
ՔԿՀ-ներ գնալն այս իշխանության ժամանակահատվածում ընդդիմադիր պատգամավորների աշխատանքային առօրյան է դարձել. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Վերաքննիչ քրեական դատարանի որոշումներին, որոնք վերաբերում են Դավիթ Գալստյանին և Միհրան Մախսուդյանին:
«Արցախցի պատգամավոր Դավիթ Գալստյանի խափանման միջոցը փոխվեց` տնային կալանք և 5 մլն դրամ գրավի ռեժիմով: Դավիթին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այսօր առավոտյան էի տեսակցել և չթաքցնեմ, որ հոգուս խորքում նման հույս ունեի:
Ուրախ եմ, որ թեև բազմաթիվ սահմանափակումներով, այնուամենայնիվ Դավիթը տանը կլինի` ընտանիքի կողքին: Առհասարակ, քրեակատարողական հիմնարկներ գնալն այս իշխանության ժամանակահատվածում ընդդիմադիր պատգամավորների աշխատանքային առօրյան է դարձել:
Երեկ էլ Շիրակի թեմի առաջնորդին էի այցի գնացել: Սրբազանի հետ ժամերով, օրերով խոսելու նյութ կա` պարզ մարդկային հարաբերությունից մինչև թեժ քաղաքական թեմաներ:
Եվ որքան էլ Սրբազանն իր տեսակին համահունչ պինդ և խարիզմատիկ կերպար է, դժվար է համակերպվել և´ իր, և´ Բագրատ Սրբազանի բանտում գտնվելու հանգամանքի հետ:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին:
Հ.Գ.
Գրառումս նոր էի հրապարակել, երբ ինձ գնդապետ Մախսուդյանի որդին զանգեց և տեղեկացրեց, որ վերաքննիչ դատարանը նաև Մախսուդյանի խափանման միջոցն է փոխել` կրկին տնային կալանքի ռեժիմով»: