Հայ քննիչը կարողանալո՞ւ է ձերբակալել ադրբեջանցի վարորդին. ԻՀԱ՛ՐԿԵ ՈՉ.   բուկլետը տվեցին, ասացին՝ քեզ նվեր, մարդկանց խաբի՛ր ու ընտրվի՛ր. Րաֆֆի Ասլանյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը փաստաբան, Երևան քաղաքի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Այս պահի դրությամբ ութ ամսական հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի վրաերթի վերաբերյալ հարուցված քրեական գործով կալանավորված անձ չկա։ Տուժող կողմը ողջամիտ կասկած ունի, որ պետական ամենաբարձր մակարդակով այս գործում կա միջամտություն․ կարող ենք ասել՝ դա Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումն է։
  • Որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին չի ասել՝ արի՛, վարորդի փոխարեն պատասխանատվությո՛ւն կրիր։ Մենք ընդամենն ասել ենք՝ բարոյական պատասխանատվությո՛ւն կրիր ու ձեռնպահ մնա միջամտությունից։ Երկուսն էլ չի արել։ Անցել է 4 տարի, ու այս գործով պատժված անձ չկա։ Ամեն ինչ անում են Նիկոլ Փաշինյանի վարորդին ջրից չոր դուրս բերելու համար։ Անգամ նրա այդ վարորդի պաշտոնավարումը չեն կասեցրել։ Մեկ տարի էլ անցնի, այս գործով վաղեմության ժամկետները կանցնեն, ու որևէ մեկն այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվի։
  • Երբ Ֆեյսբուքով ուղիղ հրահանգ տվեց նախ՝ ձերբակալել, ապա՝ կալանավորել Սամվել Կարապետյանին, հասկանալի դարձավ, որ Սոնա Մնացականյանի գործով էլ է եղել նրա ուղղակի ցուցումը, միայն թե՝ արդեն ոչ Ֆեյսբուքում…

Կարդացեք նաև

Հիշեցնենք, ամիսներ առաջ՝ հունիսին, Րաֆֆի Ասլանյանը գրել էր. 

«Բարերար Սամվել Կարապետյանի շուրջ Նիկոլ Փաշինյանի ուղիղ և անթաքույց պատվերով ծավալվող քաղաքական իրադարձությունները ինձ հիմք ու իրավունք  են տալիս վերջինիս հրապարակայնորեն մի հարց ուղղել.  Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ո՞ւր են անհետացել քեզ ուղեկցող ավտոշարասյան մեքենաների մեջ դեպքի պահին եղած ռադիոկապի ձայնագրությունները, ինչո՞ւ ես թաքցրել դրանք, ի՞նչ մեղսակցություն ունես այդ վրաերթին…։ 

  • Այո՛, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով անհետացել են Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան մեքենաների մեջ դեպքի պահին եղած ռադիոկապի ձայնագրությունները, ջնջվել են, ուղղակիորեն ոչնչացվել են ապացույցները։ Այսօր մենք չգիտենք՝ ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ են խոսել մեքենայի մեջ։ Այնինչ դրանց պահպանումն օրենքի պահանջ է:
  • Նիկոլ Փաշինյանը պիտի շարասյունը կանգնեցներ, իջներ, փորձեր որևէ կերպ օգնություն ցուցաբերել․ չարվե՛ց։ Դրանից հետո գոնե դատական գործընթացներին չմիջամտեր։ Միքայել սրբազանի գործով ճնշեցին, ստիպեցին մի քանի օրը մեկ դատական նիստ նշանակել, ինչը չարվեց Սոնա Մնացականյանի վրաերթի գործի դեպքում… Հրահանգը պարզ էր: 

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին կայացած ասուլիսում Փաշինյանը ցինիկաբար հայտարարել էր. 

«Դա իմ ավտոշարասյունը չէ, դա Հայաստանի վարչապետի «ավտոբուսն է», Հայաստանի վարչապետի անվտանգությունն ապահովող ինստիտուտն է։ Դա էլ իմ հանրային տրանսպորտն է, որ ինձ հատկացված է։ Կան պրոտոկոլներ այդ շարժումն ապահովելու համար, ի՞նչ կապ ունի դա ինձ հետ, ընդհանրապես։ Ես հլը մեքենաներից մեկին ղեկին եղած լինեի.. հասկանամ՝ ինչ կապ ունեմ դրա հետ։ Ես նստած եմ ինձ սպասարկող մեքենայի մեջ, ու երեք մեքենա այն կողմ տեղի է ունենում շատ ցավալի դեպք։ Ասենք, դուք մետրոյի վերջին վագոնում նստած եք, առաջին վագոնը գնում, մարդ է վրաերթի ենթարկում, ի՞նչ կապ ունեք այդ դեպքի հետ»։

