությունը պետք է լինի ոչ թե բարեգործությունը, այլ ներդրումները՝ պաշտպանված ու հատուկ արտոնություններով, պետք է լինի իրավահավասար գործընկերություն, այլ ոչ թե «հայրական խնամակալություն», գործնական հարաբերություններ,  այլ ոչ թե միայն էմոցիոնալ վայրիվերումներ, փոխադարձ օգուտներ՝ որպես երկարաժամկետ համագործկացության հիմք։

Մենք ապահովելու ենք նաև կայուն անձնական ու մշակութային կապ Հայրենիքի հետ հատուկ ծրագրով, որ կոչվելու է «ԻՄ ՏՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»։

Մենք պետք ենք իրար. Հայաստանն առանց սփյուռքի թույլ է, իսկ սփյուռքն առանց Հայաստանի երկար գոյատեևել չի կարող։

Եկեք կառուցենք միասին՝ որպես գործընկերներ, որոնք ծառայում ենք միավորված ազգի նպատակների համար։

Անկախ, ինքնիշխան, անվտանգ և կայուն զարգացող Հայաստան՝ այս հիմնարար գաղափարներն են ընկած լինելու նաև արտաքին քաղաքականության հիմքում, որի ռազմավարական հիմնական սկզբունքներ են`

  • Հայաստանը պետք է հանդես գա ինքնուրույն միջազգային օրակարգով.
  • Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ռազմավարությունը պետք է ծառայի ուղեցույց այն մասին, թե ինչպիսին է Հայաստանի դերն տարածաշրջանում և աշխարհում.
  • Սեփական ժողովրդի և միջազգային հանրության համար կանխատեսելի և պատասխանատու արտաքին քաղաքականություն,
  • Շահերի համադրման և ոչ թե հակասության վրա հիմնված բազմակողմ համագործակցություն,
  • Ճկուն, ոչ թե հարմարվող, արտաքին քաղաքականություն՝ հավատարիմ մնալով ազգային/պետական շահերին ու արժեքներին,
  • Վստահության, հավասարության և փոխադարձ հարգանքի ու շահավետության վրա հիմնված միջազգային համագործակցություն
  • Միջազգային իրավական արտաքին քաղաքականության գործիքակազմի լիարժեք կիրառում

 

Մենք կունենանք խելացի պետություն, որը հիմնված է գիտության ձեռբերումների վրա։

 Թվային տեխնոլորգիաները պետք է ծառայեն արդարության գործին։

Արհեստական արգելքների վերացում ազնիվ բիզնեսի համար։

Սկզբունքային նոր մոտեցում՝ արագ կապ քաղաքների և գյուղերի միջև՝ ժամանակակից ենթակառուցվածքների միջոցով։

 Պետք է հրաժարվենք Մշտական ճգնաժամերի տրամաբանությունից։

Այս սկզբունքներով աշխատանքի շնորհիվ հանուն ընդհանուր նպատակների մենք կկարողանանք միավորել՝

  • կոռուպցիայի դեմ պայքարողներին ազնիվ գործարարների հետ,
  • բարեփոխումների կողմնակիցներին կայունությունը գնահատողների հետ,
  • արևմտամետ հայացքները բազմակողմանիության կողմնակիցների հետ,
  • փոփոխություններ տենչող երիտասարդությանը փորձառու քաղաքական գործիչների հետ։

 

Այս կերպ մենք կվերացնենք հասարակության բևեռացումը։

Հնարավորություն կստանանք թուլացնել լարվածությունը առանց մեր սկզբունքներից հրաժարվելու՝ կլինեն նույն նպատակները, բայց արդյունավետ և մարդասիրական մեթոդներով։

Կառուցում ենք արդար հասարակություն միասին, այլ ոչ թե իրար դեմ, հավասար արդարություն բոլորի համար։

Այս մոտեցումներով մենք կբարձրացնենք Հայաստանի միջազգային իմիջն աշխարհում՝ ժողովրդավարական իստիտուտներ և առաջնորդներ ավտորիտար պոպուլիտսների փոխարեն, հուսալի գործընկեր անկանխատեսելիության աղբյուրի փոխարեն, կայունության կղզի ճգնաժամերի փոխարեն։

Մեր քաղաքացիների մի մասը հնարավոր է ասեն, թե երկխոսությունը թուլացնում է պետությունը և կարող է պարունակել կոռուպցիոն ռիսկեր։

Այս մտավախություններին մենք պատասխանում ենք՝ արդարությունը բացառում է որևէ տեսակ կոռուպցիա և խնամիբարեկամություն, ավտորիտարիզմն անթույլատրելի է՝ անկախ դրա քաղաքական գունավորումից։

Ուժեղ ինստիտուտները խարիզմատիկ առաջնորդներից ուժեղ են։

Մեզ պետք է ուժ՝ արդարության և միավորման միջոցով։

Իրապես ուժեղ պետությունը արդար պետությունն է։

Երկխոսությունը և փոխզիջման համաձայնությունը հարկադրանքից ու հակադրությունից ավելի արդյունավետ են։ Մենք դա կապահովենք արդարադատության անկախ համակարգով՝ զերծ պահելով որևէ մեկի քաղաքական ազդեցությունից։

Երկարաժամկետ կայունությունն այսրոպեական տակտիկական չակերտավոր հաղթանակներից առավել կարևոր է։

Հասարակության իրական միավորումն ազգային ուժի գլխավոր աղբյուրն է։

Ոչնչացնելուց ու քանդելուց ստեղծարար ճանապարհին կանգնելը քաղաքական համակարգի հասունության նշան է։

Եվ վերջում – ջանքերը արդյունք են տալիս։

«Միասնության թևեր» նախաձեռնությունը հրավեր է բոլոր հայերին «միավորվելու պարզ, բայց հզոր գաղափարի շուրջ. Հայաստանում կարող է և պետք է հաղթանակի արդարությունը։ Սա հասանելի նպատակ է ։

Մեր գլխավոր ուղերձն է. «Դա շտկել կարելի է։ Եվ մենք դա անելու ենք ՝ միասին, արդար ու արդյունավետ»։

Արդարությանն ուղղված ջանքերը բոլորինս են։

Յուրաքանչյուր մեր հայրենակից, անկախ նախկին կամ ներկա քաղաքական նախընտրություններից, կարող է կազմել այս շարժման մասը։

Հակադրության դարաշրջանն ավարտված է

Եկել է արարելու ժամանակը։

Տեսանյութեր

Լրահոս