
Նախատեսված է եղել սրել իրավիճակը․ ոստիկաններն էլ, հավանաբար, դրա համար են եղել․ Տեր Արամը Հովհանավանքն իրենո՞վ է արել

Հովհանավանքում նախօրեին միջադեպ է եղել․ ըստ մեզ հասած տեղեկությունների՝ եկեղեցում ժամանակավոր ծառայության եկած Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի մուտքը ոստիկանական զորքերով է եղել, ասում են՝ Մայր Աթոռի դեմ ըմբոստացած Տեր Արամի նախաձեռնությամբ։
Ի դեպ, Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը պարբերաբար փոխարինել է Տեր Արամի հետ նույն եկեղեցում ծառայող քահանա Տեր Սարգսին, երբ նա ունեցել է առողջական խնդիրներ, ու այս անգամ ևս բացառություն չի եղել։
Սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Տեր Արամը և մի քանի համագյուղացիներ նախօրեին սկսել են ինչ-ինչ զրույց-քննարկում Տեր Մանուկի հետ, հավանաբար մտածելով, թե Տեր Մանուկն էլ կհակադարձի, և խոսքը կընթանա այլ հունով, ու այդ պահին ներս կմտնի ոստիկանությունը։ Բայց Տեր Մանուկը եղբայրաբար է զրուցել, գյուղացիները փոխել են իրենց լարված տոնը, իսկ այլ զարգացումների համար կանչված ոստիկանական ուժերն արդեն տեղում են եղել։
Տեր Մանուկը փաստացի այսօր չի գնացել Հովհանավանք՝ խուսափելով առանց այն էլ լարված վիճակից, բայց ստացվում է՝ Տեր Արամը սեփականաշնորհել է Աստծո տունը, և ինքն է որոշում, թե ով պետք է ծառայի այնտեղ։
Տեր Մանուկն, ի դեպ, Արագածոտի մարզում սիրված ու հարգված է․ նա Արագածոտնի թեմի Աշտարակի Կարմրավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու և ևս 8 գյուղերի հոգևոր հովիվն է։ Նա նաև 44-օրյա պատերազմի մասնակից է:
168.am-ը այսօր փորձեց կապ հաստատել Տեր Արամի հետ․ «Օրհնեցեք, տեր հայր» ողջույնին արձագանքելուց հետո՝ իմանալով, որ լրագրող է զանգահարողը, Տեր Արամն անջատեց հեռախոսը և այլևս զանգերին չպատասխանեց։
Տեր Մանուկը չցանկացավ ասել ավելին, քան արդեն տարածվել է մամուլում, միայն նշեց՝ ինքը փորձում է իր հոգևոր եղբորից՝ Տեր Արամից, ձեռքերը չլվանալ՝ հույսով, որ մի օր ամեն բան կդառնա ի շրջանս յուր։