  • Միքայել սրբազանի դատապարտումը ո՛չ իրավունքի հետ կապ ունի, ո՛չ բարոյականության։ Նրա արտահայտած մտքերում չկա հանցակազմ, չկա իշխանությունը զավթելու կոչ։ Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով՝ լինելով 65 տարեկան մարդ, հոգևորական։

  • Ես մտածում էի՝ Միքայել սրբազանի խոսքը որքան էլ սուր է, բայց իրենց չի անհանգստացնի։ Բայց երևի իշխանությունը հասկացավ, որ Միքայել սրբազանի խոսքը հասարակության մեջ գեներացնող ազդեցություն ունի, ու որոշեցին կալանավորել։ 
  • Վստահ եմ՝ հատկապես 2026թ.-ի ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը կալանավորելու է ոչ միայն քաղաքական գործիչներին, այլև բոլոր այն ընդդիմախոսներին, ովքեր մեծ լսարան ունեն։
  • Սամվել Կարապետյանի գործը մեկ տեսագրությունից բաղկացած գործ է։ Նրա խոսքը հանրային վտանգավոր որևէ հատկանիշ չի պարունակում։ Գործ ունենք քաղաքական հակառակորդի կալանավորման հետ։ Բացառում եմ, որ Նիկոլ Փաշինյանը տեղեկացված չլիներ, որ Սամվել Կարապետյանը պատրաստվում է մտնել քաղաքականություն։ Պարզ երևում է, որ Նիկոլ Փաշինյանն ատելություն ունի Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Հայաստանի պատմության մեջ ես չեմ տեսել որևէ մեկի, ով այդչափ ատում է այլախոհությունը։ Սամվել Կարապետյանի գործում իրավաբանություն չկա։ Եթե որևէ իրավաբան ներքուստ կմտածի, որ այստեղ հանցակազմ կա, պետք է պատռի իր դիպլոմը։
  • Մեր դատական համակարգն ու իրավապահ համակարգն ընդհանուր առմամբ գտնվում են մեր պատմության մեջ ամենակախյալ վիճակում։ Երբևէ մեր իրավապահ համակարգն այսքան կույր կատարող չի եղել։ Եթե նախկինում երկրի ղեկավարներն իրենց թույլ չեն տվել միջամտել կամ որոշակի չափով են միջամտել, Նիկոլ Փաշինյանն այն դարձրել է իր իշխանության վերարտադրման կույր գործիք։
  • Համակարգում դիմադրություն չկա։ Աշխատելով՝ հնարավոր չէ դիմադրել։ Պետք է ազատվեն աշխատանքից։ Տեսե՛ք՝ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը փորձեց դիմադրել, չձերբակալել Սամվել Կարապետյանին․ հաջորդ օրն իսկ ազատվեց աշխատանքից։

  • Մենք ունեցանք դատավորներ, ովքեր 2020թ․ պատերազմից հետո իրենց բացառիկ հայրենասիրությամբ գերազանցեցին անգամ ԶՈՒ ղեկավարությանը։ Պատմությունն այդ մարդկանց գնահատականը կտա, բայց այդ անձինք խանգարում են Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության պահպանման համար քաղաքական կալանավորումներին։
  • Կան բացառիկ դատավորներ՝ Դավիթ Հարությունյան, Դավիթ Բալայան, Վազգեն Ռշտունի, Արման Հովհաննիսյան, իրավունքի առաջատարներ են։ Նրանց հետ ոչինչ չեն կարողանում անել, բայց կար դատավորների մի սերունդ, որոնք կարող էին դառնալ լավ դատավորներ, սակայն նրանց էս գլխից ճնշեցին՝ թույլ չտալով դառնալ իսկապես անկախ դատավոր։
  • Իրավապահ համակարգը հատկապես օպերատիվ համակարգում կաղում է։ Դա իրավապահ համակարգի քաղաքականացվածության արդյունքն է։ Չի կարող իրավապահ համակարգը կենտրոնանալ քաղաքական գործերի վրա ու օպերատիվ իրավիճակը պահել հսկողության տակ։ Դրա վառ ապացույցը Փարաքարի դեպքն է։
  • Նիկոլ Փաշինյանը որերորդ անգամ աղմկահարույց հանցագործություններից հետո տալիս է վարկած ու ուղղորդում քննությանը։ Այդպես էր Ազատ գյուղի զինվորական կացարանի՝ 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի պարագայում, այդպես էր «Սուրմալուի» պայթյունի դեպքում, այդպես էր Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության դեպքում… 

