
Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք և գրավ
«Սրբազան պայքարի» գործով անցնող Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի խափանման միջոց կալանքը փոխվել է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Սլավիկ Պողոսյանը։
«Նշանակվել է տնային կալանք, գրավ՝ 5 մլն դրամի չափով և բացակայելու արգելք»,- ասաց Պողոսյանը։
Նշենք, որ օգոստոսի 8-ին իր խափանման միջոցի քննարկման ժամանակ Դավիթ Գալստյանը դիմեց դատարանին՝ խնդրելով, որ իր նկատմամբ խափանման միջոցը որոշելիս դատավորը հաշվի առնի, որ ինքը պետք է կարողանա աշխատել՝ ընտանիքի կարիքները հոգալու համար, ուստի տնային կալանքն իր համար անընդունելի է։
«Ինչ վերաբերում է պայթուցիկներին և այլն, ես համոզված եմ, որ մեղադրող կողմը երեխայի ծննդի ու Ամանորի հրավառություն է անում, իսկ մեր տանը 2020 թվականից մինչև հիմա անգամ տոնածառ չենք զարդարում, քանի որ երեխաներիս քեռին անհետ կորած է։ Իմ վերջին գնած պայթուցիկը կրակայրիչն է։ Եթե դա համարվում է ահաբեկչություն կազմակերպելու իր, ապա մտածում եմ՝ մենք տեղերով պիտի փոխվենք մեղադրողի հետ»,- ասաց պատգամավորը։
Դավիթ Գալստյանը նաև հայտարարել էր, որ որպես Արցախի պատգամավոր, արցախցիների սոցիալական կարիքների մասին բարձրաձայնելու համար մասնակցել է տարբեր հավաքների, ունեցել է տարբեր հանդիպումներ, բայց ահաբեկչություն իրականացնելու կամ իշխանություն զավթելու մտադրություն երբևէ չի ունեցել։
Դատարանի որոշմամբ, սակայն, Գալստյանի խափանման միջոցը երկարաձգվել էր 3 ամսով։