«Որևէ մեկը թող չկասկածի՝ ՔՊ-ն ընտրություններում 120 տոկոսով օգտագործելու է վարչական ռեսուրս, արդար ընտրությունների դեպքում մեծամասնություն չեն լինելու». Քաղտեխնոլոգ

Չնայած Հայաստանում խորհրդարանական ընտրություններին դեռ մի քանի ամիս կա, սակայն «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արդեն երկու ամիս է՝ սկսել է նախընտրական քարոզարշավը։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական քարոզարշավի մեկնարկը տվել է օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում, Ադրբեջանի հետ Թրամփի միջնորդությամբ նախաստորագրելով «խաղաղության» թուղթը՝ դրանով հանրությանը ցույց տալով, թե ջանքեր է գործադրում երկրին խաղաղություն բերելու համար, հետևաբար՝ «երկրին խաղաղություն, ուժ բերողին պետք է տան ձայներ»։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի հայտարարություններին, թե կրկին վերընտրվելու են՝ ստանալով հանրության ձայների «50+1» տոկոսը, Արմեն Բադալյանը նկատեց՝ սա քաղաքական տեխնոլոգիա է, ընտրություններին մասնակցող բոլոր ուժերն էլ մշտապես հայտարարում են, որ հաղթելու են, նույնիսկ մարդ-կուսակցությունները։

«Մինչև ընտրություններ պետք է պարզել՝ Նիկոլ Փաշինյանը մնալո՞ւ է վարչապետի աթոռին, թե՞ չի մնալու։ Եթե Փաշինյանը չի մնալու ու այլ ՔՊ-ական է անցկացնելու ընտրական ամբողջ գործընթացը, դա բոլորովին այլ հարց է, ու բոլորովին այլ արդյունք են ունենալու, Նիկոլ Փաշինյանի կողմից պրոցեսի անցկացնելը՝ բոլորովին այլ է։

Կարդացեք նաև

Այս պահին չգիտենք, թե Նիկոլ Փաշինյանը գալիք ընտրություններում ինչ աջակցություն է ստանալու, մասնավորապես՝ ռուսական կողմից, եվրոպական կողմը, գիտեք, որ մեծապես աջակցելու է ՀՀ օրվա իշխանությանը՝ կոնկրետ Նիկոլ Փաշինյանին։

Վստահ եմ՝ եթե ազնիվ ընտրություններ անցկացվեն, ՔՊ-ն խորհրդարան կանցնի, բայց մեծամասնություն չի լինելու, բայց մենք վստահ չենք, որ անցկացվելու են ազնիվ ու արդար ընտրություններ»,- 168.am հետ զրույցում նշեց Արմեն Բադալյանը։

Ըստ նրա, գուցե Հայաստանում լինի մոլդովական տարբերակը, ինչը բազմաթիվ ենթակետեր ունի, որոնցից մեկն այն է, որ դրսից մեծ քանակությամբ ձայներ բերեցին հօգուտ իշխող քաղաքական ուժի, ինչը ՀՀ Սահմանդրությունը թույլ չի տալիս, այսինքն՝ ՀՀ սահմաններից դուրս բնակվող հայերը չեն կարող մասնակցել ընտրություններին։ Բայց կան այլ կետեր, որոնք Հայաստանում կարող են կիրառվել, այդ դեպքում ՔՊ-ն կվերարտադրվի՝ ունենալով ԵՄ-ի աջակցությունը։

Քաղտեխնոլոգը հիշեցրեց՝ այսօր Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 13-15 տոկոս է, բայց եթե ընտրություններում ՔՊ-ն սկսեց կիրառել վարչական ռեսուրսը, այդ ցածր վարկանիշով հանդերձ՝ նա կվերարտադրվի։

«Կարող են այնպես անել, որ նրա վարկանիշը դառնա 50 տոկոս, կամ էլ՝ արևմտյան մի ուժի հետ ՔՊ-ն կոալիցիա կազմի, ինչպես արեցին Երևանի ավագանու ընտրություններում, կամ էլ, օրինակ, ձևական ինչ-որ դաշինք է ստեղծում զուտ նրա համար, որ իշխանությունը պահպանի։

Այդուհանդերձ, որևէ մեկը թող չկասկածի, որ ՔՊ-ն ընտրություններում 120 տոկոսով օգտագործելու է վարչական ռեսուրս»,- շեշտեց Ա. Բադալյանը։

Նա նաև հավելեց՝ այսօր ՔՊ-ում որևէ մեկը չունի այն մոտիվացիան, որն ունի Նիկոլ Փաշինյանը՝ իր սեփական իշխանությունը պահպանելու համար։ Հետևաբար՝ նա շահագրգռված կլինի, որպեսզի իր ղեկավարությամբ անցկացվեն ընտրական պրոցեսները։

«Եթե Փաշինյանի փոխարեն լինի այլ ՔՊ-ական, գուցե չկարողանա կիրառել կամ չկարողանա ստիպել կիրառելու վարչական ռեսուրս, որը կարող է հանգիստ անել Նիկոլ Փաշինյանը։ Այնպես որ, նրա անձնական գործոնի պահը շատ կարևոր է»,- ընդգծեց Արմեն Բադալյանը։

Տեսանյութեր

Լրահոս