Վարչապետը քննությանը միջամտելու որևէ օրենսդրական իրավունք չունի։ Ինքը չի՛ կարող նախաքննական ու օպերատիվ գաղտնիքներ իմանալ։ Նա այդ մարմինների դատավարական վերադասը չէ ու չի կարող ամեն անգամ ուղղորդել գործողությունները։ 

  • Նիկոլ Փաշինյանը՝ որպես երկրի ղեկավար, ունի մեկ նպատակ՝ պահել իշխանությունը։ Իսկ դրա համար նրան պետք է կառավարել հասարակական կարծիքը։ 
  • Ընդդիմությունը պետք է աշխատի հասարակության հետ։
  • Ապօրինի կալանավորումները, հետապնդումներն ուղղված են երկրում վախի մթնոլորտ ձևավորելուն։ Դատավոր Բորիս Բախշիյանին իրենք կալանավորեցին, մյուս դատավորների աչքը վախեցրեցին, հետո մարդն իրենց իսկ կողմից արդարացվեց։ Ո՞վ ենթարկվեց քրեական կամ գոնե կարգապահական պատասխանատվության։ Իհա՛րկե ոչ ո՛ք: Նպատակն ակնհայտ էր: 
  • Այսօր իրապահ համակարգում, հատկապես՝ օպերատիվ մարմիններում պրոֆեսիոնալիզմ չկա։ Բացի դրանից, նրանց բոլորի գլխավոր գործը Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանությունն է դարձել։ Դրա հետևանքով աճել է հանցավորության մակարդակը։ Մի քաղաքական գործով կարող են 20-25 քննիչից բաղկացած քննչական խումբ ձևավորել, սակայն, երբ հափշտակում են քաղաքացու գույքը, չեն աշխատում, դրանով չեն զբաղվում…
  • Մեր ամբողջ կենցաղը քրեականացված է։ Մեր հասարակությունն առավոտից գիշեր քրեական գործերի մասին է խոսում։ Դատական համակարգը գերծանրաբեռնված է։ Դատախազությունը բոլոր քրեական գործերը դատարան է ուղարկում, իրենց վրա պատասխանատվություն չեն վերցնում։ Ոչինչ չեն անում, քրեական գործերը նետում են դատավորի վրա, դե, դատավոր, արդարադատություն իրականացրու։ Դրա արդյունքում տուժում են բոլորը։ Դեպքեր ունենք, որ մահվան ելքով վթարներով վաղեմության ժամկետ է անցել, ու վարորդը քրեական պատասխանատվության չի ենթարկվել։

  • Հայաստանի որևէ ղեկավար անվտանգության այսպիսի խիստ միջոցառումներ չի պահանջել իր համար, որովհետև Հայաստանի որևէ ղեկավար Հայաստանին այսքան վնաս չի տվել, որ վախենա իր անվտանգության համար։ Այսքան տեխնիկական միջոցներ, ավտոմեքենաներ չեն ներգրավվել։ Նիկոլ Փաշինյանի ամեն այցելության ներգրավված են տարբեր ստորաբաժանումների հարյուրավոր օպերլիազորներ, ովքեր այդ պահին ուրիշ տեղ պետք է լինեին
  • Ընդդիմադիր խոսք ասող ցանկացած ոք գաղտնալսվում է, մինչդեռ պետք է գաղտնալսվեին բոլորովին այլ մարդիկ, օրինակ՝ Փարաքարի գործով գործող անձինք, դեպքի մասնակիցները։ Եթե փետրվարի դեպքից հետո պահվեին դիտարկման տակ, այս երկրորդ դեպքը չէր լինի։
  • Ես աշխատավարձի բարձրացմանը դեմ չեմ, բայց օրինակ՝ դատախազությունում ինչքան աշխատավարձ են բարձրացնում, այնքան կադրային արտահոսք կա։ Մարդիկ հանգիստ չեն տանում էս վիճակը։ Եթե մարդիկ չեն խոսում, դա դեռ չի նշանակում, որ ցավ չեն ապրում երկրի էս վիճակի համար։
  • Սեփականության իրավունքի և՛ ներպետական, և՛ միջազգային երաշխիքներ կան։ Այն, ինչ տեղի ունեցավ ՀԷՑ-ի հետ, այդ իրավունքի ոտնահարում էր։ Սա չե՛ն մարսելու, բայց իրենց իշխանությունից հետո։ Ինքը բոլորի հետ հարմարվում է՝ հանուն իր աթոռի, և քանի դեռ իր թվացյալ հակառուսականությունը վաճառում է Արևմուտքին, իրենք լուռ են լինելու, իսկ իրավունքի պահպանության վերպետական ատյաններն արևմտյան են։ Գալու է պատասխան տալու օրը։ ՀԷՑ-ի դեմ կատարվածը պետության դեմ կատարված հանցանքներից ընդամենը մեկն է։ Իրենք ո՛չ հակառուս են, ո՛չ ռուսամետ․ իրենք հակահայ են։
  • Ինձ համար իրենք բոլորը նույնն են՝ լինի Նիկոլ Փաշինյան, թե թիմից մեկ այլ մարդ։ Ես այն կարծիքին եմ, որ Նիկոլ Փաշինյանին փոխողը մենք ենք լինելու։ Այստեղ ո՛չ սոցիոլոգիան է դեր խաղալու, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արևմուտքը։ Յուրաքանչյուր մարդ, ով պետք է մտնի քվեախցիկ, պետք է ինքն իրեն հարց տա՝ ես բարոյակա՞ն եմ, ու իմ կարծիքը համընկնո՞ւմ է Ալիևի կարծիքի հետ։ Այդ հարցի պատասխանից հետո նոր թող քվեարկի։ Ես հույս ունեմ, որ մեր հասարակությունն իր ընտրությունը կկատարի հօգուտ նրան, ով այս իշխանությանը իսպառ կհեռացնի մեր երկրի քաղաքական երկնակամարից ու բոլորիս կյանքից։
  • Վաշինգտոնի փաստաթուղթն առոչինչ փաստաթուղթ է, իրավական փաստաթուղթ չէ։ Սա նախընտրական բուկլետի նման մի բան է՝ տրված Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից՝ գնա, քեզ նվեր, հասարակությանը խաբի՛ր ու ընտրվի՛ր։ Հասարակությունը պետք է սա հասկանա։ Ադրբեջանը լուռ էր մինչև 2021թ․ ընտրություններ, բայց հենց Փաշինյանի իշխանությունը վերարտադրվեց, սկսեց նվաճողական քաղաքականությունը՝ ընդհուպ Արցախի էթնիկ զտում… Հիմա նույն վիճակն է։ Տիգրանաշենը, մյուս բոլոր պահանջները դեռ առաջ չեն քաշում, մինչև Փաշինյանը նորից կընտրվի, ու կսկսեն 

Հիշեցնենք, 2020թ. Իլհամ Ալիևը գաղտնազերծել էր Դուշանբեում իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած կարճատև երկխոսության բովանդակությունը՝ հայտարարելով, թե այն ժամանակ Փաշինյանն իրենից ժամանակ է խնդրել Հայաստանում իր իշխանությունն ամրապնդելու համար, որից հետո խոստացել է Ղարաբաղի հարցում ադրբեջանցիների համար ընդունելի լուծման գնալ։

  • Լավ, եթե ինքը Միջանցք չի տալիս, ի՞նչ է մեջը դրել «անխոչընդոտ կապ» բառակապակցությունը։ Եթե այդ ճանապարհի վրա մահվան ելքով վթար տեղի ունեցավ, ո՞ր քննիչն է կալանավորելու վարորդին։ Ադրբեջանցի վարորդին հայ քննիչը կարողանալո՞ւ է կալանավորել, իհա՛րկե ոչ։ Բա ի՞նչ ինքնիշխանության մասին է խոսքը։ Ասում եք՝ մեր իրավազորության տակ է գտնվելու․ հանցագործության սպասարկումն ո՞վ է իրականացնելու։ եթե դու քո պետության բոլոր ատրիբուտները չես կարողանալու իրականացնել այդ ճանապարհի վրա, ուրեմն դա Միջանցք է, ինչ անուն ուզում ես՝ տուր։ Փաստաթղթերը ստորագրելուց առաջ դրանք պետք է կարդալ։ 
  • Արման Թաթոյանի հետ նույն կուրսում ենք սովորել, նա շատ պրոֆեսիոնալ և հայրենասեր գործիչ է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս